ԿՈՎԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Պ. Ք. «Համաշխարհային հնդուիստական խորհուրդ» աջամետ կազմակերպությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկում է ստեղծել կովերի պաշտպանությամբ զբաղվող նախարարություն: Հնդուիզմի մեջ կովերը համարվում են սրբազան կենդանիներ: Ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը մեջբերում է հնդիկ պաշտոնյաներից մեկի հետեւյալ հայտարարությունը. «Կովը կյանքի խորհրդանիշն է, մեր հասարակությանհոգին: Նրան բավարար կարեւորություն չի տրվում»: Պաշտոնյան ավելացրել է, որ նման նախարարություն ստեղծելու իմաստը կովերի փրկությունն է ոչնչացումից: Թերթը նշում է, որ խոշոր եղջերավոր անասունների սպանդը արդեն երկար ժամանակ լուրջ խնդիր է Հնդկաստանում: Կենդանիների պաշտպանության նոր կոչն արվեց այն բանից հետո, երբ անցյալ աշնանը Դադրի քաղաքում ամբոխը սպանեց մի մահմեդականի, որին կասկածում էին կով մորթելու մեջ: Այդ հաշվեհարդարին հաջորդած բռնարարքների ալիքը բանավեճ առաջացրեց երկրում կրոնական ահանդուրժողականության վերաբերյալ: Հնդկաստանում անասունների սպանդին վերաբերող դաշնային օրենք չկա, բայց վարչապետ Մոդիի պաշտոնակալությունից հետո որոշ նահանգներ ներկայացրել էին իրենց չափանիշները: Մի շարք նահանգներ խստացրել են տավարի մսի օգտագործման սահմանափակումները: ԱՄՆ գյուղնախարարության տվյալներ վկայակոչելովՙ «Ուոլ Սթրիթ ջոռնըլը» նշում է, որ չնայած արգելքների բազմազանությանը, Հնդկաստանը տավարի մսի խոշորագույն արտահանողներից մեկն է. անցյալ տարի այդ երկիրն արտահանելէ 2,4 մլն տոննա տավարի միս: |