ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ԵՎ ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանի մասին զեկույց է հրապարակել: Ի թիվս այլ փաստերի, նշվում է, որ այդ երկիրը խտրական քաղաքականություն է վարում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ արգելում օտարահպատակ հայերի մուտքն իր տարածք: Հոկտեմբերի վերջերին Բաքվի «Հայդար Ալիեւ» օդանավակայանում երկու օր անօգուտ սպասելովՙ Ուկրաինա էր վերադարձել ոմն Վահե Ավետյան, որը Շվեդիայի քաղաքացի է: Նա Ադրբեջան էր ուղեւորվել «խաղաղարար առաքելությամբ»: Ավետյանը նոր էր լքել ադրբեջանական օդային տարածքը, երբ մամուլում հրապարակվեց Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի նախագահիՙ նրան հասցեագրած նամակը, որով Ալիեւի ռեժիմի ներկայացուցիչը կատարվածը որակում էր «ցավալի թյուրիմացություն» եւ նրան հրավիրում մասնակցելու ինչ-որ խորհրդաժողովիՙ խոստանալով հոգալ բոլոր ծախսերը: Եւ ահա նոյեմբերի 8-ին ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները տարփողեցին, որ «հայ իրավապաշտպաններ Վահե Ավետյանը եւ Վահան Մարտիրոսյանը Բաքվում մասնակցում են խաղաղարար խորհրդաժողովի»: Կրկնենք, որ Ավետյանը Շվեդիայի քաղաքացի է, իսկ Վահան Մարտիրոսյանը, որի դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցված, Վրաստանի տարածքով անցյալ տարի անցել էր Ադրբեջան: Որոշ ժամանակ ապրելով Բաքվում, Մարտիրոսյանն այնուհետեւ «տեղափոխվել է երրորդ երկիր»: Մարտիրոսյանի բնակության վայրը հայտնի էՙ Ուկրաինայի Օդեսայի մարզ: Ըստ երեւույթին, նրան այնտեղ ապաստան է տվել Ալիեւի ռեժիմի ջերմ երկրպագու Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո լքել է հայրենիքը եւ Ուկրիանայում էքսցենտրիկ նահանգապետի համբավ ձեռք բերել: Նոյեմբերի 8-ին Ավետյանը եւ Մարտիրոսյանը Բաքվում այցելել են այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանության զոհերի» հուշահամալիր եւ ծաղկեպսակներ դրել(անկասկածՙ հյուրընկալների միջոցների հաշվին): Ավետյանը հայտարարել է, որ Խոջալուն «հայ ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ կմնա որպես սեւ բիծ»: Ո՞վ է Ավետյանին լիազորել անելու նման հայտարարություն: Չէ՞ որ նա Հայաստանի քաղաքացի չէ: Նույնըՙ Մարտիրոսյանի պարագայում: Ուկրաինայից haqqin.az-ի համար հոդվածներ գրող մեկն իրավասո՞ւ է Բաքվում հանդես գալ որպես «հայ իրավապաշտպան»: Անշուշտՙ ոչ: Բայց ինչպե՞ս է պատահում, որ հակառակորդի հատուկ ծառայություններին հաջողվում է գտնել նմաններին, դարձնել իրենց գործակալը եւ օգտագործել Հայաստանի Հանրապետության, Արցախի, առհասարակՙ հայության շահերի դեմ, իսկ Ալիեւի ռեժիմից մազապարուրծ հազարավոր ադրբեջանցի վտարանդիների շարքում մենք չենք փորձում կապ հաստատել որեւէ մեկի հետ, հրավիրել նրան Հայաստան կամ հենց Արցախ: Սա լուրջ խնդիր է: Հայ լրագրողը դարձել է vesti.az-ի մշտական հեղինակներից մեկը եւ ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին գործիք, իսկ նրա գործընկերները Երեւանում եւ Ստեփանակերտում լռում են: Չեն միջամտում նաեւ պատկան մարմինները: Այստեղ չի կարելի պաշտպանվել տեղեկություններ ստանալու եւ տարածելու ազատության մասին սահմանադրական իրավունքով: Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Եւ հայ լրագրողն ուղղակի մեղք է գործում, երբ Արցախի բնակչության թիվ է նշում «այնտեղ դեռեւս հրաշքով ապրող 90-100 հազար հոգու»: Իր ժողովրդի եւ ճշմարտության հանդեպ մեղք է գործում Վահե Ավետյանը, երբ ասում է, որ Խոջալուն «հայ ժողովրդի պատմության մեջ ընդմիշտ կմնա սեւ բիծ»: Տողերիս հեղինակը ժամանակին «Ազգ»ում Խոջալուի թեմային նվիրված հոդվածաշար է տպագրելՙ նյութերը հայթայթելով բացառապես ադրբեջանական աղբյուրներից, որոնք հասանելի են համացանցում: Իրականությունն այն է, որ բուն Խոջալու գյուղում քաղաքացիական ոչ մի անձ չի սպանվել: Մարդկանց վրա դիմահար կրակ են բացել Աղդամ քաղաքի մատույցներում, մի տեղանքում, որը մինչեւ 1993թ. ամառ գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Հայտնի է, որ սպանվածների դիակները տեսանկարահանվել են երկու անգամ: Առաջին նկարահանման ժամանակ բռնության պատկերներ չեն արձանագրվել: Եւ միայն մի քանի օր անց են հայտնվել սահմռկեցուցիչ կադրեր, որոնք անմիջապես ցուցադրվել են Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանում: Դա էլ դարձել է Մութալիբովի պաշտոնանկության պատճառը: Խոջալուի դեպքերի հետ կապ ունեցող ադրբեջանցի բոլոր դաշտային հրամանատարները մեկ-երկու ամսվա ընթացքում չպարզված հանգամանքներում զոհվել են Աղդամի շրջանի տարածքում: Զոհվել է նաեւ լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը, որն առաջինն է տեսանկարահանել սպանվածներին: Բանտ է նետվել եւ անհասկանալի հանգամանքներում մահացել Գաթիր Մամեդ մականունով դաշտային հրամանատարը, երբ սպառնացել է, որ կխոսի Խոջալուի մասին: Խոջալուի դեպքերով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի վարույթը կասեցվել է, երբ իշխանության է եկել ԱԺՃ-նՙ այդ պահի դրությամբ ամենամեծ ռազմական ուժերն ունեցող կուսակցությունը: Իսկ 1993թ.-ին, իշխանությունը զավթելով ԱԺՃ-ից, Հեյդար Ալիեւը լուծարել է Խոջալուի դեպքերի քննության խորհրդարանական հանձնաժողովը: Միայն այս վերջին երկու փաստերը բավական են, որպեսզի անվերապահորեն պնդենքՙ Խոջալուի խաղաղ բնակչությունը դարձել է ներքին քաղաքական մրցապայքարի զոհ: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է մի շատ հետաքրքրական փաստ: Խոսքն Ադրբեջանում թուրքական «Գորշ գայլեր» ռազմականացված կառույցի գործունեությանն է վերաբերում: Այդ կազմակերպությունը սեփական զինված ջոկատներն է ունեցել նաեւ Աղդամում: Եւ ահա Խոջալուի դեպքերից կարճ ժամանակ անց այդ «կամավորական գումարտակը» լուծարվում է, գրոհայինները նշանակվում են Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի թիկնազորում: Արդյոք նրանք չե՞ն մասնակցել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանդին: Խաղաղ բնակչության ողբերգության համար կարելի է եւ պետք է ցավել: Բայց Խոջալուն ոչ թե հայ, այլ ադրբեջանական ժողովրդի պատմության մեջ է ընդմիշտ մնալու սեւ բիծ, եթե այդ հասարակությունն ուշքի չգա եւ սեփական իշխանություններից չպահանջի անցկացնել բաց եւ արդար հետաքննություն: Քանի դեռ Ադրբեջանում Ալիեւի ռեժիմն է իշխում, դա հնարավոր չէ: Որովհետեւ Խոջալուի խաղաղ բնակչության արյան պատասխանատվությունը ծանրանում է առաջին հերթին Հեյդար Ալիեւի խղճին: Բայց դա չի նշանակում, թե ճշմարտությունը չի բացահայտվելու: Եւ բոլոր մեղավորները, նաեւ Վահե Ավետյանը եւ Վահան Մարտիրոսյանը չեն ենթարկվելու պատասխանատվության: Գոնեՙ բարոյական... |