ԻԲՐԵՎ ԳԱՂԹԱԿԱՆ 4 ՀԱԶԱՐ ԳՐՈՀԱՅԻՆ Է ԹԱՓԱՆՑԵԼ ԵՎՐՈՊԱ Պ. Ք. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ գաղթականների տեսքով թափանցել են Եվրոմիության երկրներ, հաղորդում է «Սանդեյ էքսպրես» թերթը, վկայակոչելով ԻՊ աղբյուրներից մեկը: Վերջինիս խոսքերովՙ տեղափոխման գործողությունը հաջող է անցել: Աղբյուրը պատմել է, որ գրոհայինները գաղթականների հոսքին միախառնվում են Իզմիրի եւ Մերսինի նավահանգիստներում, որտեղից Միջերկրական ծովով հասնում են Իտալիա: Դրանից հետո ԻՊ անդամները ուղեւորվում են ԵՄ ուրիշ երկրներ, մասնավորապես Գերմանիա եւ Շվեդիա: Այս տեղեկությունը հաստատել են տեղացի երկու մաքսանենգներ, որոնք տեղափոխել են մի քանի ահաբեկիչների: «Իսլամական պետություն» խմբավորումը 2014 թ. ամռանը հռչակեց խալիֆաթի ստեղծումը Սիրիայի եւ Իրաքի տարածքների մի մասում: «Իսլամական պետության» դեմ պայքարում են Սիրիայի բանակը, սիրիացի ապստամբների մի մասը, Իրաքի բանակը, շիա աշխարհազորայինները, քրդական ջոկատները եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը միայն օդային հարվածներ է հասցնում: ԿՀՎ-ի տվյալներով, ԻՊ կողմից կռվում են ավելի քան 30 հազար գրոհայիններ: |