RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3767, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Պ. Ք.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հունիսի 21-ին Լոզանում որոշեց Ռուսաստանի անխտիր բոլոր թեթեւատլետներին չզրկել Ռիոյի օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից, բայց ուժի մեջ թողեց Թեթեւատլետիկական ֆեդերացիաների միջազգային ընկերակցության (IAAF) ավելի վաղ ընդունած որոշումը, որով արգելվում է ՌԴ թեթեւատլետիկական պատվիրակության մասնակցությունը խաղերին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դոպինգի (խթանիչի) օգտագործման պատրվակով մի ամբողջ պատվիրակություն զրկվում է օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից, հայտարարել է Օլիմպիադաների պատմաբանների միջազգային ընկերության նախագահ Դեյվիդ Վալլեչինսկին ամերիկյան «Foreign Policy» պարբերականին տված հարցազրույցում:

ԱՄՆ լրատվամիջոցները փաստորեն միահամուռ կերպով հավանություն են տալիս IAAF-ի որոշմանը: Խոշոր թերթերից միայն «USA Today»-ն է, որ իր ծավալուն հրապարակման մեջ բերում է Ռիոյի օլիմպիադային Ռուսաստանի մասնակցության «թեր» եւ «դեմ» փաստարկներ: Թերթը գրում է, որ մոլորակի ամենամեծ երկիրը մեղադրվում է տասնամյակի խոշորագույն դոպինգային սկանդալի մեջ, ներառյալ համատարած խաբեությունը ամենաթանկ օլիմպիադայում: «Խթանիչների մասին ազդարարած երեք անձինք սարսափահար փախել են երկրից, իսկ փետրվարին երկու նախկին հակադոպինգային պաշտոնյաների մահը միայն խորացրեց վախի մթնոլորտը», նշում է թերթը:

Ռուսաստանցի թեթեւատլետներին օլիմպիադայից չզրկելու օգտին բերվում է այն փաստարկը, որ խթանիչներ օգտագործում են նաեւ ուրիշ երկրների (այդ թվում ԱՄՆ-ի) բազմաթիվ մարզիկներ:

«USA Today»-ը ընդգծում է, որ այս տարի ամերիկացի օլիմպիականների մեջ են անցյալում դոպինգի համար պատժված արագավազորդներ Թայսոն Գրեյը եւ Ջաստին Գեթլինը: Ինչ վերաբերում է հեծանվորդ Լենս Արմստրոնգին, նա դոպինգի պատճառով ցմահ արտաքսված է սպորտից:

Ռուսաստանցի մարզիկներին օլիմպիադա չթողնելու փաստարկն այն է, որ Արմստրոնգը չուներ ՀԴԲ-ում եւ ԿՀՎ-ում աշխատող հովանավորներ, որոնք «կփոխեին մեզի նմուշներըՙ արգելված դեղերի օգտագործման պատճառով չբռնվելու համար, ինչպես թերեւս անում էին ՌԴ պետանվտանգության մարմինները Սոչիի օլիմպիադայում»:

ՄՕԿ-ի նախկին փոխնախագահ Դիկ Փաունդի խոսքերովՙ Ռուսաստանին զիջում անելը կմեկնաբանվի որպես զիջում նրա մեծությանն ու հզորությանը, ինչը կստեղծի անպատժելիության զգացում եւ կվնասի օլիմպիական շարժմանը եւ թեթեւ ատլետիկային:

«Նյու Յորք թայմսը» գրում է, որ օլիմպիադայի արգելքը հավանաբար կտարածվի ռուսաստանցի ոչ բոլոր մարզիկների վրա: Թերթը հիշեցնում է, որ դոպինգային խաբեությունները մերկացնողներից մեկըՙ վազորդուհի Յուլիա Ռուսանովան, հեռացել է Ռուսաստանից եւ այժմ ապրում է ԱՄՆ-ում: Նա միջնորդել է, որպեսզի օլիմպիադային մասնակցի «չեզոք թիմի» կազմում, այսինքն օլիմպիական դրոշի ներքո:

«Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը նշում է, որ ռուսաստանցի թեթեւատլետների ստացած մերժումը «աննախադեպ է օլիմպիական շարժման պատմության մեջ, որն անցյալում խուսափում էր դոպինգային խախտումների համար կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելուց»: Թերթը ընդգծում է, որ պայծառ սկանդալը երկընտրանքի առջեւ է կանգնեցնում նախագահ Պուտինին. ՌԴ թեթեւատլետների մասնակցության արգելքի պահպանման դեպքում արժե՞ արդյոք առհասարակ մասնակցել Ռիոյի օլիմպիադային: Նման տարբերակը լրջորեն կվնասեր միջազգային սպորտում Ռուսաստանի վարկի վերականգնմանն ուղղված պուտինյան ուղեգծին: Ադ դեպքում էլ ավելի կդժվարանար Ռուսաստանում միջազգային խոշոր մրցաշարերի, մասնավորապես 2018 թ. աշխարհի առաջնության անցկացումը:

Ո՞ւմ է ձեռնտու դոպինգային սկանդալը

Անցյալ շաբաթ Համաշխարհային հակադոպինգային գործակալությանՙ WADA-ի հրապարակած զեկուցագրում նշվում է, որ Ռուսաստանում դոպինգային ստուգումների անցկացումն առաջվա պես կապված է դժվարությունների հետ: Փետրվարի կեսից մինչեւ մայիսի կեսը բրիտանացի փորձագետները կատարել են ռուսաստանցի մարզիկների 455 դոպինգային ստուգում: Եվս 736 ստուգումների անցկացումը ձախողվել է:

Պատճառները WADA-ին կասկածելի են թվացել: ՌԴ մարզիկները կամ հայտնում էին սեփական սխալ կոորդինատներ, կամ էլ տալիս էին օտարերկրացիների համար փակ քաղաքների հասցեներ, նշում է BBC-ն: Ուժայինները փորձագետներին սպառնում էին արտաքսել երկրից: Մարզիկները մրցումների ժամանակ զանգվածաբար խույս էին տալիս փորձագետներից:

Զեկուցագրի հրապարակումից հետո բազմաթիվ երկրների մարզիկներ IAAF-ից եւ ՄՕԿ-ից պահանջում էին արգելել ռուսաստանցի մրցակիցների մասնակցությունը օլիմպիական խաղերին: Նման շրջադարձը լրջորեն կազդեր խաղերի արդյունքների վրա, որտեղ իշխում են ՌԴ թեթեւատլետները. ԽՍՀՄ փլուզումից ի վեր նրանք 78 մեդալ են նվաճել:

«Ֆորբս» հանդեսի թղթակից Բրյուս Լին կարծում է, որ ՌԴ թեթեւատլետիկական ֆեդերացիայի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը կարող է օգտակար լինել Ռուսաստանի մարզիկների համար: Երբեւէ խթանիչ չընդունած մարզիկները կանցնեն բոլոր ստուգումները եւ կկարողանան հանդես գալ օլիմպիադայումՙ թեկուզեւ չեզոք դրոշի ներքո: Ճնշման պայմաններում խթանիչ ընդունած մարզիկները դա կխոստովանեն եւ ազատ շունչ կքաշեն: Եվ վերջին հաշվով ամենքը կազատվեն այն ահավոր հետեւանքներից, որ կարող են ունենալ խթանիչները մարդկանց առողջության վրա:

Մեր կողմից ավելացնենք, որ այս ամենի մեջ, ինչպես ողջ սպորտում, տիրապետում են նաեւ քաղաքական հաշվարկներըՙ մեկուսացնել Ռուսաստանին տարբեր կողմերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ