RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3363, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻԼԻՊ ԳԱԼՖԱՅԱՆԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾՈՎ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ինչպես ֆրանսահայերը, այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը եւ Հայաստանի բնակչությունը մեծ ոգեւորությամբ ընդունեցին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի քրեականացվում է ցեղասպանությունների (այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության) ժխտումը: Համաշխարհային ճանաչման արժանացած մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մասնագետ ֆրանսահայ Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը, սակայն, այնքան էլ ոգեւորված չէ եւ գտնում է, որ օրենքը շատ քիչ հնարավորություն ունի անցնելու երկրի սահմանադրական դատարանում: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի» հոկտեմբերի 29-ի համարում տպագրվածՙ թերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հետ հարցազրույցում նա նշել է, որ բանաձեւում ընդգրկված այլ հոդվածներ, որոնք կապ չունեն տվյալ հարցի հետ, միանգամայն անսահմանադրական են, որովհետեւ խախտում են մամուլի եւ լրագրողների ազատությունները: «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հոդվածը ընդամենը մեկ, փոքր մասն է ընդհանուր իրավական փաստաթղթի» ասել է նա:

Իրավաբան Գալֆայանը Փարիզից դուրս գործող «Stradev Conseils» միջազգային իրավունքի գրասենյակի խորհրդատու է, 2003-ից ծառայում է Եվրոխորհրդում եւ արդեն 21 տարի է, ինչ Ֆրանսիայում «Մարդու իրավունքների լիգաների միջազգային դաշնության» (FIDH) անդամ է: Ներկայիս դասախոսում է եւ պատրաստվում պաշտպանել իր դոկտորականը:

«Ֆրանսիան խնդիր չունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչել է այն 2001 թվի հունվարի 29-ին: Բայց դա պարտավորեցնող հանգամանք չունի: Մարդիկ պետք է հասկանան, որ պատմական ճշմարտությունները կապ չունեն իրավական ճշմարտությունների հետ: Նոր բանաձեւը նախ ձայների շատ քիչ հարաբերությամբ ընդունվեց (156 ընդդեմ 146-ի): Ապա այնտեղ օգտագործված բառապաշարը բավական թույլ է եւ քննադատելի: Ֆրանսահայ կազմակերպությունները ստիպված են լինելու ապացուցելու, որ իրենց (կամ ընդհանրապես հայերի) դեմ եղած արտահայտությունները «անարգական են» եւ «բռնութուն եւ ատելություն սերմանելուն» են ծառայում: Ցեղասպանությունը ժխտողը կարող է զգուշավոր լինել բառերի ընտրության հարցում: Կարճ ասած, նախագահ Օլանդը, այո, պահեց իր խոստումը, բայց այնպիսի մի տեքստ առաջարկեց Սահմանադրական դատարանին, որն այնքան էլ արդյունավետ եւ գործնական չէ», նշել է նա, ավելացնելով, որ ինչպես նախագահ Սարկոզիի ժամանակ վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնն էր շահադիտական նպատակներով պայքարում նրա դեմ, այժմ էլ Օլանդի դեմ պայքարողներ կան, որոնք ամեն ինչ կանեն տապալելու համար բանաձեւը:

Ապա անդրադառնալով հատուցման հարցին նա հաստատել է, որ բացի նյութական, դրամական փոխհատուցումից, կան այլ, առավել արդյունավետ միջոցներ, «որոնց մենք կարող ենք տիրանալ» եւ որպես օրինակ բերել է «Սեւ ծովից ազատորեն օգտվելու հնարավորությունը»:

«Վնասի բնույթն է կարեւորը եւ հիմքըՙ բոլոր հատուցումների, եւ ոչ թե ոճրագործության ճանաչումը կամ բնութագրումը», շարունակել է նա պնդելով, որ միայն ճանաչման վրա սեւեռումները ջանքերի զուր վատնում է: «Մինչեւ այժմ եղած դրամական փոխհատուցումները որոշակի թվով անհատների, հնարավոր եղան ձեռք բերել շնորհիվ Թուրքիայի վրա գործադրված ճնշումների: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, փոխելով մեր մարտավարությունը: Ես ստեղծել եմ իրավաբանների «AGIR» խմբակցությունը, որը Հայոց ցեղասպանության միջազգային փոխհատուցման գործնական քայլեր է մշակում: Տեղյակ եմ, որ Լոս Անջելեսում «Հայ իրավաբանների ընկերակցությունն ունի այդ նպատակով գործող իր հանձնախումբը, եւ վերջերս էլ Հայ դատի կոմիտեն է Վաշինգտոնում հիմնել մեկ այլ իրավական կենտրոն: Այս բոլորը պարտավոր են գործել միասին, մշակել միասնական մոտեցում մեր պահանջատիրությանը: Մենք ժամանակ չունենք կորցնելու: Հայաստանի կառավարությունն էլ բարեփոխումներ առաջ տանելով պետք է նպաստի այս գործընթացին: Ես մտահոգ եմ Հայաստանի ապագայով, բայց նաեւ լավատես», եզրափակել է իր խոսքը Գալֆայանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ