ՀԵ՜Յ, ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ Հ. ԱՖՅԱՆ Պատմակա՞ն շաբաթ էր, թերեւս, համենայն դեպսՙ պապական էր հաստա՛տ: Պապական-պատմական, այդպես ավելի ճիշտ է: Հայաստան էր ժամանել Ամենայն հայոց... Պապը, Ֆրանցիսկոսը, ով լվանում է ամենամեղավորների ոտքերը, մեքենայից իջնում է, երբ ճանապարհին հաշմանդամ է տեսնում, որպեսզի համբուրի վերջինիս, ամեն շաբաթ Վատիկանում ընդունում է երեխաների, ծերերի... Նա եկել էր առաջին քրիստոնյա պետություն եւ այդ առաջին քրիստոնյա պետությունը մենք ենք, մերն է: Վատ է, որ այդ պետության կազմում չէ Արարատը, բայց լավ է, որ Պապը դեպի Արարատը աղավնի բաց թողեց: Ավելի վաղ Գյումրի էր գնացել, ավելի վաղ էլՙ սպիտակ Ռենո էր նստել, չմգացված ապակիներով, հասարակ: Վերջին անգամ ե՞րբ էինք Գյումրի գնացել, հե՜յ, առաջին քրիստոնյաներ, պարտադիր չէՙ սպիտակ Ռենոյով, սեւ թանկարժեքով թեկուզ, կարեւորըՙ Գյումրի գնալն է, վագոն տնակների առջեւ կանգնելն է, այնտեղ մեքենայից իջնելն է, այդ մարդկանց համար, այդ մարդկանց առջեւ աղոթելն է: Բայց դա Պապն էլ չարեց, երեւի մեզ թողեց, երեւի... սպիտակ Ռենոն էլ թողեց: Հետո Հանրապետության հրապարակ եկավ, նկատի ունեմՙ Պապը, Պապը եւ մարդիկ, մի քանի հազար, երեխաներով, որ Պապին տեսնեն, որ նրա կողմ մղեն իրենց երեխաներին, որ Պապը գրկի, ձեռքը գլխներին դնի, օրհնի: Պապն էլ դրեց, օրհնեց, աղոթեց... Հետո Խոր Վիրապ գնաց: Խոր Վիրապը ուրիշ եկեղեցի է, եկեղեցին ուրիշ է, ուրեմն Խոր Վիրապը ուրիշների ուրիշն է: Այնտեղ քրիստոնեությունն է սկսվելՙ Հայաստանում, Հայաստանն էլ առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Ու աղավնինՙ դեպի Արարատ: Պապն այսքան բան արեց, հետո նստեց իր ինքնաթիռը, որի վրա գրված էրՙ Aeitalia, ու գնաց, մենք մնացինք ՙառաջին քրիստոնյաներով ու տխուր, նույնը, նույնըՙ տխուր, հավատը, հույսը, սերը կորցրած... Պարզեցինք, որ տեղեկատվական բադիկ էր այն լուրը, երբ Հայաստանում գտնվելու առաջին գիշերը Պապը խնդրել էր, որ իրեն ծերանոց տանեն, որ այնտեղ գիշերի: ՙՉկա այդպիսի բան, չի ասել՚, ասացինք, երեւի ճիշտ, բայց եթե անգամ ճիշտ, կամ սխալ մեկը չկար, որ Պապի Հայաստանում գտնվելու առաջին գիշերն ասերՙ ինձ ծերանոց տարեք, որ այնտեղ գիշերեմ, հե՜յ, առաջին քրիստոնյաներ: Տասը չէ, հինգը չէ, մե՛կը: Պարզեցինք, որ կարգին գեղեցիկ երկիր ունենքՙ հոգեւոր, հոգեւոր ժողովրդով, կարոտած, սիրող, հավատացյալ, մոռացել էինք, դե ո՞վ առաջինը ընդունի քրիստոնեությունը ու հիշի, որ քրիստոնյա է, դա այնքան վաղուց էր... Ի՞նչ տվեց Պապի այցը: Առայժմ ոչինչ: Իհարկե միջազգային մամուլի ու ոչ միայն մամուլի ուշադրության կենտրոնում էինք, ավելի ճիշտՙ այդ կենտրոնում միշտ էլ եղել է Պապը, որտեղ էլ նա գնա: Իհարկե, այդ մամուլի էջերում մեր երկրի ու մեր մարդկանց նկարները հայտնվեցին, «քրիստոնեությունն առաջինն ընդունածները» մեծ-մեծ տառերով: Իհարկե, դեռ երկար եւ տարբեր լեզուներով կխոսեն Պապիՙ այս մեծ ուխտագնացության մասին, բայց դա ոչինչ է: Ամեն ինչ կլիներ, եթե մենք առաջինը քրիստոնեությունն ընդունած չլինեինք, քանի որ առաջինն ենք, իսկ դա ոչինչ է: Պապի այցը մեզ մի բան տված կլինի, եթե սրանից հետո նստենք սպիտակ Ռենոն ու գնանք Գյումրիՙ վագոններում ապրող մարդկանց տեսնելու ու նրանց համար աղոթելու, գոնե միայն աղոթելու: Տված կլինի, եթե ամեն կիրակի որբեր ընդունենք Սուրբ Էջմիածնում ու շոյենք նրանք կախ գլուխները: Տված կլինի, եթե ցմահ ազատազրկված կալանավորների ոտքերը լվանք, քանի որ բոլորն են ներվում եւ ամենն է ներվում: Տված կլինի, եթե մեկը, տասը չէ, հինգը չէ, մե՛կը ցանկություն հայտնի, որ այդ գիշեր իրեն ծերանոց տանեն, քանի որ ինքն ուզում է ծերանոցում լինել: Այդ ժամանակ տված կլինի, հե՜յ, առաջին քրիստոնյաներ: |