RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2455, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր

Օգոստոսի 15-ին Սպիտակ քաղաքի «Թագուհի» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր լրագրող, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանի ծննդյան 65 եւ աշխատանքային գործունեության 45-ամյակներին նվիրված հանդիսություն, ինչպես նաեւ նրա «Երանելի երկիր... Սպիտակ», «Սպիտակի շրջանի դպրոցների համառոտ պատմությունը», «Դպրության նվիրյալները» եւ «Ընծայագիր» գրքերի շնորհանդեսը:Օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը: Նրա առաջարկով եւ մասնակցությամբ բոլորը հոտնկայս հնչեցրին Տերունական աղոթքը:

«Սուրբ-սուրբ»-ը կատարեց Կարինե Մակարյանը: Ապա հանդիսավար, դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը ձայնը տվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանին, ով կատարեց Ալ. Հեքիմյանի «Բարով եք եկել» երգը:Ողջույնի խոսք ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:«Ֆահրադ Ափուջանյանը մեր երկրի հայրենասեր մշակն է: Նա պարգեւատրվում է սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, քանզի լեզուն մեր ինքնության պահպանման գրավականն է, իսկ Ֆ. Ափուջանյանը մեծ աշխատանք է կատարել հայոց լեզվի պահպանության գործում»,-ասաց փոխնախարարըՙ ջերմ մաղթանքներ հղելով հոբելյարին:

Իրենց պապիկի համար հետաքրքրական անակնկալ էին պատրաստել Ֆ. Ափուջանյանի թոռները, ովքեր չափածո բարեմաղթանքներ հղեցին հոբելյարին:Իր եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից Ֆ. Ափուջանյանին ողջունեց մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանըՙ նշելով, որ իր վաղեմի գրչակից ընկերոջ վաստակը արժանի է բարձր գնահատանքի: Ս. Խալաթյանը հոբելյարին հանձնեց Լոռու մարզպետի շնորհավորագիրը:

Ի. Անտոնյանը հոբելյարին հանձնեց նաեւ «Մաշտոց» հասարակական կրթամշակութային, հայագիտական հանդեսի պատվոգիրը: Ֆ. Ափուջանյանը պատվոգիր ստացավ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նրան հանձնեց կենտրոնի աշխատակից, բանաստեղծ, դրամատուրգ եւ մանկագիր Գագիկ Խաչատրյանը: Վերջինս դրվատանքի խոսքեր ասաց հոբելյարինՙ հատկապես շեշտելով նրա հրատարակած բարձրարժեք գրքերի մեծ դերը եւ լրագրողական-խմբագրական բեղուն աշխատանքը: Գ. Խաչատրյանը հոբելյարին նվիրեց վերջերս հրատարակված բարձրարժեք գրքեր:

Ֆ. Ափուջանյանին ջերմ բարեմաղթանքներ հղեց նախկին ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը: «Դուք պահել եք Սպիտակ քաղաքի եւ տարածաշրջանի պատմական հիշողությունըՙ հավերժացնելով այն ստվարածավալ գրքերով: Միաժամանակ Ձեր հրատարակած թերթով սերունդներին եք թողնում հայրենի բնօրրանի տարեգրությունը»,- ասաց նաՙ հոբելյարին մաղթելով երկարակեցություն եւ երջանկություն:

Շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին նաեւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, արձակագիր, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը եւ Ֆ. Ափուջանյանի վաղեմի ընկեր Ռազմիկ Դարբինյանը:

«Նա կարող էր ապրել մայրաքաղաքում, կարող էր մեկնել նաեւ արտասահման, սակայն նախընտրեց մնալ հայրենի Սպիտակում, որի զարգացմանն ու բարգավաճմանը նվիրեց իր ողջ կյանքը: Նա այն մտավորականներից է, ում խոսքը միշտ վստահություն եւ հավատ է ներշնչում բոլորին»,- ասաց նաՙ գրքեր եւ գրիչ նվիրելով հոբելյարին:

Իր գրչեղբորը ողջունեց նաեւ Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների Լոռու մարզային բաժանմունքների նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանըՙ խոսելով խմբագրական աշխատանքի դժվարությունների մասին, որոնք կարողացել է հաղթահարել հոբելյարըՙ պատվով դուրս գալով բոլոր բարդ իրավիճակներից:

- Իրոք ծանր եւ խիստ պատասխանատու գործ է թերթ խմբագրելը, լրատվամիջոց ղեկավարելը: Որքան էլ հարաբերական դադարները տեւական լինեն, որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չպետք է մոռանա ռուսական հեղինակավոր թերթերից մեկի խմբագրի եւ նախարարի երկխոսությունը, երբ փաթաթած թերթը ձեռքինՙ վերջինս հարցնում է խմբագրին, թե ի՞նչ կարելի է անել թերթով: Խմբագիրը պատասխանում է, որ կարելի է ճանճ սպանել, իսկ հարցին, թե ուրիշ ի՞նչ կարելի է անել, նա պատասխանում էՙ կարելի է նաեւ նախարար սպանել: Արդյունքումՙ հերթական քննադատական հոդվածից հետո նախարարն ազատվեց պաշտոնից»,-ասաց Մ. Միկոյանըՙ եւս 40 տարվա բեղմնավոր գործունեություն մաղթելով իր գրչեղբորը:

Ֆ. Ափուջանյանի մասին գնահատանքի խոսքեր ասացին Սեպուհ Սրբազանը, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր, դատախազության համակարգի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ Ռաֆայել Կարապետյանը, Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը, ինչպես նաեւ հոբելյարի ընտանիքի անդամները եւ հարազատները:

«Եթե ծառը պտուղ է տալիս, ուրեմն այն արժանի է խնամքի եւ հոգածության: Հայ մարդու համար միշտ էլ գիրքը եղել է կենսական անհրաժեշտություն:Ֆ. Ափուջանյանն այն մտավորականներից է, ում կարելի է համարել հայոց լեզվի տաճարի քահանաներից մեկը: Նա արժանի է բարձր գնահատականի»,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:

Հոբելյարին ողջունեց եւ իր ձայնասկավառակը նվիրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, աշուղ Ռազմար Սասունցին: Միջոցառման ընթացքում երգերի կատարումներով հանդես եկան Ռ. Սասունցին, Ստեփան Դալլաքյանը եւ Կարինե Մակարյանը, իսկ Իվան Անտոնյանն ասմունքեց Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:

Ֆ. Ափուջանյանը գեղարվեստական պատումով ներկայացրեց իր կենսագրությունը, որը ջերմորեն ընդունվեց ներկաների կողմից: Նա վերջիններիս նվիրեց նաեւ իր հեղինակած գրքերից:

Երեկոն ջերմ էր եւ անմիջական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ