RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-06-23 23:21:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 5136, Տպվել է` 326, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ 1715-ԱՄՅԱ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

1967 թվականն էր: Ամառային արձակուրդներին Երեւանից Օդեսայի վրայով Բեյրութ էինք վերադառնում ուսանող ընկերների մի մեծ խմբով: Մեր նավը, կարծեմ «Արմենիան» էր, հանգրվանել էր հերթական նավահանգստումՙ Ստամբուլում: Ընդամենը 4 ժամ ունեինք քաղաքում շրջագայելու: Մեր ընկերուհիների ցանկությամբ անցնում էինք ծովահայաց շուկայով: Կաշվե բաճկոններ վաճառող մի խանութի առջեւ կանգ առանք: Խանութպանը բարձրահասակ, խոշոր սեւ ու «տաքուկ» աչքերով մի մարդ էր. անշուշտ թե հայ էր: Մոտեցանք, հայերենով բարեւ ասացինք: Մարդը տարօրինակ նայեց մեզ ու չպատասխանեց: Կրկնեցինք մեր ողջույնըՙ այս անգամ թուրքերեն: Կրկին պատասխան չեղավ: Թուրքերենով հարց տվեցիՙ «Էրմենի՞ մի սին» («հա՞յ ես»): «Ոչ, կաթոլիկ եմ», եղավ մարդու պատասխանը... հայերեն: Շշմել էինք: Մեզՙ հայ մշակույթով խանդավառ տղաներիս թվում էր, որ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք»ից հետո գոնե Կոստանդնուպոլսում այլեւս ոչ ոք, ոչ մի հայ չի կարող իր ազգությունը շփոթել դավանանքի հետ: Մինչդեռ այս մարդը, այս պոլսեցին, թվում էր նույնն էր մնացել 18-րդ կամ նախորդ դարերից ի վեր: Թվում էրՙ նրա ծնողներն ու հարազատները զերծ էին մնացել թուրքի յաթաղանից, որ չխնայեց նաեւ ո՛չ կաթոլիկին, ո՛չ էլ բողոքականին...

Ճիշտ է, դավանանքային հակամարտություններ կային նաեւ մեր ծննդավայր Լիբանանումՙ հայ առաքելականների ու կաթոլիկների միջեւ, որը երբեմն-երբեմն բորբոքվում էր կարդինալ Աղաջանյանի եւ հետագայում Կոգյան արքեպիսկոպոսի (Laurenzo Goki) նմանների կողմից, սակայն կային նաեւ Հայր Անդրանիկ Կռանյանի նման պայծառ դեմքեր, որոնք հա՛յ կաթոլիկներ էին եւ ոչ թե կաթոլիկ հայեր:

Մինչդեռ այս մարդը, այս պոլսեցին, ընդհանրապես հայ չէր, ազգություն չուներ, այլ... կաթոլի՛կ էր:

Հետագա տարիներին, Երեւանի պետական համալսարանում, հայժողպատմության մեր աննման դասախոս Հայկազ Ժամկոչյանի շնորհիվ շատ բան պիտի իմանայինք մեր ժողովրդի պատմության մեջ Կաթոլիկ եկեղեցու, Հռոմի պապական աթոռի տխուր դերակատարությունների մասինՙ սկսյալ 451 թ.ի Քաղկեդոնի ժողովից մինչեւ Կիլիկիո հայկական թագավորության կործանումը, մինչեւ Ունիթորական շարժման կործանարար ազդեցությունները, Պրոպագանդա դել ֆիդեի (հավատքի քարոզչություն) պառակտիչ գործունեությունները, Վատիկանի աշխարհակալական նկրտումները, հոգեորսությունն ու ազգավնաս այլ գործողությունները: Բայց նաեւՙ Մխիթար Սեբաստացու եւ նրա նվիրյալ հետեւորդների հայերենակերտիչ ու հայակերտիչ 300-ամյա գործունեության մասին, որի բերած լույսը դեռ չէր հասել Պոլսի այդ կաշվեվաճառին: Տեսնես նրա զավակներին հասա՞վ այդ լույսը:

Իսկ հիմա, յամի Տեարն 2016-ին, պատմության ընթացքում այս էլ 2-րդ անգամ, անձամբ Հռոմի պապն է գալիս այն երկիր, որը իր իսկ բառերով «Առաջինն է վայելել Քրիստոսի Լույսը»:

Այսօր Ֆրանցիսկոս պապը կժամանի Մայր աթոռ Ս. Էջմիածին, կլինեն եկեղեցական ու համաժողովրդական արարողություններ, հանդիպումներ, աղոթք եւ օրհնություն: Մեր ժողովուրդը շատ է սիրում նրան եւ բնավ չի մոռանա անցյալ տարի Սբ. Պետրոսի տաճարում նրա մատուցած պատարագը, աներկբա խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելինՙ ոչ միայն մեր ժողովուրդը, այլեւ տարածաշրջանի քրիստոնյա բոլոր ժողովուրդները, քրիստոնյա բոլոր դավանանքների մարդիկ Պապի Հայաստան այցը իրավամբ դիտարկելու են որպես զորակցության քայլ ընդդեմ հետեւողական այն ծրագրերի, որոնց վերջնանպատակն է քրիստոնյաներից պարպել հենց այն տարածքները, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը: Նրանք, իրավամբ, Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջանում քրիստոնեության վերջին բաստիոն:

Ֆրանցիսկոս պապը իրոք արժանի է մեր հարգանքին ու սիրույն: Այդ սերն ու հարգանքը նրան մատուցենք զուսպ արժանապատվությամբ, Հայ Առաքելական եկեղեցու 1715-ամյա վեհությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ