RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3481, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

THE STRATEGIST. ԹՐԱՄՓԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԵՄ ՊԱՌԱԿՏՈՒՄԻՑ ԿՇԱՀԻ ԼՈԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Պ. Ք.

Աջամետ եվրոհոռետեսների հաղթանակը կթուլացնի ԵՄ-ՆԱՏՕ միասնությունը

Առայժմ հասկանալի չէ, թե Եվրոմիության համար ինչ է նշանակում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ում ընտրվելուց հետո շատերը սկսեցին կանխատեսումներ անել, թե Եվրոպայում իշխանության գլուխ կանցնեն աջամետ պոպուլիստական կուսակցությունները: Այդուհանդերձ մեկ բան ակնհայտ է. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի առթիվ ԵՄ անդամ երկրների արձագանքը ձեռնտու է թերեւս միայն Ռուսաստանին, գրում է Մայք Ստրաֆթոնը The Strategist թերթում հրապարակված իր հոդվածում:


Հեղինակը նշում է, որ Թրամփի հաղթանակից առաջ էլ Եվրոմիությունում աճում էր ազգայնական եւ եվրոհոռետեսական կուսակցությունների ժողովրդականությունը, քանի որ վերջիններս, ինչպես Թրամփը, ուժ էին ստանում հասարակ ժողովրդից կտրված քաղաքական այն խավի մերժումից, որը չէր կարողանում լուծել տնտեսության, ինչպես նաեւ ներգաղթի խնդիրները կամ կանխել ազատ տեղաշարժի քաղաքականության հետեւանքով ազգային մշակույթների քայքայումը:

Այդուհանդերձ, հանրապետականների թեկնածուի հաղթանակի շնորհիվ ամենամեծ առավելությունը ստացավ Ռուսաստանը, որը վերջերս Ուկրաինայում եւ Սիրիայում ձեռնարկած իր գործողություններով փորձում է վերակառուցել «սառը պատերազմից» հետո ձեւավորված անվտանգության եվրոատլանտյան համակառույցը: Եվ այդ ասպարեզում Մոսկվային արդեն հաջողվել է հասնել որոշակի արդյունքների: Իսկ եթե Թրամփը իր գործողություններով կարողանա վերջ դնել ԵՄ-ՆԱՏՕ միասնությանը կամ պարզապես թուլացնել այն, ապա Ռուսաստանի համար դա կլինի նշանակալի ռազմավարական հաղթանակ:

ԵՄ միջազգային հարաբերությունների խորհրդում նախազգուշացնում են, որ «Մոսկվայի հատուկ ծառայությունները» եռանդագին քայլեր են իրականացնում ԵՄ անդամ երկրների կառավարությունների թուլացման եւ ապակայունացման նպատակով: Խորհրդի կարծիքով, ներկայումս կիրառվող միջոցներից մեկը գաղտնի աջակցությունն է օտարատյաց եւ եվրոհոռետեսական կուսակցություններին: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը երկրի հետախուզական ծառայություններին հանձնարարել էր իրականացնել ԵՄ-ում Ռուսաստանի ներդրվածության եւ եվրոպական աջամետ կուսակցությունների հետ նրա կապի վերլուծություն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոսկվան ձգտում է ԵՄ պառակտումն օգտագործել ՆԱՏՕ-ն քայքայելու, Հակահրթիռային պաշտպանության ծրագիրը շրջափակելու, ինչպես նաեւ հակառուսական տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը հասնելու նպատակով:

Ինչպես նշում է հոդվածագիրը, որոշ փորձագետներ արդեն տեսնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵՄ երկրների աջամետ կուսակցությունների գաղափարախոսական կապվածության ապացույցներ եւ ունեն տեղեկություններ Կրեմլից այդ կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ: Անկախ այն բանիցՙ Թրամփի ընտրությունը կդառնա թե չի դառնա Եվրոմիության դեմ հանդես եկող ազգայնական կուսակցությունների հաղթանակների նախանշանակ, առաջիկա ընտրություններում ԵՄ միասնականության վրա անխուսափելիորեն գործադրվելիք ճնշումից կարող է շահել միայն Ռուսաստանը:

Անկախ Կրեմլի աշխարհաքաղաքական խուսավարումների անվանումիցՙ հիբրիդային պատերազմ կամ սառը պատերազմյան ժամանակների խորհրդային մարտավարության կրկնություն, Մոսկվան բավականաչափ գործիքներ ունի Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի վրա հարաճուն ճնշումներ գործադրելու համար: «Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացման պայմաններում, երբ Վաշինգտոնը ԵՄ-ում իր դաշնակիցներից պահանջում է ավելի շատ վճարել ՆԱՏՕ-ի բյուջեին, կարող է արգասավոր հող ստեղծվել Մերձբալթիկայում, Բալկաններում կամ Կովկասում, ինչպես նաեւ ԵՄ-ում քաղաքական դրածոների միջոցով ռուսների արկածախնդրության ձեռնարկման համար», գրում է թերթը:

Թրամփի ընտրությունից առաջ էլ Եվրոմիությունը եղել է ճնշման տակ: Իսկ հիմա Ռուսաստանի աջակցությամբ Բրյուսելի դեմ հանդես եկող ուժերը կզինվեն այն բանաձեւով, որը եւ հաղթանակ բերեց Թրամփին: Այդ պատճառով ամբողջ Եվրոպայում ավանդական կուսակցությունները իրենց ազատական-կենտրոնամետ դիրքերից կհրաժարվեն հօգուտ ազգայնական աջերի: Դրա հետեւանքով տեղի կունենա Եվրոմիության եւ ապա ՆԱՏՕ-ի հետագա թուլացում ի նպաստ Ռուսաստանի: Դա չի սահմանափակվի Եվրոմիության վրա պարզ ազդեցությամբ: Նոր պայմաններում ավելի դժվար կլինի պահպանել Արեւմուտքի ընդհանուր համաձայնությունը հակառուսական պատժամիջոցների հարցում, կթուլանա նաեւ աշխարհի շատ մասերում ռազմավարական ազդեցություն գործելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կարողությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ