ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Քննարկում ՌԱԿ գրասենյակում Հոկտեմբերի 10-ին ՌԱԿ-ի վերլուծական կենտրոնում «Ազգ»ի խմբագրության հրավերով տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Քրդական գործոնի նորագույն դրսեւորումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանում ընթացող իրողությունների վրա» թեմայով: Մասնակցում էին մի շարք նշանավոր արեւելագետներ, քաղաքագետներ եւ վերլուծաբաններ: Ողջունելով ներկաներին հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու կապակցությամբ, կլոր սեղանի վարող, դոկտ. Սուրեն Սարգսյանը նշեց, որ թեեւ Քրդական պետությունը հանրաքվեից հետո դե յուրե դեռ սուվերեն միավոր չի դարձել, սակայն քրդական գործոնն այսօր ավելի քան կենսունակ է եւ հանրաքվեից հետո տարածաշրջանում հնարավոր են լուրջ զարգացումներ, որոնք ուղղակի եւ անուղղակի առնչվում են մեզ` հայերիս: Մինչդեռ մեր հասարակությունը, ինչպես նաեւ լրատվական միջոցները, անհրաժեշտ լրջությամբ չեն հետեւում դրանց: Հետեւաբար, քննարկումը նպատակ ուներ նաեւ հստակեցնել հայկական կեցվածքը նորագույն այդ զարգացումների հանդեպ եւ օգտակար լինել պետական համապատասխան կառույցներին հնարավոր լուծումներ գտնելու գործում: Առաջինը զեկուցում-տեղեկատվությամբ հանդես եկավ քրդագետ Վահրամ Պետրոսյանը , որը օրերս է վերադարձել Իրաքից եւ հանդիպումներ է ունեցել քրդական բոլոր կարեւոր ուժերի ղեկավարների հետ: Ամփոփելով տպավորությունները բանախոսը շեշտեց, որ բոլորի ձգտումը ստատուս քվոյի վերականգնումն է: Այնուհետեւ ելույթ ունեցավ ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը , որը մանրակրկիտ վերլուծելով հիմնախնդրի բոլոր թեր եւ դեմ կողմերը եզրակացրեց. ստեղծված իրավիճակից լավագույն ելքը մեզ համար լռություն պահպանելն է: Մյուս բանախոս Արամ Սաֆարյանը շեշտեց, որ այս քննարկումն ավելի էֆեկտիվ է, քանի որ բնագավառի ծանրակշիռ մասնագետներն են մասնակցում եւ անկեղծ են ու որեւէ բանով կաշկանդված չեն: Նա նաեւ առաջարկեց, որ անհրաժեշտ է քրդական շրջանակների հետ մշտական շփումներ ունենալ, բայց նաեւ շատ զգույշ լինել: ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը խորազնին վերլուծելով ստեղծված նուրբ կացությունը, երիտասարդական եռանդով կոչ արեց` այսուհետեւ կա՛մ պիտի հրաժարվենք մեր պատմությունից, կա՛մ գոնե տղամարդուն վայել կեցվածք դրսեւորենք, քանի որ արեւելքում եւ, հատկապես քրդերը հարգում են միայն ուժեղ ու վճռական տղամարդկանց: Մյուս բանախոսներից Սերգեյ Շաքարյանցը համաձայնելով ելույթ ունեցողների տեսակետներին, ավելացրեց, որ նպաստավոր պահն արդեն իսկ բաց ենք թողել եւ այժմ քրդական գործոնն ամբողջությամբ տնօրինում են պարսիկները: Իսկ Արաքս Փաշայանը գիտական բարեխղճությամբ ներկայացրեց արաբական աշխարհի առնչություններն ու վերաբերմունքը քննարկվող հարցին: Արմեն Մանվելյանը հարցին մոտենալով նավթի` որպես կարեւորագույն գործոնի դիրքերից, հայտնեց այն կարծիքը, որ այդ ամենն արվում է տարածաշրջանի էներգակիրներին տիրապետելու մտայնությունից ելնելով: Տարածաշրջանում ընթացող իրադարձություններին քաջատեղյակ Արայիկ Սարգսյանն էլ հայտնեց այն մտահոգությունը, որ մենք միշտ վերապահումով ենք վերաբերվում հիմնախնդրին եւ որպես կանոն ուշանում ենք հիմնական գործընթացներից: Եղան նաեւ հարցեր ու ռեպլիկներ, որոնք ավելի նպաստեցին խնդիրը ամբողջական ներկայացնելու գործում: Մասնավորապես «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հաստատեց, որ ընտրված թեման ծավալուն է եւ շատ բարդ, քանի որ ընդգրկում է բազմաթիվ կողմերՙ նկատի ունենալով տարածաշրջանի մի քանի երկրներն ու արտաքին «խաղացողները»: Հետեւաբար անհրաժեշտ է շարունակել թեմայի շուրջ նման քննարկումները համապատասխան եզրակացությունների հանգելու համար: Վերջում ամփոփելով քննարկումների արդյունքներըՙ Ս. Սարգսյանը շեշտեց. ա) ներկա գործընթացը եւ նախատեսված մեկի փոխարեն երկուսուկես ժամ տեւողությունն ու շատերիս մոտ դեռ ասելիք ունենալու փաստերը վկայում են, որ ներկա հանդիպումն իսկապես անհրաժեշտ էր, տեղին ու ժամանակին, բ) թերեւս գուցե եւ պետք չէ չափազանցված ներկայացնել քրդական գործոնը, բայց այն անտեսելն էլ անմտություն կլինի: Հատկապես այն նկատառումով, որ գործընթացները նոր թափ են հավաքում եւ նոր ձեւեր ու երանգներ ձեռք բերում: Կրկին շնորհակալություն հայտնելով մասնակիցներին Ս. Սարգսյանը առաջարկեց նաեւ նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական: |