RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 14080, Տպվել է` 1706, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՂԱՑԵՔ ԵՎ ԿՈՐՑՐԵՔ... ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հիշո՞ւմ եք սովետահայկական անեկդոտը այն եզդու մասին, որն իր բոլոր ոչխարները ծախում եւ ամբողջ գումարով Սպորտլոտոյի տոմսեր է գնում: Խաղարկման օրը տեսնում էՙ տոմսերից ոչ մեկը չի շահել. բռունցքով խփում է գլխին եւ ասում. «Ախմա՛խ եզդի, Բրեժնեւի հետ ղումար ե՞ս խաղում»:

Անեկդոտը եթե փոխադրենք մեր ժամանակներ, կտեսնենք, որ մեր ամբողջ ժողովուրդը հայտնվել է այդ դժբախտ եզդու կարգավիճակում: Իսկ թե ո՛վ է գրավել Բրեժնեւի տեղը, կպարզվի վերջում:

Այո, բախտախաղը, կամ ժողովրդական ընթացիկ բառովՙ ղումարը, ամեն կողմից ներխուժել է մեր կյանք ու կենցաղ եւ համատարած տիրություն է անում, կլանում, իրենցից կախման տակ է վերցնում մեր քաղաքացիներինՙ տղամարդ թե կին, երիտասարդ թե ծեր, չափահաս թե անչափահաս: Էլ «Բարի լոտո», էլ «Խոշոր շահում», էլ «GoodWin», էլ Vivaro-նՙ իր «սպորտային» բոլոր տարատեսակներով, էլ Toto-ն իր բոլոր արբանյակներով, անհասկանալի Adjarabet-ըՙ իր միայն շահող տարբերակներով, ՉինգաՉունգը իր «մանկական անմեղությամբ», Poker-ը իր 10 միլիոնանոց շահումներով, «անմեղ» բլոտը իր «մրցանակային» ֆոնդերով... Սրանք ամեն տեղ են. փողոցումՙ գովազդային մեծ եւ փոքր վահանակների վրա, փակվող յուրաքանչյուր խանութի փոխարեն ճագարների պես բազմացող իրենց վաճառակետերի ճակատին, ինտերնետային, սմարթֆոնային եւ այլ տարբերակներով: Նրանք մեր տներում ենՙ ընտանիքի սիրելի անդամը համարվող մեր հեռուստացույցի էկրանին, առավոտ, ցերեկ ու գիշեր, երեխաների, անչափահաս չափահասների, բոլոր-բոլորի աչքի առաջ, ականջի մեջ, «վաստակավոր» դերասանուհու ղժղժան ձայնով, «սիրված» սերիալի դերասանի ոգեւորված գոչյունների մեջ, միշտ եւ միայն Գյումրու կամ Վանաձորի շուկայի «շրջիկ վաճառողից» գնված տոմսերով, 200000 դրամանոց ժպիտով, ատամները թափված պառավի տեսքով, «շահած» ավտոմեքենայի բանալին մատների արանքում խաղացնող պչրուհու ձեռքում...

Ո՛չ, ասում են կազմակերպիչները, մենք բախտախաղը չենք քաջալերում, ղումար չենք սարքում, այլ պարզապես... ձեզ հաճույք ենք պատճառում, միայն թեՙ գնեք մեր տոմսերը, մասնակցեք, բեթ (bet անգլերենՙ խաղագումար, գրազ) արեք ձեր իսկ հաճույքի համար:

Այո՛, նրանց ձայնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքը, դրանք շահումով խաղ չեն, այլ... սպորտ, սպորտային հետաքրքրությունների դրսեւորում, միայն եւ միայն հաճելի ժամանց: Չե՞ք հավատում. մեջբերեմ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը. «Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում»: Ընդգծեցի «նմանատիպ սպորտային բնույթի խաղեր» բառերը, որպեսզի ընդգծվի 2003 թ. դեկտ. 13-ին ընդունված եւ հետագայում բազմաթիվ լրացումներով գործող ՀՀ օրենքի սողանքային բնույթը, որի սողանքներից ներս են մտնում մեր սողու... ներեցեքՙ մեր պատգամավորները պիտի ասեի, եւ նրանց պատվիրատուները: Այնինչ նույն օրենքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է շահումով խաղի իմաստըՙ «ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն»: Այսինքն, օրինակ, ֆուտբոլը սպորտ է, այո, բայց երբ քեզ հնարավորություն է տրվում ոչ թե ֆուտբոլ խաղալու կամ դիտելու, այլ մրցման արդյունքը կռահելով փող շահելու, ապա այն վերածվում է շահումով խաղի, այսինքն բախտախաղի, ղումարի:

Դրանից շահում են իրենքՙ խորհրդարանական եւ արտախորհրդարանական մեր «էլիտան», օլիգարխիան, առանձնաշնորհյալները: Ոչ թե շահում, այլ գերշահումՙ հարկերից խուսափելու կատարելագործված մեթոդներով, նաեւ, մաֆիական գործողություններով, անբարոյականությամբ եւ մասամբ նորին:

Դժբախտաբար այդ անբարոյականությանը փաստորեն մասնակցում են նաեւ օլիգարխիական «էլիտայի» սպասարկու լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստատեսությունը, օրական մի քանի տասնյակ անգամ պտտացնելով այդ «անշահ» խաղերի «հաճույք պատճառող» գովազդները, տարածելով դրանք ամենուր, բոլոր տարիքի մարդկանց ու երեխաների մեջ, իրենց հերթին օգտվելով օրենքի անկատարությունից, սողանքներից, ընդհանուր անվերահսկելիությունից, հակադրվելով մամուլի մասին բոլոր օրենքներին, էթիկայի կանոններին: Իսկ առավել սարսափելինՙ օգտվելով հարյուր հազարավոր մարդկանցՙ տղամարդ, կին թե երիտասարդ, բախտախաղից կախվածությունից, անգամՙ տնից փող գողացող անչափահասների թուլությունից:

Ահա՛ թե ով կամ ովքեր են Բրեժնեւի կարգավիճակում հայտնվել: Նրանց հետ չի կարելի ղումար խաղալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ