«ՇԱՆԹ 2015» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4 օր ինչպես իրական պատերազմում: Սա Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն էր` մոբիլիզացնել ուժերն ու մարդկային ռեսուրսը` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Հրամանատարաշտաբային զորավարժություններին ընդգրկված էին երկրի բոլոր պետական կառույցները, իսկ վարժանքներն անցկացվում էին մայրաքաղաքում եւ մարզերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Մովսես Հակոբյանը շեշտում է, որ նման լայնածավալ զորավարժություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում. երբեմն վարժանքների համար տրված առաջադրանքներն ու սահմանված իրավիճակները չափազանցված էին` հասկանալու համար, թե առանց հարեւանների եւ ռազմավարական գործընկերների աջակցության հայաստանյան ներուժը որքանով է պատրաստ ռազմական գործողությունների: Զորավարժության ընթացքում կազմակերպիչները մտածել էին բոլոր ուղղություններով. հրամանատարաշտաբային հավաքներից, փակ խորհրդակցություններից եւ Ազգային անվտանգության խորհրդի ու կառավարության արտահերթ նիստերից հետո արդեն երկիրը բերվեց պայմանական մարտական վիճակի: Մարդկանց պայմանական տարհանումներից, պարետային ժամի հայտարարելուց մինչեւ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված վարժանքներ: Վարժանքներ են անցկացվել նաեւ հիվանդանոցներում` առաջին օգնությունից մինչեւ լուրջ վիրահատական գործողությունների անցկացում, որին պատրաստվելու համար անձնակազմին տրվում էր սահմանափակ րոպեներ: Զորավարժությունների ընթացքում Նուբարաշենում վրանային ճամբար էր ստեղծվել, որտեղ միջազգային կազմակերպությունների եւ հայաստանյան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձում էին հասկանալ` ինչ գործողություններ են կատարվելու, եթե ռազմական իրադրության ժամանակ դեպի Հայաստան կամ Հայաստանի մի շրջանից մյուսը փախստականների մեծ հոսք լինի: Փախստականների պայմանական վրանային ճամբարում արդեն Կարմիր Խաչ Միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բաժինների ներկայացուցիչները պնդում են` վարժանքները շատ կարեւոր են եւ ցույց են տալիս երկրի պատրաստվածության մակարդակը: Սեպտեմբերի 6-ին հրամանատարաշտաբային զորավարժությունն ավարտվեց, սակայն երկրում պայմանական ռազմական դրությունը շարունակվում է: Մեկ շաբաթվա ընթացքում զորավարժությունները շարունակվել են ՀՀ Զինված ուժերի համար, որոնք էլ պայմանական պատերազմում սեպտեմբերի 11-ին պետք է հակառակորդին ցույց տան իրենց ուժը: Թեպետ զորավարժությունների արդյունքները դեռեւս չեն ամփոփվել, սակայն կազմակերպիչները հավաստիացնում են, որ «Շանթ 2015»-ն իր առջեւ դրված նպատակներն իրականացրել է: Զորավարժություններին հետեւող ՀԱՊԿ ներկայացուցիչներն էլ փաստում են, որ վարժանքներն ընթանում են բարձր մակարդակով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումն ակնհայտ է: Հայաստանում անցկացվող զորավարժությունները եղել են նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Հետաքրքրական է, որ Հայաստանում ռազմավարական զորավարժություններին հաջորդեց Բաքվից ստացվող տեղեկատվությունը` Ադրբեջանը նույնպես անցկացնում է զորավարժություն: Ադրբեջանական մամուլով լուրեր էին տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում կազմակերպվելիք զորավարժություններին ընդգրկված են լինելու 65.000 հազար մարդ անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենա, 500 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգ, 40 միավոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ եւ այլն: Եւ ինչպես միշտ է պատահում Ադրբեջանի պարագայում` այդ զորավարժությունների անցկացումը սպառազինության նման քանակով, կոպտորեն խախտում է միջազգային մի շարք պայմանագրեր: Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցել միջազգային պայմանագրերով զորավարժությունների անցկացման համար ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկառատումներով հայկական կողմը դրանց մասին հայտարարել է ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել էր Տոնոյանը: |