ԻՐԱՆ. ՀԱԿԱՋԻՀԱԴԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՏՐՈՀՎԵԼ ՓՈՔՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ Պ. Ք. «ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ սպառնալիքներին» ի պատասխան իրանցիների սկսած զորավարժությունների ընթացքում հունվարի 29-ին բալիստիկ հրթիռների արձակումը հարուցեց ԱՄՆ-ի կտրուկ հակազդեցությունը, որը պատժամիջոցներ սահմանեց 13 անձանց եւ 12 ընկերությունների դեմ: Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչը կարող է հանգեցնել այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների վերականգնմանը: Արեւմուտքցի որոշ փորձագետների կարծիքով, «Սպիտակ տան հայտարարությունները եւ Թեհրանի հակազդեցությունը փաստորեն անխուսափելի են դարձնում կողմերի բախումը, իսկ պատերազմըՙ միանգամայն հնարավոր»: Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Sepahnews գործակալությունը նշում է, որ Իրանը կանոնավորապես փորձարկում է զանազան բալիստիկ հրթիռներ, բայց միշտ չէ, որ դա բացասական արձագանք է առաջացնում ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլուր: Այսպես, երբ 2016-ի մարտին Իրանը ռազմատիեզերական եւ հրթիռային ուժերի զորավարժանքների ժամանակ հրթիռների վարժական արձակումներ իրականացրեց: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը խոստովանեց, որ «բալիստիկ հրթիռների արձակումները չեն խախտում ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ ավելի վաղ Իրանի ստորագրած գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագիրը»: Բայց այս անգամ ԱՄՆ վարչակազմում հայտարարեցին, թե «ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցները կապված չեն գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրի հետ», որի շրջանակներում «ԱՄՆ-ը շարունակում է կատարել իր պարտավորությունները»: Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մեթիսը իր հերթին Տոկիոյում իր պաշտոնակից Տոմոմի Ինադայի հետ կայացած հանդիպումից հետո Իրանն անվանեց «համաշխարհային ահաբեկչության խոշորագույն հովանավոր», բայց ավելացրեց, թե «տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու» անհրաժեշտություն չի տեսնում: Այսինքն իրանական հրթիռները չեն սպառնում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին, բայց հիմա այդ երկիըը «համաշխարհային ահաբեկչության հովանավորն» է, ինչը ուղղակի կապ չունի Իրանի զորավարժությունների հետ: Նախագահ Թրամփի շրջապատը հայտարարում է, թե անցյալում Սպիտակ տունը իբր «աչք էր փակում ԱՄՆ-ի եւ համաշխարհային ընկերակցության նկատմամբ Իրանի թշնամական գործողությունների վրա»: Ինքը Թրամփը եւս չի բացառում «իրանական խնդրի ռազմական լուծման» տարբերակը, հակառակ Իրանի այն պնդմանը, թե երկրի բալիստիկ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտալիցքի արձակման համար եւ ենթակա չեն ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձեւին: Ֆրանսիական Le Monde թերթի կարծիքով, «Թրամփը Իրանի հետ լարվածության պատմական օջախ է վառում այն բանից հետո, երբ Օբաման փորձեց կամ մարել, կամ էլ թուլացնել այն»: Ներկայումս ամերիկացի փորձագետներից շատերը կարծում են, թե Օբաման հույս ուներ «Իրանի հետ աներեւակայելի դաշինք կնքել» նախքան Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հայտնվելը, վերհիշում են, որ նախագահ Ռուհանին ԱՄՆ-ին առաջարկել էր համատեղ պայքարել սուննի արմատականների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սակայն ամերիկացիներ Իրաք ներխուժելուց հետո (2003 թ.) այնտեղ իշխանության գլուխ անցան շիաներ, եւ ԱՄՆ-ի համաձայնության դեպքում Իրանից մինչեւ Իրաք, Լիբանան եւ Սիրիա կամրապնդվեր «շիաների մահիկը», իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կդառնար դաշնակից, եւ ոչ թե թշնամի: «Իսլամական պետության» հայտնվելը աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ է ներքաշել ոչ միայն Թուրքիային (որպես ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակցի), Սաուդյան Արաբիային եւ Քաթարին, այլեւ ուրվագծեց Իրաքն ու Սիրիան ընդգրկող միասնական ճակատ: Այսպիսով, ԱՄՆ-ը Իրաքում ի սկզբանե ոչ միայն աշխարհաքաղաքական հակամարտության, այլեւ դավանանքային պատերազմի պատճառ դարձավ: Ձեւավորվեցին «տարօրինակ դաշինքներ»: Նման պայմաններում հասկանալի է, թե ԱՄՆ նոր վարչակազմն ինչու է քննադատում Իրանի հետ կնքված միջուկային գործարքը: Նա Օբամայի քաղաքականությունը համարում է կոնցեպտուալ սխալ եւ փորձում է շրջել աշխարհաքաղաքական բուրգը, սակայնՙ ոչ իր դաշնակից սուննի Թուրքիայի օգտին: Ավստրիական Die Presse թերթը գրում է. «Թուրքիան ներկայումս պայքարում է PKK-ի դեմ երկրի ներսում, իսկ դրսում պատերազմների մեջ խրվել է հարեւան երկրներ Սիրիայում եւ Իրաքում: Թուրքական քաղաքները ցնցվում են ահաբեկչություններից: Իզուր չէ, որ Անկարան տարբեր համաժողովներում բարձրացնում է Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հարցը: Սակայն քրդական հարցում ամերիկացիների դիրքորոշման պատճառով առկա է փոխադարձ անվստահություն: Այս առումով Թուրքիան եւ Իրանը ընդհանուր շատ բան ունեն: Թուրք փորձագետ Թողրուլ Իսմայիլի կարծիքով, «առայժմ ԱՄՆ-ը որոշ նոր տարբերակներով ջանում է Մերձավոր Արեւելքում իր խաղը խաղալ ոչ ի շահ Թուրքիայի»: Բալիստիկ հրթիռների արձակումներով Իրանը փորձում է Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ կազմած դաշինքում ներկայանալ որպես ինքնուրույն ուժի կենտրոն, որը հավակնում է ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել առանց Մոսկվայի կամ Անկարայի միջնորդության: Անկարան եւս հավակնում է նման դերի: Այս կապակցությամբ ամերիկյան The National Interest թերթը արձանագրում է. «ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում դեռ չի ստեղծել նոր կոալիցիա, բայց գայթակղություն ունի ստեղծելու պատերազմ կամ պատերազմներ «Իսլամական պետության» դեմ մղվող մեծ պատերազմի ներսում, որպեսզի դրանք իրար կապի նաեւ Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական դիմակայության գծով, շրջանառության մեջ դնելով տարածաշրջանում առկա էթնիկական եւ դավանանքային հակասությունները»: Թրամփի վարչակազմը առայժմ միայն դիտարկումներ է անում, Իրանի դեմ տեղեկատվական եւ դիվանագիտական պայքար է սկսում, նրան աստիճանաբար տանելով բարդ պայքարի էպիկենտրոն: Այդ ճանապարհին առաջին քայլերն արդեն արված են: |