RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3698, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2015 Թ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ Է 65,3 ՄԼՆ ՄԱՐԴ

Պ. Ք.

ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գործակալության օրերս հրապարակած զեկուցագրի համաձայն, 2015 թվականին աննախադեպ մեծ թվով (65,3 մլն) մարդիկ պատերազմների եւ հակամարտությունների պատճառով ստիպված լքել են իրենց տները: 2014 թ. հարկադիր տեղահանվածների թիվը կազմել էր 59,5 մլն մարդ: Վերջին հինգ տարում այդ ցուցանիշն աճել է 50 տոկոսով:

Զեկուցագրում նշվում է, որ երկրագնդի վրա ներկայումս ապրող 7,4 մլրդ բնակչության մեջ 113 մարդուց մեկը ապաստան է հայցումՙ կա՛մ ներքին տեղահանված է, կա՛մ էլ փախստական:

Սիրիայում, Աֆղանստանում, Բուրունդիում եւ Հարավային Սուդանում մղվող մարտերի հետեւանքով փախստականների ընդհանուր թիվը հասել է 21,3 միլիոնի, որի կեսը երեխաներ են, ասվում է գործակալության զեկուցագրում: Եվս 40,8 մլն անձինք ներքին տեղահանվածներ են:

Հետազոտության համաձայն, 2015 թ. ապաստանի տրամադրման խնդրանքով աննախադեպՙ 2 մլն դիմում է տրվել արդյունաբերապես զարգացած երկրներում: Ապաստան են խնդրել մասնավորապես օտար երկրներում առանց չափահասների ուղեկցության հայտնված կամ իրենց ընտանիքներից անջատված գրեթե 100 հազար երեխաներ: Այդ ցուցանիշը 2014 թ. համեմատությամբ եռակի աճել է եւ հասել պատմական առավելագույնին:

Ամենից շատ ապաստանի հայցադիմում ստացել են Գերմանիան (441900) եւ ԱՄՆ-ը (172700), դեպի ուր ձգտում են Մեքսիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի երկրների բնակիչները նաեւ:

Ըստ որում, գործակալության տվյալներով, հայրենիքում հակամարտություններից կամ հետապնդումներից տուժած ապաստան հայցողները ավելի ու ավելի հաճախ են բախվում օտարերկրացիների հանդեպ բացասական վերաբերմունքի: Այլատյացության աճը դառնում է ներկայիս իրողությունների տարբերիչ գիծը:

Այն փաստը, որ Թուրքիա-ԵՄ գործարքի կնքումից հետո դեպի Եվրոպա փախստականների ու միգրանտների հոսքը նվազել է, դեռ չի նշանակում, թե խնդիրը լուծված է:

Հարկադիր տեղահանվածները գալիս են առավելապես Սիրիայից (4,9 մլն մարդ), Աֆղանստանից (2,7 մլն) եւ Սոմալիից (1,1 մլն): Ներքին տեղահանվածներն ամենից շատ են Կոլումբիայում (6,9 մլն), Սիրիայում (6,6 մլն) եւ Իրաքում (4,4 մլն):

Եվրոպայում գտնվող երկրներից ուրիշ պետություններ է տեղափոխվել 593 հազար գաղթական, մեծ մասըՙ Ուկրաինայից: Այդ երկրի ներսում տեղահանվել է 1,6 մլն մարդ:

Եվրոպայի պետությունները ընդունել են 4,4 մլն փախստական: Զեկուցագրի համաձայնՙ 2015 թ. փախստականների 86 տոկոսը տեղափոխվել է հակամարտությունների գոտուց ոչ հեռու գտնվող երկրներ: Աշխարհի բոլոր երկրների մեջ ամենամեծ թվով փախստականներ ընդունել է Թուրքիան (2,5 մլն):

ՄԱԿ-ի հիշյալ գործակալությունը հարկադիր տեղահանվածների եւ փախստականների վերաբերյալ զեկուցագիր է հրապարակում ամեն տարի: Փաստաթուղթը հիմնվում է այն տվյալների վրա, որ տրամադրում են պետությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները, այդ թվում Տեղափոխությունների մշտադիտարկման միջազգային կենտրոնը: Բացի դրանից, զեկուցագիրը հիմնվում է հենց գործակալության աշխատակիցների հավաքած տեղեկությունների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ