RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 4396, Տպվել է` 315, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքավարի նամակ

Հարգելի Մարիա Վլադիմիրովնա,

Ձեզ գրում եմ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի կանգնեցման առիթով Ձեր արտահայտած պաշտոնական ԶԱՐՄԱՆՔԻ կապակցությամբ: Պատկերացնում եմ, թե Ձեզ համար որքան անհետաքրքիր է եղել դրանով զբաղվելը: Առավոտյան նոր հագուստով եկել եք աշխատանքի, Սոբյանինը նորանոր օղակների մեջ է առնում Մոսկվան, Ֆրանսիայում «Եվրո-2016»-ն է... իսկ այստեղ ինչ-որ հայկական հուշարձան է, որի առիթով չգիտես ինչու հարկավոր է ԶԱՐՄԱՆԱԼ: Դե Դուք էլ առանց երկար մտածելու հրապարակեցիք ԶԱՐՄԱՆՔԻ տեքստը, առանձնապես խորամուխ չլինելով հրապարակվող հայտարարության իմաստին: Իրականում նա, ում Դուք նկատի ունեիք, եւ նա, ում հուշարձանը կանգնեցվել է, տարբեր մարդիկ են: SS-ի հետ կապեր ունեցել է Դրոն, իսկ Նժդեհը մարտնչել է, մասնավորապեսՙ թուրքերից Հայաստանի անկախացման համար:

Բայց ախր դա լավ է, Մարիա Վլադիմիրովնա: Դա հենց համահունչ է Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի այսօրվա վերաբերմունքին:

Սակայն ես հիանալի հասկանում եմ, որ Ձեզ համար Դրոն եւ Նժդեհը լոկ անիմաստ տառերի կուտակումներ են, եւ Դուք առանց շփոթվելու ԶԱՐՄԱՑԱՔ եւ գնացիք ըմպելու Ձեր առավոտյան սուրճը: Ուստի Ձեր հայտարարությունը մի քիչ ԶԱՐՄԱՑՐԵՑ մեր երկրի բնակչությանը: Ի դեպ, երկրի մասին: Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է իր զինանշանով, դրոշով, օրհներգով եւ սահմանադրությամբ: Ու թեեւ Դուք մեր երկիրը համարում եք Ռուսաց Երեւանի նահանգ, Դե յուրե, Դե ֆակտո եւ Դեպարդյո նա անկախ հանրապետություն է: Եվ այստեղ ապրում են չափահաս քեռիներ եւ մորաքույրներ, որոնք կարողանում են ուտել, խմել, զուգարան գնալ, աշխատել եւ հուշարձաններ կանգնեցնելՙ առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու, որքան էլ դա Ձեզ ԶԱՐՄԱՆԱԼԻ թվա այժմ:

Ես Ձեզ չէի գրի այս նամակը, եթե Սանկտ-Պետերբուրգում այսօր չտեղադրեին հարթաքանդակ ի հիշատակ նացիստ Մաններհեյմի, որը պատերազմի տարիներին համագործակցել է ֆաշիստների հետ:

Որպես Հայրենական Մեծ պատերազմում հիտլերյան Գերմանիայի նկատմամբ հաղթանակի մեջ հսկայական ավանդ ներդրած երկրի ներկայացուցիչ, Ձեզ իմ խորին ԶԱՐՄԱՆՔՆ եմ հայտնում Ռուսաստանի սրտում ֆաշիստի հուշատախտակի տեղադրման փաստի առթիվ: Հուսով եմՙ շուտով կհաջորդի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ԶԱՐՄԱՆՔԸ:

Եվս մեկ բան: Երբ Նժդեհի մասին խոսում է ադրբեջանամետ իմաստակ Սերգեյ Մարկովը, դա հասկանալի է: Նա հիմար է եւ հարբեցող: Բայց Դուք... Խելացի, հմայիչ, սիրալիր Մարիա Վլադիմիրովնա: Դա Ձեզ պե՞տք է առհասարակ: Դա նույնն է, թե ՀՀ ԱԳՆ տեղեկատվության բաժնի տնօրենը հանկարծ սկսի դատողություններ անել Ռուսիայի պատմության մեջ Եվպատիյ Կոլովրատի խաղացած դերի մասին կամ ԶԱՐՄԱՆԱՐ, օրինակ, Երմակի հերոսացման փաստից:

Իմ սուբյեկտիվ կարծիքովՙ Ռուսաստանն այսօր ԶԱՐՄԱՆՔԻ շատ ավելի կարեւոր թեմաներ ունի Ֆրանսիայից ռուսաստանցի ֆուտբոլասերների արտաքսումը, ձեր հյուսիսկորեացի բարեկամ Կիմ Չոն Ինի վարքագիծը, Լուկաշենկոյի պարբերական խելաշեղումները եւ այլն: Օրինակ, Ձեզ չի՞ տագնապեցնում, որ եղբայրական Մոնղոլիայում կանգնեցված է Չինգիզ Խանիՙ հինգհարկանի տան բարձրության հուշարձանը: Ո՞չ: Ախր Չինգիզ Խանը նույն Հիտլերն է: Իսկ հիմա եկեք միասին ԶԱՐՄԱՆԱՆՔ: Հարգելի Մարիա Վլադիմիրովնա, Ձեզ չի՞ շփոթեցնում, որ Ձեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրապարակայնորեն պինդ համբուրվում է թուրք Էրդողանի հետ, նրանք ամենուրեք բեղիկներն իրար են քսում եւ հայտարարում համակողմանի ու փոխադարձ պաշտպանության մասին: Այսինքն Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի (ձեր դաշնակցի) վրա, իսկ Ադրբեջանը հավանություն է տալիս Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցմանը: Լավ, ասենք Դուք ինքներդ էլ առանձնապես դեմ չէիք Ադրբեջանի ապրիլյան հարձակմանը, բայց ռուսական օդանա՞վը... Ախր դա անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին: Իսկ Ալիեւը հավանություն է տալիս: Գուցե պարզապես մոռացե՞լ եք: Այդ դեպքում, եթե դժվար չէ, ԶԱՐՄԱՑԵՔ, խնդրեմ, նաեւ այս առիթով:

Վերջում ուզում եմ ասել ամենաահավորը: Միայն թե Դուք, հարգելի Մարիա Վլադիմիրովնա, ոչ մեկին չասեք:

Հայաստանում Վլադիմիր Պուտինի վարկանիշն ընկնում է: Հասկանում եմ, դա դժվարությամբ եք պատկերացնում, քանի որ Պուտինին հավատում է ռուսաստանցիների 74 տոկոսը, իսկ դա ավելին է, քան Աստծուն հավատացողների տոկոսը:

Բայց Հայաստանում դա տեղի է ունենում: Ժողովրդականությամբ նրան արդեն գերազանցում են Լիոնել Մեսսին եւ Ջորջ Քլունին: Ասում ենՙ նրանց մոտենում է Կրիշտիանու Ռոնալդուն: Մղձավանջ է, այո՞: Ես չեմ ԶԱՐՄԱՆԱ, եթե այդ մասին իմանալովՙ Դուք արտահայտեք Ձեր անկեղծ ԶԱՐՄԱՆՔԸ:

Այնպես որ ձեր վիճակը նախանձելի չէ: Հաջողություն Ձեզ եւ բարեւներ հաղորդեք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին: Մենք այստեղ բոլորս հիշում ենք նրա հայկական արմատների մասին: Հուսով եմՙ նա էլ մի օր կհիշի:

Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի հուշարձանին, նա ինչպես կանգուն էր, այնպես էլ կանգուն կմնաՙ ի հեճուկս Ձեր ԶԱՐՄԱՆՔՆԵՐԻ: Նախՙ այն պատճառով, որ նա Հայաստանի ազգային հերոս է: Երկրորդՙ «Հաջողության ջենտլմեններ» ֆիլմում Սավելի Կրամարովի հերոսի լեզվով ասածՙ «ՆՐԱՆ Ո՞Վ ԿՆՍՏԵՑՆԻ, ԱԽՐ ՆԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է»:

Հետայսու խոնարհվում եմ, Ձեզ ամենայն բարիք, սիրալիր Մարիա Վլադիմիրովնա:

Հարգանքներովՙ ՌԴ երեք միլիոն դաշնակիցներից մեկը:

Հ.Գ. Դիմացեք: Ձեզ առողջություն եւ լավ տրամադրություն:

Թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ