ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ԻՍՐԱՅԵ՛Լ Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ Հուլիսի 5-ին Իսրայելի Քնեսեթում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա հուլիսի 8-ին Քնեսեթի կրթության հանձնաժողովը, քննարկելով Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը, որոշում էր կայացրել այն մտցնել խորհրդարանի լիագումար նիստի օրակարգՙ քվեարկության առաջարկով: Սակայն այս տարվա մայիսի 31-ին Քնեսեթի նախագահի խնդրանքով քվեարկությունը հետաձգվեց հուլիսի 5-ին: Նշենք նաեւ, որ Քնեսեթում հարցի քվեարկության օրը տեղի հայությունը պատրաստվում է զորակցական հանրահավաք կազմակերպել խորհրդարանի առջեւ: Միեւնույն ժամանակ օրերս Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կնքված համաձայնագրով վերականգնվել են այս երկու երկրների միջեւ տեւական ժամանակ սառեցված հարաբերությունները: Այդուհանդերձ Ցեղասպանության ճանաչման բանաձեւի կողմնակից «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալոնը հայտարարել է, որ այս անգամ իրենք չեն գնալու զիջման եւ անգամ չեն համաձայնելու, որպեսզի Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագծի քվեարկությունը Քնեսեթը կրկին հետաձգի: Դժվար է ասել ինչ որոշում կընդունի «միակ ցեղասպանությունը» վերապրած հրեաների խորհրդարանը, բայց արդեն փաստ է, որ այդ «միակ ցեղասպանությունն» իրականացրած Գերմանիան բոլորովին վերջերս ընդունեց, որ տեղի է ունեցել այլ ցեղասպանություն եւսՙ հայերինը: Ջոն Էվանսը, Բաքուն եւ Ֆրանց Վալտեր Շտայնմայերը Երեւանում ԱՄՆ նախկին դեսպանՙ Ջոն Էվանսը, ով հատկապես հայտնի է Հայոց ցեղասպանությանը Հայոց ցեղասպանություն անվանելով, Արցախում է: Ինչպես հայտնել է ամերիկացի դիվանագետը ինքը շատ էր ուզում ապրիլյան սրացումներից հետո անպայման լինել Արցախում եւ սիրով ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ Կարո Արմենիՙ Արցախ այցելելու հրավերը: «Արցախպրեսսին» տված հարցազրույցում դեսպան նշել է. «Կարծում եմ ժամանակն է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ այնտեղ ներկայացնի իր շահերը»: Դեսպան Էվանսին ոչ թե այս հայտարարության, այլՙ առանց Ադրբեջանի թույլտվությանՙ Արցախ այցելելու համար Ադրբեջանն արդեն ընդգրկել է իր «սեւ ցուցակում», բայց այ Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանց Վալտեր Շտայնմայերին հազիվ թե ընդգրկեն: Շտայնմայերը հանդիպել է Բակո Սահակյանին եւ այդ հանդիպումից հետո ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը լրագրողներին հայտարարել է, որՙ «Անհնար է բանակցություններում առաջընթաց ունենալ առանց Արցախի մասնակցության վերականգնման: Եւ ԵԱՀԿ-ն, որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նաեւ նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»: Մի բան է մութ մնում. ինչո՞ւ է Բաքուն իր սեւ ցուցակում ընգրկել Ջոն Էվանսին, որը չի հանդիպել Արցախի նախագահին, բայց չի ընդգրկել Ֆրանց Վալտեր Շտայնմայերին, ով հանդիպել է Արցախի նախագահին: Տրամաբանում ենք, որ Բակո Սահակյանին Բաքուն «թույլ է տալիս» հանդիպել: |