ՀՌԵՆՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍ ՁԳՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Գերմանիայի վերամիավորման առթիվ Դրեզդենում եւ Երեւանում տեղի ունեցած տոնակատարությունների շրջանակներում Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչատունը լույս է ընծայել «Հռենոսի եւ Արաքսի միջեւ: Գերմանա-հայկական հարաբերությունների 900 տարին» հատորի հայերեն թարգմանությունը: Գերմաներեն բնագիրը, ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի դրեզդենյան հաղորդագրության, գրել են Էննո Մեյերը եւ Արա Բերքյանը, իսկ հայերեն թարգմանել է վերջինիս կինըՙ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, որ դրանով ի կատար է ածել իր վաղամեռիկ ամուսնու ցանկությունը: Հատորի հրատարակման նպատակը խորամուխ լինելն է մոտ մեկ դար ձգվող հայ-գերմանական հարաբերություններին, վերացնելու համար ամեն տեսակի նախապաշարումներն ու նորանոր բացահայտումներ անելու իրարհասկացողության ոլորտում` շնորհիվ գերմանական արխիվներից դուրս բերված եւ առաջին անգամ հանրությանը ներկայացվող նյութերի: Այդ հարաբերություններն, անշուշտ, հեշտ չեն եղել, հատկապես հաշվի առնելով 20-րդ դարում բռնկված երկու համաշխարհային պատերազմները եւ մեծ տերությունների դերը: Գրքի առաջին մասը քննության է առնում հնագույն ժամանակներից (1071 թ.) մինչեւ 1922-ը, իսկ երկրորդ մասըՙ 1922-ից մինչեւ 1988 ընկած ժամանակաշրջանը: Երեւանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած շնորհանդեսի ընթացքում գրքի հայերեն տարբերակից հատվածներ է կարդացել դերասանուհի Գայանե Սամուելյանը: Ներկա են եղել գրքի թարգմանչուհինՙ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, խմբագիրըՙ Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ի մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, մտավորականներ, պատմաբաններ եւ լրագրողներ: |