ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ Բնապահպանական կարեւոր խնդիրների անդրադարձող «Արեւորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է եւ խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման եւ FPWC-ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաեւ նորՙ «Կանաչ շարժունակություն» նախագիծը: Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարեւոր բնապահպանական խնդիրների: Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի եւ դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ եւ այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանությանՙ գնալով ահագնացող հրամայականի մասին: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի աղմուկ հանած 38 ֆիլմ ամբողջ աշխարհիցՙ մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում: «Արդեն տասը տարի համատեղ ջանքերով մենք ձգտում ենք բնապահպանական մտածողություն եւ մշակույթ ձեւավորել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում: Անխնա, սպառողական մոտեցումն ու անփութությունը մարդկության նետած բումերանգն է ամբողջ աշխարհին, որը մի օր կարող է վերադառնալՙ աղետի տեսքով: Դրանից խուսափելու համար մենք պետք է կարողանանք առաջին հերթին խուսափել գիտակցված սխալից. բնությունը ոչնչացնելու, աղտոտելու եւ անտարբերության մթնոլորտից: Մեզ հաջողվում է այսօրինակ միջոցառումներով, քայլ առ քայլ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ երիտասարդ սերունդն առավել պատվախնդիր է այս հարցում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Արեւորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում: Փառատոնի բացման արարողությունից անմիջապես առաջ, ժ.17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի նախասրահում տեղի կունենա աշխարհահռչակ լուսանկարիչ եւ ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչո՞ւ» ֆոտոցուցահանդեսի բացումը: Բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը: Ֆիլմադիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան ԷՕՆում, Մասս Մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում: Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: |