RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016



ԾՆՈՂՔ

Տեղադրվել է` 2016-06-30 23:46:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4374, Տպվել է` 285, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԸ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ...

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեռնեիՙ գարնան հողի մեջ տարփող

Ու շշնջայի հեքիաթը կյանքի

Եվ ավետաբեր գարնան բուրմունքով

Ես հող դառնայի,

Բայց ոչ թե մեռած,

Այլՙ փթթող գարնան

Բուրմունքով արբած...

Այդպես կարոտով ու կյանքով գերված

նորից ապրեի...

Մեդորա Խաչատրյան

Աշխարհում կան նվիրյալներ, ովքեր պատրաստ են իրենց երկրային առաքինությունը կատարել մինչեւ վերջին կենդանի բջիջը, մարման անվերադարձ շունչը...

Գրելով այս տողերը, կարծես ապրում եմ մի զարմանալի ափսոսանք եղելության մասին, թեպետ ինձ պարուրում է նաեւ սփոփանքի, ոգեւորության զգացումը դեպի կյանքը:

Այս տարվա հունիսի 5-ին կլրանար գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Մեդորա Խաչատրյանի ծննդյան 79-ամյակը եւ սույն ամսվա 15-ին նրաՙ մահվան երկրորդ տարեդարձը:

Բազմաբեղուն էր Մ. Խաչատրյանի գործունեությունը: Գիտական շուրջ 60 աշխատանք, 5 գյուտ, ԽՍՀՄ ԺՏՆՑ մրցանակակիր, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրքերի հեղինակ:

Մեդորա Խաչատրյանը ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիայի թեզերի պաշտպանության խորհրդի անդամ էր, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուծության գիտական զարգացման գիտամեթոդական խորհրդի քարտուղար:

Նա ամեն կերպ աջակցում էր ճյուղի վերելքին, նպաստում գիտական կադրերի պատրաստման առաջընթացին:

Նրա անունը գրվել է Մոսկվայի Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայի տավարաբուծության ամբիոնում ստեղծված կարմիր գրքումՙ ի թիվս անասնաբուծական գիտության առաջատար այլ գիտնականների:

Հայկական անասնաբուծության եւ անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տավարի բուծման եւ գենետիկայի բաժնում նա երկար տարիներ աշխատեց որպես ավագ, ապա առաջատար գիտաշխատողՙ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, Գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս Վաղինակ Ոսկանյանի ղեկավարությամբ:

1968 թ.-ից Մ. Խաչատրյանի գիտական գործունեությունն ուղղվում է տավարի էթնիկական ցեղիՙ կովկասյան գորշի ինտերերային հատկանիշների բացահայտման խնդրին:

Գրեթե քառորդ դար նա իրականացրեց մեծածավալ խորազնին գիտական հետազոտություններ:

Համալիր հետազոտությունների հիման վրա Մ. Խաչատրյանը հանրապետությունում առաջինն է տվել տավարի կովկասյան գորշ ցեղի մաշկածածկույթի մանրակառուցվածքային համապատասխան ֆիզիկամեխանիկական, ապրանքատեխնոլոգիական հատկանշական բնութագրումըՙ իբրեւ արտադրական հումքի եւ ըստ կիրառության նպատակի մտցրել հստակ դասակարգում:

Բազմակողմանի եւ ծավալուն գիտահետազոտական նյութերըՙ Մ. Խաչատրյանն ամփոփեց դոկտորական թեզում, որն ի դեպ նվիրեց Սպիտակի 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Իր հուշերում Մեդորա Խաչատրյանը դոկտորական թեզի վերաբերյալ բերել է մի զարմանահրաշ դրվագ.

«Առաջին կուրսում ուսանելու տարիներին առաջին անգամ մեկնեցի Սուրբ Էջմիածին եւ այցելեցի վերջինիս կից գանձարան-թանգարանը:

Ուշադրությունս սեւեռվեց մի հրաշագործՙ բաց կանաչագույն կերպասյա ոսկեկար, գեղանկար նախշերով ասեղնագործ սփռոց-վարագույրի վրա, որը մի հայուհու 15-20 տարիների աշխատանքի արդյունք էր:

Տարիներ անց, երբ անցա գյուղատնտեսական կենսաբանության գիտահետազոտական ուսումնասիրությունների գործունեության ոլորտը, կանխակալորեն ընտրեցի հյուսվածքաբանությունը, եւ ամեն անգամ, երբ գույնզգույն կտրուկներ էի պատրաստում, որը, մեթոդապես չափազանց նուրբ եւ աշխատատար է, եւ առնում դրանք մանրադիտական տեսադաշտի տակ, հիանում էի այնտեղ գծագրված բազում օրգանական բջիջների եւ հյուսվածքների գույներով, որոնք բազմերանգ էին, ճիշտ այն գույներըՙ բաց վարդագույն, երկնագույն... Որպիսի՜ նմանություն Էջմիածնի թանգարանային կերպասի գույներին, նախշերին...»:

Ահավասիկՙ այս գունային երբնապնակը դարձավ նրա ողջ կյանքի առաջընթացը, սիրո մեղեդին, մարդկային բարոյա-գեղագիտական, բարության եւ արդարամտության արգասիքը, նրա հավերժության տենչը առ Աստված...

Եվ ինչպես հաճախակի նա սիրում էր կրկնելՙ

«Իմ նախասիրությունը կյա՛նքն է...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ