ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ Հ. Ծ. Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան ունենալու գաղափարը կողմերի միջեւ անհամատեղելի վեճերի հետեւանքով իրականություն չդառնալուց տարիներ անց, այժմ ամերիկահայերի շրջանում ծրագրեր են մշակվում հայկական հիմնական մի թանգարան կառուցելու Հարավային Կալիֆոռնիայումՙ հայաշատ Գլենդեյլում: Թանգարանի առաքելությունը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, էթնիկական տարբեր խմբավորումների եւ մշակույթների միջեւ իրարհասկացողություն սերմանելուն եւ արժեքների փոխադարձ կապ հաստատելուն է միտված լինելու: «Ի տարբերություն վաշինգտոնյան թանգարանի, այս մեկը նվիրված է լինելու Կալիֆոռնիայում ապրող տարբեր ներգաղթյալների, որոնք Մ. Նահանգներ են եկել եւ իրենց ներդրումն ունեցել երկրի զարգացման գործում: Իհարկե, հայկական փորձառությունը կազմելու է ցուցադրությունների հիմնական բաղադրիչը, որովհետեւ մենք ենք նախաձեռնողները», նշել է «Hichoice Health Care» առողջապահական ֆիրմայի գլխավոր գործադիր տնօրեն եւ ծրագրի նախաձեռնող Պերճ Կարապետյանը : Ծրագրի մյուս խանդավառ մասնակիցներն են բիզնես-խորհրդատու Զավեն Գազազյանը եւ «Ալաջաջյան-Մարկուսի ճարտարապետական ֆիրմայի» համահիմնադիր Արամ Ալաջաջյանը, որի ֆիրման հանձն է առել եւ արդեն նախագծել է ապագա թանգարանի շենքը: Ֆիրման ընտրվել է, որովհետեւ համաշխարհային ճարտարապետական ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Ապագա թանգարանի արտաքին տեսքը արտացոլելու է ինչպես Հայաստանի ժայռային եւ լեռնային, այնպես էլ Գլենդեյլի հյուսիսում գտնվող Սան Գաբրիել լեռների բնաշխարհները: Քաղաքապետարանի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, եւ արդեն որոշ տարածք տրամադրվել է քաղաքի կենտրոնում: Ակնկալվում է, որ մինչեւ 2017-ի առաջին եռամսյակի ավարտը պայմանագիրը կկնքվի քաղաքային իշխանությունների եւ թանգարանի գործադիր վարչության միջեւ: Հայկական տասը կազմակերպություններ աջակցում են թանգարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու: Կալիֆոռնիայի նահանգը մեկ միլիոն դոլար է հատկացրել իր 2016-17 բյուջեից նախագծի իրականացման համար: |