ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿՐԱԿՎԵՑ, ԵՎ Ի՞ՆՉ ՆԱԻՐ ՅԱՆ Բունդեսթագի ընդունած բանաձեւը շարունակում է տարաբնույթ արձագանքների տեղիք տալ: Իհարկե, գերակշռում են զգացական մեկնաբանությունները: Բայց կգա պահը, երբ զգացականը կպաղի, ու կտեսնենք, որ բացի բարոյական գնահատականից, Գերմանիան որեւէ ծանրակշիռ, վճռորոշ դիրքորոշում իրականում չի ցուցաբերել, առավել եւսՙ Թուրքիայի գլխից մի մազ անգամ չի պակասել: Այսպիսով, Գերմանիան փորձեց իր քաղաքական խնդիրները, պետական շահերն առաջ քաշել: Ու առհասարակ մեկընդմիշտ պետք է հիշենք, որ յուրքանչյուր երկիր, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նախ եւ առաջ առաջնորդվում է իր պետական, քաղաքական շահերովՙ շահարկելով մեր ազգային մեծագույն ողբերգությունը: Միայն ճանաչումն ու ընդունումը շատ քիչ է որեւէ արդյունքի հասնելու համար: Կոնկրետ Գերմանիայի դեպքում այդ շահը Թուրքիային ստիպելն է, որ մի քանի միլիարդ եվրոյի դիմաց իր սահմաններից ներս ընդունի փախստականներին: Նկատի ունենանք, որ Գերմանիան 2005 թվականին եւս ընդունել է նմանատիպ բանաձեւ, իսկ 2015-ին Բուդեսթագում շրջանառվում էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող չորս փաստաթուղթ, որոնցից երկուսի հենց միայն վերնագրերում արդեն իսկ նշված էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Իսկ, օրինակ, 2005 թվականի բանաձեւում այդ բառակապակցության փոխարեն օգտագործվել է ժողովրդասպանություն բառը, որն, իհարկե, ամենեւին էլ ցեղասպանություն չի նշանակում: Այսինքնՙ ակնհայտ առաջընթաց ու փոփոխություն վերջին երկու տարվա բանաձեւերում կան, թեեւ պետք է նշելՙ որքան էլ սպասում էինք, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության 100 ամյակին կընդունի բանաձեւը, այնուամենայնիվ, այն չընդունեց: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար Արմեն Մարուքյանն , անդրադառնալով բունդեսթագյան զարգացումներին ու արձագանքներին, տեղին է համարում հիշել անցյալ տարի գերմանացի պատգամավորներից մեկի պատասխանն այն հարցին, թե ինչու 2015-ին չընդունվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Գերմանացին շատ պատկերավոր է ձեւակերպել իր խոսքը. «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ատրճանակում վերջին փամփուշտն է: Իսկ կրակելու համար հարմար պահ է պետք»: Գերմանիայի նախագահը Հռոմի պապի մատուցած պատարագից հետո Բեռլինի Մայր տաճարում իր հիշարժան ելույթով դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, նշեց, որ Գերմանիան մեղսակից է այդ ոճրին, բայց բանաձեւն ընդունվեց միայն այս տարի: Այսինքնՙ մեկ տարի առաջ այդ փաստաթուղթն ընդունելը Գերմանիայի քաղաքական շահերից չէր բխում, փամփուշտը կրակելու ժամանակը դեռ չէր եկել, իսկ հիմա եկել է, եւ փաստաթուղթն ընդունվեց: Եվ այդքանից հետոՙ այդ բանաձեւում միայն բարոյական վերաբերմունք ու գնահատական, իհարկե, նաեւ խոստովանություն, որ Գերմանիան Թուրքիայի մեղսակիցն է...ու վերջ: Ավելի ճիշտՙ ....ու վերջ չէ: Հաջորդիվ կոչ ու քարոզ էՙ վերականգնել ու վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները, հաշտության եզրեր գտնել, ներող ու հանդուրժող լինել: Ի դեպ, 2005 թվականի բանաձեւում եւս Գերմանիան ընդունել էր իր մեղսակցությունը, այնպես որ 11 տարվա ընդմիջումից հետո փաստաթուղթն իմաստային ու նպատակային առանձնապես փոփոխված խնդիրներ չի շոշափել: Մանավանդ որ հայերիս համար ամենակարեւոր հարցը դուրս է մնացել փաստաթղթիցՙ հատուցումը : Բունդեսթագի բանաձեւը, ինչպես եւ նմանատիպ մյուս փաստաթղթերն, իրավական ուժ չունեն, թույլ են ու նվազ ազդեցություն ունեցող: Այն չի կարող որեւէ մեկին որեւէ պատասխանատվության ենթարկել, այդ թվումՙ թուրքերին կամ գերմանացիներին: Արմեն Մարությանը նկատում է. «Մենք տեսնում ենք, որ մի երկիր, որը ճանաչել է Հոլոքոստը 1952 թվականի լյուքսեմբուրգյան համաձայնագրով, առ այսօր հատուցում է այդ հանցագործության համար, իր բանաձեւում բացարձակապես չի նշում հայերի ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի հատուցման մասին: Խնդիրը բերելով բարոյական հարթություն եւ առաջ քաշելով ներման գաղափարըՙ հարցերն այսքանով ավարտվում են: Ճանաչումներում սխեման է գործում Բունդեսթագի ընդունած բանաձեւում»: Փաստաթուղթը միայն օրենսդրի կարծիքն է, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ գործադիրն այն ընդունի: Ոչ մի երաշխիք չկա, որ Գերմանիայի կառավարությունն այս բանաձեւը կկիրառի: Հետեւաբար, փաստաթղթի ազդեցության ու նշանակության վերաբերյալ մեծ սպասումներ չենք կարող ունենալ: Գործնականում այն մեզ որեւէ օգուտ չի տա, եթե հաջորդ քայլը չձեռնարկենք: Պատմաբան Արմեն Մարուքյանը բանաձեւի թերի կամ երկակի ձեւակերպումների պատճառը համարում է այն, որ հայկական կողմըՙ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Գերմանիայի հայ համայնքը եւ Հայ դատի հանձնախմբերը չեն աշխատել փաստաթղթի վրա: «Միշտ ունենալու ենք նման արդյունք, քանի դեռ չենք փորձում ներգրավվել նմանատիպ փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներում, առաջ չենք քաշում մեր շահերից բխող տեսակետներ ու գաղափարներ: 2015 թվականին մենք ունեցանք ԵԺԿ-իՙ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցության բանաձեւըՙ հայ ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից մի փայլուն փաստաթուղթ, որտեղ նշվում են հայ ժողովրդիՙ նյութական ու տարածքային հատուցման դրույթները: Այսպիսի արդյունք ստացանք, որովհետեւ մեր մի քանի կուսակցություններ աշխատել են այս փաստաթղթի վրա: Պետք է ամեն ինչ նախօրոք մշակել, նախօրոք լրջորեն աշխատել, քանի որ արդեն ընդունված փաստաթուղթը փոփոխելը շատ դժվար է»: Ուրեմն ի՞նչ ակնկալել Բունդեսթագի փաստաթղթից. միայն բարոյական ինքնաբավարարվածությո՞ւն: Կդառնա՞ այն Թուրքիայի դեմ կիրառվող ճնշման գործիք, որով հայ ժողովուրդը կպաշտպանի իր իրավունքները, հատուցում կստանա, կվերականգնի ցեղասպանության հետեւանքները: Թուրքիան այն երկիրն է, որի հետ շատերն ունեն խնդիրներ. պրոբլեմատիկ, ագրեսիվ, անպատժելի պահվածք ընդունած այդ երկիրը կամայականություններ ու ամբիցիաներ է ներկայացնում անգամ իր դաշնակիցներին: Իսկ դաշնակիցներն էլ երբեմն-երբեմն նրան կարգի հրավիրելու թույլ ապտակներ են հասցնում: Մենք էլ միշտ դիտորդի դերում ենք. սպասում ենք, թե ով է իր շահերից ելնելովՙ նորից ու նորից շահարկելու Հայոց ցեղասպանության խնդիրը, այն օգտագործելուՙ որպես զսպաշապիկ ու շանտաժի միջոց Թուրքիայի հետ իր հարցերը կարգավորելու, Թուրքիայից իր հասանելիքը պոկելու համար: Մինչդեռ հնարավոր է տարբեր երկրների շահերի բախումից քաղել նաեւ մե՛ր օգուտը, այդ շահը ծառայեցնել մե՛ր շահին: Եթե զգոն, հեռատես, դիվանագետ ու պետական շահով առաջնորդվող լինենք...: Արմեն Մարուքյանը հորդորում է Բունդեսթագի ընդունած բանաձեւըՙ որպես ոչ նվազ արդյունք, ծառայեցնել ավելի կարեւոր ու արդյունավետ նպատակների: «Մենք անմիջապես պետք է մշակենք Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Երկաթը պետք է տաք-տաք ծեծել, քանի դեռ գերմանաթուրքական հարաբերություններում լարվածությունը մեծ է: Բունդեսթագը մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ»-ով ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը. պետք է անհապաղ կատարել հաջորդ քայլը: Եթե Գերմանիան համարում է, որ դա ցեղասպանություն է, ուրեմն պետք է քրեականացնի իր իսկ ընդունած ցեղասպանության ժխտումը, ինչը գործում է Հոլոքոստի պարագայում: Այդ օրինագիծը մենք կարող ենք շատ արագորեն առաջարկել Բունդեսթագին, մանավանդ որ այն պատրաստի կա: Կարելի է ֆրանսերեն տարբերակը թարգմանել գերմաներեն ու ներկայացնել Բունդեսթագին»: Մի պահ պատկերացնենք, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ինչ ռեզոնանս կառաջացնի Գերմանիայում, որտեղ ապրում է 3,5 միլիոն թուրք: Իսկ Թուրքիայո՞ւմ...: |