ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՈՒ ՎԱԽԿՈՏ ՉԵՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ «Շանթ-2015» համահանրապետական զորավարժությունները դեռ շարունակվում են: Ճիշտ է, սեպտեմբերի 6-ից սկսած (մինչեւ սեպտեմբերի 15-ը) դրանք այլեւս համահանրապետական չեն, այլ ընդգրկում են միայն Զինված ուժերը, բայց արդեն իսկ պարզ է, որ այդ զորավարժություններով «Ադրբեջանը ցնցել ենք», ոմանք անգամ պնդում են, որ ամենեւին պատահական չէր, որ «Շանթ-2015»-ի օրերին Ադրբեջանում գրանցվեց 5-7 բալանոց երկրաշարժ, ինչը, «փաստորեն» մեր զորավարժություններից ցնցվելու հետեւանքով եղավ: Ճիշտ է, ոմանք մոռանում են, որ Ադրբեջանի երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, հետեւաբար, եթե «Շանթ-2015»-ով մենք գիտակցաբար ցնցեցինք Ադրբեջանը, ապա` ակամայից ցնցվեցինք նաեւ մենք: Եւ առհասարակ, ո՞րն է մեր նպատակը, որ Ադրբեջանին վախեցնենք, թե՞ մենք ուժեղանանք: Այո, մեր ուժեղանալը ուղիղ կապ ունի Ադրբեջանի վախի հետ, բայց մոտեցման հարց է, թե որն ես վերցնում նպատակ. այլ բան է, երբ ցանկանում ես ուժեղանալ, որպեսզի այդ թվում Ադրբեջանը վախենա, ու բոլորովին այլ բան, որ ուզում ես Ադրբեջանը վախենա, այդ նպատակով քեզ ուժեղ ես պահում` մի քանի օրով: «Շանթ-2015»-ը հենց այդ մի քանի օրերն են: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ «բացառիկ տեսանյութերով» ցուցադրեցին, թե ինչպես են ադրբեջանցի գյուղացիները փախչում իրենց սահմանամերձ գյուղերից եւ դաՙ անշուշտ մեր «Շանթ-2015»-ից վախեցած լինելու հետեւանքով: Ճիշտ է, այդ տեսանյութերն ավելի մանրակրկիտ դիտելուց հետո հասկանալի է դառնում, որ հերոսներն ամենեւին էլ ադրբեջանցի գյուղացիներ չեն, տեղանքն էլ բոլորովին ադրբեջանական սահմանամերձ գյուղերը չեն, բայց կարեւորը դա չէ,կարեւորն այն է, որ «Ադրբեջանը ցնցվեց»: Բայց հակառակի պես, նույն այդ լրատվամիջոցները այս անգամ «Բացառիկ ֆոտոշարքով» ցույց տվեցին, թե ինչ տեսք ունեն մեր սահմանապահ գյուղերի տները` հակառակորդի գնդակոծությունից հետո, որը, ով զարմանք, հաճախակի էր դարձել «Շանթ-2015»-ի ժամանակահատվածում, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ Ադրբեջանը «ցնցված» պետք է լիներ, հետեւաբար` կրակելու անընդունակ, խառնված: Այսինքն վերջին օրերին հայաստանյան մեդիա դաշտին հետեւելիս` տպավորություն էր ստեղծվում, որ սահմանում իսկական պատերազմ է, որից ադրբեջանցիները փախչում են, սակայն հասցնելով գնդակոծել մեր գյուղերը: Բայց այս համապատկերում, որքան էլ տարօրինակ է, ոչ նախագահ Սարգսյանը, ոչ Ալիեւը միմյանց պատերազմ չեն հայտարարում, իսկ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կատարյալ լուռ են: Եթե Ադրբեջանի պարագայում հասկանալի է, քանի որ այդ երկիրը, ինչպես հիշում ենք` «ցնցված» է, ապա ինչո՞ւ չեն խոսում մերոնք: Համենայն դեպս այս հարցը շատերին էր եւ է տանջում: Այսինքն ՀՀ նախագահը պետք է հանդես գա ժողովրդին ուղղված ուղերձով, որտեղ պետք է ասի, որ ժողովուրդ, մի խառնվեք, բայց պատերազմ է, իսկ պաշտպանության նախարարը պետք է դիմի հայրենակիցներին` բանակ հավաքագրվելու կոչով, քանի որ «պատերազմ է»: Բայց որտե՞ղ. այո, Տավուշում կրակում են, այո, սահմանի` կարելի է ասել ողջ երկայնքով լարված է, այո, մենք տուժածներ եւ զոհեր ունենք, ադրբեջանցիներն էլ, բայց ո՞վ ասաց, որ այս պատկերը նոր է, հետեւաբար ո՞վ ասաց, որ պատերազմը նոր է սկսվել, եւ կամ այն ավարտված է եղել (սա ավելի ճիշտ ձեւակերպում է, թերեւս): Ուրեմն, ի՞նչ կարիք կա տղերքով հավաքվելու եւ Տավուշ գնալու. ինչ է միայն Տավո՞ւշն է սահմանակից Ադրբեջանին. գիտե՞ք, բավական է մի հայացք Հայաստանի քարտեզին, որպեսզի հասկանալի լինի, որ միայն Լոռու եւ Կոտայքի մարզերն են (Երեւանը չհաշված), որ թշնամի պետության հետ սահման չունեն: Հետեւաբար, եթե բոլորս հավաքվենք Տավուշում, բա ենթադրենք Վայոց ձորն ո՞վ կպահի` Նախիջեւանի կողմից հնարավոր հարձակումից: Գուցե ամեն մեկս մեր տեղում մնանք, ընդ որում` ոչ միայն «տեղ» բառի աշխարհագրական իմաստով, քանի որ միայն այդ պարագայում մենք կկարողանք զսպել Ադրբեջանին, անկախ նրանից, թե վերջինս սահմանի ո՞ր մասում լարվածություն կառաջացնի, եթե իհարկե մենք ցանկանում ենք ուժեղանալ, այլ ոչ թե վախեցնել Ադրբեջանին: Վերջին հաշվով ի՞նչ է մեզ տալիս` «Ադրբեջանը ցնցված է» գիտակցությունը եւ արդյոք լա՞վ բան է տալիս: Օրինակ իմ կարծիքով, սա տալիս է հակառակորդին թերագնահատելու, նրա ուժը չգիտակցելու, նրան «բանի տեղ չդնելու» հասարակական գիտակցության ձեւավորում կամ դրա ամրապնդում: Դա լա՞վ է: Իսկ եթե վաղն իրոք Ադրբեջանը սկսի ակտիվ պատերազմը, մեզ կարողանալո՞ւ են համոզել, որ գնանք թույլ, վախկոտ եւ ցնցված հակառակորդի դեմ, այն հակառակորդի, որը փախչում է մեր դիմացից: Մինչդեռ, եթե մեզ չտրամադրեն, որ հակառակորդը թույլ ու վախկոտ է, երբ նա իրականում հարձակվի, մեզ նրա դիմացն առնելու համար համոզել պետք չի լինելու. մոտիվացիայի հարց է: Այնպես, որ «Շանթ-2015» ոչ մի ցնցում Ադրբեջանում չի առաջացրել (դատելով հասարակական խուճապից, այն առաջացրել է` Հայաստանում), ոչ մի ադրբեջանցի գյուղացի մեր կրակոցներից չի փախչել եւ Ադրբեջանում գրանցված երկրաշարժը.... բայց սա արդեն ծիծաղելի է: Մեր դիմաց կանգնած է ուժեղ հակառակորդ, ուժեղ եւ պատրաստված, որին, սակայն մենք մի անգամ հաղթել ենք, քանի որ այդ հաղթանակից առաջ մեզ ոչ ոք չէր ասել, որ ադրբեջանցիները թույլ են ու վախկոտ: |