ՄԵՆՔ ՎԱՏ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ... Հ. Ա. Ամառային կարճատեւ հանգստի ժամանակահատվածում, հաշվի առնելով, որ այդ հանգիստը Հայաստանից դուրս անցկացնելու համար ես դժվարություններ ունեմ, իսկ Հայաստանում հանգստանալու համար` առավել եւս, որոշեցի միաժամանակ երկու բան անել: Առաջինը` ուշադիր հետեւել, թե ուր են գնում հանգստանալու ընկերներս, ովքեր հիմնականում նույն, գրեթե նույն սոցիալական խավն են ներկայացնում, ինչպես ես, եւ երկրորդը` հետեւել իմ շատ սիրելի Վլադիմիր Պոզների խորհուրդներից մեկին եւ անպայման դիտել` ամերիկյան «Երրորդ մարդը» ֆիլմը: Ով չի տեսել այս ֆիլմը ասեմ (բացի խորհրդից, որ դիտեք այն անպայման), որ ֆիլմը թողարկվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո եւ երկար ժամանակ արգելված է եղել Սովետական Միությունում: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հետպատերազմյան, դաշնակիցների կողմից շրջափակված Վիեննայում, որտեղ համատարած թալան է, կոռուպցիա, հանցագործություններ եւ իր տարերքի մեջ է այսպես կոչված «սեւ շուկան» (նույնիսկ Վիեննայում այդպես եղել է): Գլխավոր հերոսներից մեկը` ամերիկացի Հարրին (նրան մարմնավորել է Օրսոն Ուելսը) գալիս է Վիեննա եւ տեղի մանկական հիվանդանոցներին մատակարարում «կասկածելի բաղադրությամբ եւ ժամկետով» պենիցիլին: Ընդ որում ինքըՙ Հարրին խոստովանում է դրվագներից մեկում, որ «բերում է այն երեխաների բախտը, ովքեր իր մատակարարած դեղամիջոցն ընդունելուց հետո անմիջապես են մահանում»: Շուտով Ամերիկայից Ավստրիա է գալիս Հարրիի մանկության ընկերը` Հոլլին (նրան մարմնավորել է Ջոզեֆ Կոտոնը): Նա Վիեննա է գալիս Հարրիին գտնելու համար եւ գտնում է: Հարրին փորձում է համոզել ընկերոջը, որպեսզի վերջինս միանա իրեն` եւ պենիցիլինը մանկական հիվանդանոցներին միասին մատակարարեն, սակայն Հոլին, ելնելով իր բարոյականությունից, ոչ մի կերպ չի համաձայնում... Ի վերջո երկու ընկերների վերջին երկխոսությունը տեղի է ունենում «Սատանայի անիվ» կոչվող կարուսելի մոտ եւ հենց այդ ընթացքում Հարրին իր ընկերոջն ասում է բառեր, որոնք ես էլ երբեք չեմ մոռանա.«Իտալիայում Բորջիա ընտանիքի ղեկավարման տարիներին պատերազմներ էին, արյունահեղություն, հանցագործություններ, բայց նրանք ունեցան Վերածնունդ, Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի... Շվեյցարացիները, սակայն, ունեն 500 տարվա կայունություն եւ ժողովրդավարություն, եւ ի՞նչ են նրանք ստեղծել, կկուով ժամացո՞ւյց. ցտեսություն Հոլլի»: Իհարկե այս արտահայտությունը ներելի է դարձնում ֆիլմի հեղինակների պատմական սխալը, այն մասով, որ ոչ Միքելանջելով, ոչ դա Վինչին չեն ստեղծագործել Բորջիա ընտանիքի ղեկավարման տարիներին: Երեւի այս անճշտությունն այնքան էլ կարեւոր չէ. այնքան լավն է ու կարեւոր արտահայտությունը: Ֆիլմից հետո ես սկսեցի մտածելՙ իսկ մի՞թե ճիշտ չէ Հարրին, մի՞թե կայունությունը, անհոգությունը, հանգստությունը չի սպանում մարդկային հոգին (եթե, իհարկե հոգին սպանում են, այլ ոչ թե պատում յուղի հաստ շերտով): Օրինակ, ըստ բազմաթիվ տեղեկությունների եւ փաստերի, աշխարհում ամենաշատը ինքնասպանություն են գործում ոչ թե ենթադրենք անկայուն, աղքատ եւ տաքարյուն Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, անգամ աֆրիկյան` ծայրը ծայրին հասցնող (երբեմն էլ չհասցնող երկրներում), այլ` բարեկեցիկ, կայուն, ժողովրդավարական, հանգիստ Շվեդիայում, Նորվեգիայում,...: Նույն շվեյցարացիները իհարկե ստեղծել են աշխարհում թերեւս լավագույն բանկային համակարգը, աշխարհի ամենահամեղ շոկոլադը եւ իհարկե ժամացույցներ (այդ թվումՙ կկուով), բայց արվեստի առումով իրավիճակը խղճուկ է: Բոլորովին վերջերս կարդացի ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում երկար տարիներ թարգմանիչ աշխատած մեկի հարցազրույցը, ով օրեր առաջ էր վերադարձել Ժնեւից, որտեղ երկար տարիներ (պաշտոնաթողությունից հետո) չէր եղել: Նրա մտքերից մեկն ինձ ամենաշատը հետաքրքրական թվաց. նա ասել է. «Գիտե՞ք, Ժնեւը աշխարհի միակ քաղաքն է, որտեղ ամեն բան մնում է այնպես, ինչպես էր տասը, քսան, քառասուն տարի առաջ. դա այնքան հրաշալի է»: Հրաշալի է՞... Մի՞թե աշխարհի ցանկացած երկրում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, իհարկե Ռուսաստանում մարդկային միտքն ու երեւակայությունը իրենց հանճարեղ դրսեւորումներին չեն հասել հենց անհանգիստ, պատերազմական, հեղափոխական, շրջափակման պայմաններուն: Արդյոք մենք ճիշտ չե՞նք լինի, եթե պնդենք, որ երբ այս երկրներում վրա է հասել համեմատաբար կայուն եւ բարեկեցիկ ժամանակ, չի ստեղծվել ըստ էության ոչ մի արժեքավոր բան, գրեթե ոչ մի բան, ինչը կարելի է համարել արվեստի բարձրակետ: Առհասարակ ինչի՞ն է ձգտում մարդը` մի՞թե ոչ երջանկության, եւ արդյո՞ք մարդու համար երջանկությունը արարելը չէ, մանավանդ որ համատարած բարեկեցություն չի լինում, ինչպես նաեւ հավերժ հարստություն եւ սեր (վերջինս փոքր ինչ այլ թեմա է, սակայն): Ուրեմն էլ ի՞նչը կարող է մարդուն տալ կատարյալ երջանկություն, եթե ոչ արվեստի արարարումը: Եթե շատ հեռու գնանք եւ հասնենք, ենթադրենք, դրախտ, ապա երբեւէ պատկերացրե՞լ եք, թե այն ինչ տեսք ունի: Ասենք ձեր մեկ օրը` դրախտում: Գիշատիչները ընտանիների հետ հանգիստ խոտ են ուտում, քանի որ էլ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, վախ չկա, անհանգստություն չկա, տագնապ չկա եւ այդ ամենը գետի քչքչյունի, արեւի` միշտ պայծառ շողերի եւ հրեշտակների հանգիստ եւ անդուլ երգեցողության տակ: Ձանձրալի չէ՞, կդիմանա՞ք: Այլ հարց է դժոխքը. գոյության կռիվ, պայքար, վախ, եւ այդ ամենին դիմակայելու համար մարդկային մտքի եւ երեւակայության տքնաջան աշխատանք, բառիս բուն իմաստով` արվեստ: Ուրեմն, գուցե ճի՞շտ են ասում` որքան վատ, այնքան լավ: Բայց Հայաստանում այսօր արվեստի բարձրակետեր չեն ստեղծվում, հետեւաբար մենք վատ չենք ապրում, համենայն դեպս այնքան վատ, որ դրանք ստեղծվեն: Գոնե իմ ընկերները այս ամառային հանգստի ժամանակ իրենց թույլ տվեցին լինել Հունաստանում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, ավելի բարեկեցիկները` Իտալիայում եւ Իսպանիայում, իսկ ամենաբարեկեցիկները` Դիլիջանում եւ Ծաղկաձորում: |