ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ Հ. Ծ. Էլիզաբեթ Ռեդդենը «Inside Higher Education» պարբերականում գրում է, որ Թուրքիան դադարեցրել է Ջորջթաուն համալսարանում գործող «Թուրքական Ուսումնասիրությունների Ինստիտուտի» (ԹՈՒԻ) ֆինանսավորումը, առիթ տալով որոշ մեկնաբանների նշելու, որ ինստիտուտը շատ էր անկախացել վերջերս: Բինգհամտոնի «Նյու Յորք պետհամալսարանի» պատմաբան Դոնալդ Քատերթը (այժմ մահացած) 2006-ին հրաժարվել էր «ԹՈՒԻ»ի վարչության նախագահի իր պաշտոնից, որովհետեւ Թուրքիայի դեսպանը ճնշում էր գործադրել նրա վրա այն բանից հետո, երբ մի գրքի գրախոսականում նա «ցեղասպանություն» եզրույթն էր օգտագործել: «Համակարգչի գոյության ներկա դարում գիտելիքի վերահսկում ապահովելը անհնարին է: Մարդիկ ազատ են որեւէ գիտելիք վերցնելու եւ որեւէ եզրակացության հանգելու: Թուրքիայի համար ֆինանսավորումը միշտ էլ քաղաքական նպատակներ է հետապնդել, եւ քանի որ ԹՈՒԻ-ում աշխատում են տարբեր համոզմունքների տեր պատմաբաններ եւ հնարավոր չէ բոլորին ստիպել զբաղվել թուրքական քարոզչությամբ, ապա Թուրքիայի կառավարությունը որոշել է դադարեցնել այդ ինստիտուտի ֆինանսավորումը», նշել է այդ առթիվ Միչիգանի համալսարանի դասախոս Ֆաթմա Մուգե Գյոչեկը : Իսկ Էլիզաբեթ Ռեդդենը ավելացնում է, որ վերոնշյալ ինստիտուտի գործունեությունը ֆինանսավորող գլխավոր աղբյուրը եղել էր թուրքական կառավարության հիմնած հոգաբարձական խորհուրդը, որից ստացված գումարը գրանդների տեսքով տրամադրվում էր գիտաշխատողներին, որպեսզի կատարեն իրենց ուսումնասիրությունները: Այժմ ինստիտուտը ստիպված է լինելու ֆինանսավորման նոր աղբյուրներ որոնելու: |