ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 107-ԱՄՅԱ ՎԵՐԱՊՐՈՂԸ Հ. Ծ. Մոնրեալից Ջոշ դը Հաասը CTV լրատվամիջոցով հաղորդում է, որ հունվարի 19-ին վախճանվել է Կանադայում ապրող, Հայոց ցեղասպանությունից փրկված ամենատարեց (107 տարեկան) վերապրողըՙ Քնար Բոհջալյան-Եմենիջյանը , ով ընդամենը 6 տարեկան է եղել Եղեռնի ժամանակ եւ փրկվել է, որովհետեւ հոր թուրք ընկերներից մեկը զգուշացրել է, որ փախչեն եւ թաքնվեն մի գոմում` ոչխարների եւ կովերի ընկերակցությամբ: Հետագայում ստիպված են եղել ընդունել իսլամը, փոխել իրենց անունները եւ ճանապարհ ընկնել դեպի Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ ապրել են մինչեւ 1971 թիվը, երբ տեղափոխվել են Կանադա: Նրա հարազատները հիշում են, որ Քնարը շատ է սիրել գիրք կարդալ, որովհետեւ, բացատրել է նա, «մանկությանս զրկված եմ եղել այդ հնարավորությունից»: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թվին, Քնարը կանադահայ այն փոքրաթիվ վերապրողներից է եղել, որ մասնակցել է «Parliament Hill»-ում կազմակերպված հիշատակի արարողությանը: Քնար Եմենիջյանի մահվան առիթով նրա հարազատներին ցավակցական նամակ է հղել Մոնրեալից խորհրդարանի պատգամավոր, քաղաքի մշակույթի նախարար Մելանի Ժոլին: «Ազգը» նույնպես վշտակցում է հարազատներին: Նկար 2. Քնար Բոհջալյան-Եմենիջյանը իր ընտանիքի հետ, 1931 թ. |