RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 5494, Տպվել է` 503, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԱՌՎԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԵՆ ՔՉՔՉՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ են ասում այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից: Բացի Արարատի նախկին մարզպետից, ով ըստ որոշ աղբյուրներիՙ ՀՀԿ-ից դուրս գալով հայտարարել էՙ «Որտեղ Հովիկ Արգամիչը, այնտեղ էլ ես», իսկ Հովիկ Արգամիչն, ինչպես գիտենք, ՀՀԿ-ում չէ այլեւս, մյուս բոլորն ասում են նույն բանը: Բնականաբար տարբեր ձեւակերպումներով, բայց նույն բանը: Ասում են, որ իրենք դուրս են եկել ՀՀԿ-ից, քանի որ ցանկանում են նպաստել երկրի առաջընթացին, զարգացմանը, իսկ ովքեր միացել են կամ ցանկանում են միանալ Ծառուկյանի դաշինքինՙ նաեւ հավելում են, որ այսուհետ նպաստելու են նաեւ երկրի բարգավաճմանը, եւ այլ լավ բաներ:

Եթե այս մարդիկ լուրջ են ասում, իսկ այս մարդիկ լուրջ են, կնշանակի, որ ՀՀԿ-ում իրենք այսքան տարի մնալով ամենեւին էլ չեն նպաստել երկրի զարգացմանը, առաջընթացին եւ բարգավաճմանը, ավելին, կամ, որն ավելի կարեւոր է, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ինքըՙ որպես քաղքական ուժ, իշխանություն, չի նպաստում երկրի զարգացմանն ու առաջընթացին: Չի էլ թողնում, որ մյուսները նպաստեն: Հիշենք թեկուզ նույն Արարատի մարզի Բյուրավան գյուղի ղեկավարի խոսքերը ՀՀԿ-ից դուրս գալուց հետոՙ «Ուզում եմ հանգիստ աշխատել»: Ու այնպիսի տոնով է ասում, որ ուզում ես ծառերից մի ճոճ կապել, առաջարկել նստի այնտեղ, որ հանգիստ իր համար այնտեղից աշխատի: Եթե լուրջ, ապա հարց է առաջանումՙ առաջ հնարավոր չէ՞ր. փաստորեն չէր, քանի որ պարոն գյուղապետը կարող էր հանգիստ մնալ Հանրապետականի շարքերում եւ հանգիստ աշխատել:

Հասկանալի է, որ Հանրապետականում մնացածների կարծիքով բոլորովին այսպես չէ: Այդ մարդիկ վստահ են, որ հենց եւ միայն ՀՀԿ-ն է, որ նպաստում է երկրի առաջընթացին, ավելինՙ հայաստանյան քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչը (գեներալ Մանվել Գրիգորյանը) հստակ գիտի, որ անձրեւը ձյուն չէ, ձյունըՙ ձյուն է, անձրեւըՙ անձրեւ: Բայց պարոնայք, ու քանի որ ՀՀԿ-ում նաեւ կանայք կան, տիկնայք, ձեզ լքում են, որպեսզի նպաստեն երկրի հզորացմանը, եւ դա շատերն են անում, ինչը նշանակում է, որ շատերի կարծիքով ՀՀԿ-ն չէ, որ տանում է Հայաստանը առաջընթացի ճանապարհով: Սա ձեզ չի՞ մտահոգում: Սա նորմա՞լ է: Լավ, այդ կուսակցությունը հո թերթ չէ՞, որտեղ աշխատող լրագրողներն աճեն, ապա լքեն խմբագրություննՙ իրենց թերթերը հիմնելով, դա կուսակցություն է, եթե ճիշտ եմ հիշում, իսկ կուսակցությունը գաղափարներ ունի, սկզբունքեր ունի, տեսակ ունի, ձեւ ունի, անգամ բնավորություն ունի: Հիմա ձեր իսկ ընկերները դուրս են գալիս ձեր շարքերից, քանի որ պնդում են, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, սխալ մարդկանց հետ եք գնում, եւ ինչն ավելի վատ է ձեզ համարՙ դուք միշտ եք սխալ ճանապարհով գնացել ու իրենք նոր-նոր են դա հասկանում, առաջ չէին հասկանում, քանի որ առաջ Հովիկ Արգամիչ կար, ամառ էր, առվակներն ուրախ քչքչում էինՙ թափվելով մայր գետը: Չի բացառվում, որ մտահոգում է, ուղղակի չեք բարձրաձայնում, ինչը կուսակցական կարգուկանոնի համաձայնՙ կարելի է նորմալ համարել, հո դուք «Ժառանգությունը» չե՞ք, որ իր ունեցած խնդիրներն այնքան շատ լինեն ու մեծ, որ այլեւս հնարավոր չլինի թաքցնելը: Բայց կներեք, դեմն առնո՞ւմ եք: Խոսքն ամենեւին էլ Հովիկ Արգամիչի հավատարիմների դուրս գալու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուրը կարող է ձեր կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել եւ իր հետ տանել իր հավատարիմներինՙ ձեր մեջ էլ հայտարարելՙ «Բա Արգամիչը ո՞նց տարավ»: Դա իհարկե հիմա չի լինելու, ուրախացնելով ձեզ ասեմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ չի լինելու, հանգիստ ընտրվելու եք էլի, բայց խնդիրն այն է, որ դուք հայտնվել եք մի ճանապարհի վրա, որտեղից ձեզ հետ ճանապարհը շարունակել էլ չեն ուզում, ու եթե չեն ուզում ձեր իսկ կուսակիցները, բա ի՞նչ ասենք ժողովրդի մասին...

Դուք անշուշտ կարող եք պնդել, որ կուսակցությունը լքածնե՛րն էին, որ չէին նպաստում երկիրն առաջ տանելու ձեր նպատակի իրագործմանը ու հիմա, երբ նրանք հեռացան, երկրի առաջընթացն այլընտրանք չունի: Գուցե ձեզ հավատացողներ էլ լինեն, հաստատ կլինեն, բայց դրանով խնդիրը չի լուծվելու, իսկ դուք խնդիր ունեք: Չափազանց մեծ եք, բազմանդամ եք, իսկ սա նշանակում է, որ միասնակամ չեք, թիմ չեք...

Կարդացեք Կոմկուսի պատմությունը: Չնայած ինչո՞ւ կարդացեք, չէ՞ որ ձեզանից շատերն առաջ կոմունիստ էին, հետո հասկացան, որ կոմունիստական գաղափարախոսությամբ հնարավոր չէ երկիրն առաջ տանել ու դարձան առվակներ, ձեւավորեցին ուրիշ մայր գետ, այն էլ ունեցավ իր առվակները, որոնք էլ շատ բան տեսնելով ու հասկանալով, սկսեցին առանձին հոսել: Քչքչալով, անշուշտ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ