ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍՆԵ՞ՐԸ ԹՐԱՄՓԻՆ ՀԱՍՑՐԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Պ. Ք. Լրտեսությունը կարելի է կանխել կապի միջոցների պաշտպանվածությամբ Ամերիկյան լրատվամիջոցները, Սպիտակ տան եւ ԿՀՎ-ի պաշտոնական անձանց կարծիքները կրկնելովՙ բացեիբաց մեղադրում են Ռուսաստանին, թե նա կոտրել է դեմոկրատների սերվերները, գողացել թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ղեկավարի էլեկտրոնային նամակագրությունը եւ դրանով իսկ ազդել է նախագահական ընտրությունների ելքի վրա: Թեեւ Ռուսաստանի միջամտության համոզիչ ապացույցեր չեն ներկայացվել, սակայն չարժե զարմանալ Մոսկվայի գործողություններից: Լրտեսությունը սովորական, իսկ դեմոկրատների նամակագրության կոտրանքի պատմության մեջ մեղավորը հենց իրենք են, քանի որ անզգուշություն են դրսեւորել չպաշտպանված կապուղիով խոսելիս: Այս պնդումն է անում ԿՀՎ նախկին աշխատակից Ֆիլիպ Ջիրալդին American Conservative թերթում հրապարակած հոդվածում: Հեղինակը նշում է, որ Washington Post թերթի հրապարակման համաձայն, ԿՀՎ-ն եզրակացրել է, որ Ռուսաստանը նպաստել է հանրապետականների թեկնածու Թրամփի ընտրությանը: Թերթի լրագրողները ընդգծել են, որ Ռուսաստանի կառավարությունը կազմակերպել էր Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնախմբի (ԴԿԱՀ) սերվերների, ինչպես նաեւ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի փոստարկղի կոտրումը, որից հետո տեղեկությունները հասարակայնության սեփականությունն էին դարձել WikiLeaks եւ Guccifer 2.0 կայքերի միջոցով: Ավելին, New York Times-ը իր հերթին հաղորդում է, որ Ռուսաստանը կոտրել է Հանրապետական կուսակցության ազգային հանձնախմբի (ՀԿԱՀ) սերվերները, բայց ստացված տեղեկությունները չեն հրապարակվել: Ըստ որում, կուսակցությունում նշել են, թե իրենք կոտրանքի որեւէ փորձ չեն արձանագրել: Մոսկվային ուղղված մեղադրանքները հիմնվում են ԿՀՎ-ի պատրաստած գաղտնի զեկուցագրի վրա, որտեղ ներկայացված է հետախուզական ընկերակցության ընդհանուր համաձայնությունը տվյալ հարցի առթիվ: «Ընդհանուր համաձայնություն» բառերի օգտագործումը ակնարկում է, որ հետեւությունների հարցում առկա են տարաձայնություններ, ինչպես նաեւ հիմքեր կան կարծելու, թե ընկերակցության ոչ բոլոր անդամներն են ստորագրել զեկուցագրի վերջնական տարբերակը: Այնտեղ նաեւ ուշադրություն չի դարձվում այն հարցին, թե Ռուսաստանի միջամտությունն ազդե՞լ է արդյոք քվեարկության արդյունքների վրա: Հատուկ ծառայությունների վերլուծության առթիվ Սպիտակ տան պատասխանը եղավ կոտրանքների հետաքննություն անցկացնելու կոչը: Իր հերթին նորընտիր նախագահ Թրամփը բացասաբար արձագանքեց ԿՀՎ հետեւություններին: «Դրանք հենց նույն մարդիկ են, որոնք ասում էին, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային բնաջնջման զենք ունի... Ժամանակն է մի կողմ դնել այդ հարցը», ասաց նա: Հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնը եւ Լինդսի Գրեմը մեղադրանքներով արդեն շրջափակել են Մոսկվայի հետ կապերը բարելավելու Թրամփի հնարավոր նախաձեռնությունը, ինչը կարող է զգալի հետեւանքներ ունենալ ապագայում: Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքներն ամերիկյան ԶԼՄ-ներում են, քանի որ ոչ ԿՀՎ-ն, ոչ էլ Սպիտակ տունը չեն հրապարակել գաղտնի զեկուցագրի բովանդակությունը: Նախ եւ առաջ կարեւոր է ուշադրություն դարձնել բուն կոտրանքի եւ տեղեկատվության տարածման ապացույցին: Սպիտակ տանը պնդում են, թե հետախուզական ընկերակցությունը «մեծ չափով վստահ է», որ սերվերների կոտրումը եւ տեղեկատվության տարածումը ուղղորդվել են ՌԴ կառավարությունից: Դա բավական լուրջ մեղադրանք է, բայց ներկա պահին անհնար է հաստատ բան իմանալ: Մի շարք պաշտոնական անձինք իրենց անունները չնշելու պայմանով խոստովանում են, որ Ռուսաստանի կառավարության եւ ցանցահենների միջեւ ուղղակի կապ չկա: Եթե հատուկ ծառայությունները հայտարարում են, թե իրենք բավականաչափ տեղեկություններ ունեն Կրեմլի հետ ուղղակի կապի վերաբերյալ հետեւություն անելու համար, ապա նրանք պետք է ներկայացնեն այդ վավերական կամ այլ ապացույցները: Եթե ԿՀՎ-ն ուզում է պահպանել իր հեղինակությունը, ապա պարտավոր է հենց այդպես վարվել, թեկուզեւ նշանակալի խմբագրումներ անելով աղբյուրները պաշտպանելու համար: Սակայն ակնհայտ է, որ նա նման տեղեկատվություն չունի: Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Դեւին Նունեսը կարծում է, որ հատուկ ծառայությունների տեղեկությունները բաղկացած են կռահումներից ու ենթադրություններից: Ըստ երեւույթին, հատուկ ծառայությունները լոկ մասնակի տեղեկություններ ունեն: Դրանց հիման վրա նրանք եզրակացրել են, որ առանց Վլադիմիր Պուտինի թույլտվության գործողությունը չէր սկսվի: ԶԼՄ-ների հաղորդումներից հետեւում է, որ եղել են ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապված երկու ցանցահենային խմբեր: Ստացված տեղեկությունները տարածվել են մի շարք կայքերի, այդ թվում WikiLeaks-ի միջոցով: ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ նաեւ պնդում էին, թե կոտրանքն ունեցել է երկու նպատակ. առաջին, վնաս հասցնել Քլինթոնի ընտրարշավին, եւ երկրորդ, «խարխլել վստահությունը ԱՄՆ ընտրական համակարգի հանդեպ»: Ֆիլիպ Ջիրալդին առավել հավանական է համարում առաջին նպատակը, քանի որ Քլինթոնն իր ամբողջ ընտրարշավի ընթացքում փնովում էր Ռուսաստանին, հասկացնելով, որ ինքը Մոսկվայի հետ առճակատման մեջ կմտնի Սիրիայի եւ Արեւելյան Եվրոպայի հարցերում: Իսկ Թրամփը հանդես էր գալիս լիցքաթափման օգտին, ուստի հարմար թեկնածու էր Մոսկվայի համար: Հատուկ ծառայությունների ռեսուրսների հաշվին սեփական ազգային շահերի առաջմղումը նորմալ երեւույթ է կառավարությունների համար: Կարեւորը գաղտնիության պահպանումն է, սակայն նման գործունեության բացահայտման դեպքում եւս չարժե շատ զարմանալ: Բոլոր խոշոր երկրները այս կամ այն չափով կատարում են այդպիսի աշխատանք: ԿՀՎ-ն ողջ աշխարհում իր լրատվական ակտիվներն օգտագործում է Վաշինգտոնին պիտանի քաղաքական գործիչների եւ կուսակցությունների պատմություններն առաջ մղելու համար: Ջիրալդին ընդգծում է, որ Օբաման հավանություն է տվել, օրինակ, Անգելա Մերկելի դրական կերպարի ստեղծմանը, ում քաղաքականությանն օժանդակում է ինքը: Երբ գաղտնի գործողություններում օգտագործվում են ԶԼՄ-ներ, դրանք հաճախ տարածում են կեղծված հաղորդումներ, որոնք կարող են ազդել պատմվող գլխավոր նյութի վրա: Սակայն առավել արդյունավետ է իրական տեղեկատվությունը, ինչպիսին դարձավ Քլինթոնի, Պոդեստայի եւ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնախմբի նամակագրության հրապարակումը: Փաստորեն ԱՄՆ-ը առիթ է տվել, որպեսզի իր խոցելի կողմերը շահարկվեն: Եթե Դեմկուսի ազգային հանձնախումբը այդքան շատ էր ուզում, որ Բեռնի Սանդերսը դուրս գա նախագահական մրցավազքից, ապա պետք չէր այդ մասին գրել էլեկտորնային նամակում: Նույնը վերաբերում է Ջոն Պոդեստային: Եթե Վիկտորիա Նուլանդը ուզում էր դավաճանել Եվրոմիությանը, ապա չպետք է այդ հարցը քննարկեր չպաշտպանված հեռախոսակապով: Այսպիսով, գրեթե ամեն երկիր զբաղվում է լրտեսությամբ: Դա ոչ ոքի չպետք է զարմացնի: Եվ չի կարելի վստահաբար ասել, թե WikiLeaks-ի հրապարակումներն ազդե՞լ են արդյոք ԱՄՆ-ում քվեարկության արդունքների վրա: Այս ամենից պետք է եզրակացնենք, որ Ռուսաստանը լրտեսել է ԱՄՆ-ին եւ գաղտնաբար նպաստել իրեն հաճո թեկնածուի հաղթանակին: Այս իրողությունը պետք է լավ հասկանան թե՛ Սպիտակ տանը եւ թե՛ ԱՄՆ իշխանության մյուս կառույցներում: Հարկավոր է գիտակցել, որ մեր ժամանակներում տեղեկատվությունն այլեւս պաշտպանված չէ, եւ բարձր պաշտոնների հավակնորդների անշրջահայացությունը ունենում է հետեւանքներ: Ջիրալդին շատ ավելի օգտակար է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, քան բնական երեւույթ հանդիսացող լրտեսության համար նրան պատժելու փորձ անելը: Վերջինս լոկ կհանգեցնի առանց այդ էլ բարդ հարաբերությունների հետագա սրմանը: |