«ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ ՄԵՐ ՀԱՎԱՏԸ: ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ» Հ. Ծ. Վերապատվելի դոկտ. Փիթեր Դողրամջիի վերոնշյալ հատորը («Exploring Our Faith: In the words of the Apostles՛ creed») գրախոսելով վերապատվելի դոկտ. Վահան Թութիկյանը գրում է, որ այն ժամանակակից հայ ավետարանական գրականության սպասված գրքերից է, որն ամփոփում է քրիստոնեական եկեղեցու հիմնադիր սկզբունքները: Հատորի 37 հակիրճ գլուխներում, գրում է Թութիկյանը, հեղինակը տող առ տող, բառ առ բառ վերլուծում է Առաքյալների հավատամքի խոսքերը եւ մեկնաբանում նրանց իմաստը, եւ հակառակ որ գրությունները նախկինումՙ 1977-79 թվերին, հոդվածաշարի տեսքով լույս են տեսել Հավերթաունի (Պենսիլվանիա) Հայ նահատակաց Ծխական եկեղեցու «Նյուզ Բյուլետեն» ամսագրում, դրանց ընթերցումը այսօր էլ, ըստ նրա, այժմեական է եւ ուսանելի: Չնայած անձամբ առաքյալների կողմից չեն գրվել, բայց «Հավատամքի» խոսքերը հիմնականում պարունակում են նրանց քարոզներն ու հորդորները: Դրանք հավանաբար գրի են առնվել մ.թ. երկրորդ հարյուրամյակում, բայց հետագայում ենթարկվել են որոշակի ճշգրտումների: Գրախոսականից տեղեկանում ենք, որ Փիթեր Բուտրոս Դողրամջին ծնվել է Հալեպում (Սիրիա), ճեմարանային կրթություն ստացել Հալեպի քոլեջում, ապա կրթությունը շարունակել նաեւ Բեյրութի Ամերիկյան համալսարանում եւ Մերձավոր Արեւելքի Աստվածաբանական կրթօջախում: Մոտ երկու տասնամյակ հայկական, պրեսբիտերական եւ այլ եկեղեցիներում ծառայելուց հետո նա մեկնել է Մ. Նահանգներ, որտեղ մագիստրոսի եւ հետագայում փիլիսոփայության դոկտորի աստիճաններ է ստացել Պրինստոնի աստվածաբանական ճեմարանից: Հովվական, կրթական եւ վարչական պաշտոններ վարելուց հետո Սիրիայում, Բեյրութում, Ջեզիրեում, Հավերթաունում, Հոլիվուդում եւ Նյու Յորքում, դոկտ. Դողրամջին այժմ թոշակառու է: Նշանակալի դեր է ունեցել Ամերիկայի Հաj ավետարանական միության կազմավորման մեջ: Դողրամջիի գիրքը ձեռք բերելու համար գրախոսողը խորհուրդ է տալիս այցելել «amaa.org» կայքը: |