ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ադրբեջանի տնտեսական անկումը այս տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 4,2 տոկոս: Այդ մասին հաղորդել է այդ երկրի պետական վիճակագրական ծառայության մամուլի կենտրոնը: Հարեւան երկրում պաշտոնապես ստիպված են փաստել (այլ հարց է, թե որքանո՞վ ճշգրիտ) սոցիալ-տնտեսական մի շարք այլ ցուցանիշների վատթարացման մասին եւս: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,2 տոկոս անկման պարագայում, ՀՆԱ ծավալը կազմել է 21,5 մլրդ մանաթ: Հիշեցնենք, որ մանաթը գրեթե կրկնակի արժեզրկվել է, ինչը նշանակում է, որ դոլարային առումով այս ցուցանիշը մոտ 14,5 մլրդ դոլար է, այն դեպքում, երբ անցյալ տարի դա կլիներ մոտ 30 մլրդ դոլար: Տնտեսության ոչ նավթային հատվածի ծավալները նվազել են 7 տոկոսով, իսկ նավթային հատվածը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով: Այստեղ պարզաբանման կարիք կա: Աճն արձանագրվել է ազգային արժույթով արտահայտված, որը, ինչպես արդեն նշվեց, կրկնակի արժեզրկվել է, իսկ միջազգային շուկաներում նավթը վաճառվում է դոլարով: Դոլարային արտահայտությամբ նավթի գինը ավելի քան կրկնակի նվազել է այս պահի դրությամբ, գտնվելով (Brent տեսակը) 50 դոլար 1 բարելի համար միջակայքում: Այսինքն, իրականում Ադրբեջանի եկամուտները նավթից ավելի քան կրկնակի նվազել են: Նավթային հատվածից կախված մյուս ճյուղերից հատկապես կտրուկ անկում է արձանագրվել շինարարությունումՙ 37 տոկոսով, տրանպորտումՙ 9,5 տոկոսով: Բնականաբար, տնտեսական անկումը բացասաբար է ազդել նաեւ բնակչության կենսամակարդակի վրա: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 5,4 տոկոսով, կազմելով 2,3 հազար մանաթ: Դարձյալ հիշեցնենք, որ դոլարով, որը սերտորեն շաղկապված է նավթի, հետեւաբար եւ ադրբեջանական տնտեսության հետ, այդ ցուցանիշը շատ ավելի կտրուկ վատթարացում է ունեցել: Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսում է 1,8 տոկոս տնտեսական աճ: |