ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՊԸ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԻՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ Պատրաստեց Պ. Ք. Ռասիստական խոսքեր NBC ալիքով Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամպը, որը սեփական միջոցներով մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական արշավին, պատրաստ է անհրաժեշտության դեպքում 1 մլրդ դոլար ներդնել այդ գործում: Նա ինքը այդ մասին հայտարարել է GBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այովա նահանգում կազմակերպված մամլո ասուլիսում Թրամպը լրագրողների հարցերից մեկին պատասխանելիս ընդգծել է, որ նախընտրական արշավի բյուջեն իր համար «կարեւորություն չունի», քանի որ ինքը վաստակում է տարեկան 400 մլն դոլար: Գործարարը հավաստիացրել է, որ իր միակ նպատակն է «Ամերիկային վերադարձնել երբեմնի մեծությունը»: Նա ավելացրել է, որ հնարավոր չի լինի դա անել առանց երկիրը հարուստ դարձնելու: Ավելի վաղՙ օգոստոսի 13-ին հայտնի էր դարձել, որ միլիարդատիրոջ «Trump Organization» ընկերությունը ձեռք է բերել համացանցի հազարավոր տիրույթային անուններ, որոնք անցյալում վատ էին արտահայտվել Թրամպի մասին: Նման կայքերի թվում են DonaldTrumpSucks.com-ը, TrumpCorporationSucks.com-ը, NoMoreTrump.com-ը եւ այլն: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու դառնալու իր մտադրության մասին Դոնալդ Թրամպը հայտարարել էր հունիսի 16-ին: Դրանից հետո նա արել էր մի շարք աղմկահարույց հայտարարություններ, մասնավորապես նախագահական մրցավազքում իր ախոյան Լինդսի Գերմին «ապուշ» էր անվանել եւ հրապարակել էր նրա հեռախոսահամարը: Չնայած դրան, հուլիսի 20-ին «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակած հարցման արդյունքները վկայում են, որ Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուների մեջ Թրամպը առաջատար է. ընտրողների 20 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել նրա օգտին: Իր հերթին «The Huffington Post» թերթը գրում է Թրամպի հետ կապված որոշ սկանդալների մասին: Խոսքը մասնավորապես մեքսիկացի ներգաղթյալների վերաբերյալ NBC հեռուստաալիքով նրա արած հայտարարությունների մասին է: Վերջիններիս ռասիստական բնույթի պատճառով NBC-ի ղեկավարությունը վերջերս հայտարարեց, թե այլեւս չի հեռարձակելու աշխարհի եւ ԱՄՆ-ի գեղեցկության մրցույթները, որոնք սովորաբար իրականացվում էին Թրամպի գործընկերությամբ: NBC-ն դատապարտել է ներգաղթյալների վերաբերյալ հունիսի 16-ին Դոնալդ Թրամպի արած հայտարարությունը: Մեքսիկական Televisa հեռուստաալիքը նույնպես «անընդունելի» է որակել Թրամպի խոսքերը, որոնք «վիրավորում են ամբողջ մեքսիկական ժողովրդին»: Televisa-ն որոշել է դադարեցնել առեւտրային հարաբերությունները Թրամպի հետ: Ի՞նչ էր ասել Թրամպը: Իրեն նախագահության թեկնածու հայտարարելովՙ 69-ամյա հանրապետականը հեռուստաեթերում ասել էր, որ Մեքսիկան ԱՄՆ է ուղարկում «խնդրահարույց տարրերի», որոնք «իրենց հետ բերում են թմրադեղեր, հանցագործություններ, բռնաբարություններ»: Անշարժ կայքի մագնատ Թրամպը խոստացել է պարիսպ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա եւ դրա ծախսը գանձել Մեքսիկայի իշխանություններից: Փորձագետները կարծում են, թե Դոնալդ Թրամպի նախագահ ընտրվելը անհավանական է: Սակայն դա բնավ չի նվազեցնում Թրամպի խանդավառությունը, որը վերջերս հաստատեց ընդհատակյա ներգաղթի վերաբերյալ ավելի վաղ իր արած այն հայտարարությունը, թե հենց դրա պատճառով է, որ «երկիրն ունի լուրջ խնդիրներ»: Դոնալդ Թրամպը ԱՄՆ-ում հարստություն է դիզել անշարժ գույքի, մասնավորապես խաղատների եւ երկնաքերների ոլորտում: Նա ամուսնացած է եղել երեք անգամ, ունի հինգ զավակ եւ իր անունը գրում է իրեն պատկանող բոլոր շենքերի վրա: |