RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 9107, Տպվել է` 776, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՂԻԱ ԱՍԱՏՐՅԱՆ. ՃԱՌԱԳՈՂ ԱՍՏՂ, ՈՒՄ ՆՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԱՏ Է ԶԳՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մշակութային միջոցառումերից մեկի ժամանակ հայտարարեցին հերթական ելույթ ունեցողի անուն-ազգանունը` Եղիա Ասատրյան: Համարձակ քայլերով ամբիոնին մոտեցավ լսարանին դեռեւս անծանոթ մի երիտասարդ: Դահլիճի առաջին շարքում նստած էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այն, ինչ կատարվեց քիչ անց` վեր էր բոլոր սպասվածներից: Երիտասարդի ելույթը անգլերեն էր, խոսում էր բանավոր: Թեման տարողունակ էր` քաղաքականություն, գործարարություն, ներդրումներ, Հայաստան երկրին օգնության ձեռք մեկնելու ուղիներ: Եվ այդ ամենը նա արտաբերում էր կոնկրետ օրինակներով, խոսում էր ինքնավստահ տոնով եւ մի առանձնակի ներշնչանքով: Դահլիճը համակ ուշադրությամբ եւ անձանձրույթ լսում էր երիտասարդին, եւ ներկաների դեմքերին նկատելի էին զարմանքն ու հիացմունքը, մանավանդ, երբ քիչ անց նա ցույց տվեց նաեւ իտալերեն եւ ռուսերեն լեզուներին փայլուն տիրապետելու իր գիտելիքները եւ հանրահռչակ իտալուհու ելույթը սկսեց թարգմանել ռուսերեն...

Ո՞վ էր արդյոք այդ կիրթ, գրագետ եւ վերին աստիճանի պատրաստված հռետորը...

... Հայտնի է, որ հայերը հասակակից են աշխարհի հնագույն մի շարք ժողովուրդների, որոնցից շատերը հեռացել են պատմության թատերաբեմից եւ նրանց մասին մենք իմանում ենք միայն դասագրքերից, թանգարաններից կամ պատմական զանազան հուշարձաններից: Մեր պատմիչների թողած աղբյուրներից նաեւ տեղեկանում ենք, որ մեր ազգի շատ ու շատ նվիրյալներ տվյալ ժամանակի աշխարհի հայտնի կրթօջախներում հիմնավոր կրթություն ստանալուց հետո վերադարձել ու երեւելի գործերով շենացրել են հայրենիքը: Ահա օրերս, նշված ելույթը լսելուց հետո, հենց այս մտորումները ինձ պաշարեցին, երբ ծանոթացա ռուսաստանաբնակ 24-ամյա Եղիա Ասատրյանի գործունեությանը: Երիտասարդը արտասահմանում փայլուն կրթություն է ստացել, ազատ տիրապետում է 5 լեզուների, ներկայումս աշխատում է մոսկովյան հայտնի ընկերություններից մեկում, ղեկավարում է բարեգործական հիմնադրամ: Կարոտը երբեմն նրան տանում է ծննդավայր` Էջմիածին, որտեղ առնչվում է հարազատ մարդկանց եւ իր սիրելի համաքաղաքացիների հետ: Եվ ով գիտի, գուցե հենց Եղիա Ասատրյա՞նն է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի երազած «պատրաստված» երիտասարդներից մեկը, ով վերադառնալով հայրենիք` իր գիտելիքներով, եռանդով եւ տասնամյակների քարացածության պատնեշները ճեղքելու աներեր ցանկությամբ ու նպատակասլացությամբ պետք է լծվի նրա շենացմանն ու հզորացմանը: Եվ ինչ լավ էր, որ վարչապետը ներկա էր շնորհալի եւ բանիմաց երիտասարդի ելույթին: Այո, մեր երկրին այսօր հենց Եղիայի նման կիրթ, գրագետ, ժամանակակից մտածողության տեր իրապես ՏԵՐ-եր են անհրաժեշտ, քանզի բոլորիս երազանքն է, որ մեր Հայրենիքը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ եւ ավելի ապահով:

Եղիան սովորել է Հռոմի Քեմբրիջի անգլիական դպրոցում, ավարտելուց հետո տեղափոխվել է Անգլիաՙ ուսումը շարունակելու եւ կատարելագործվելու: Անգլիայում ուսումնառությունը ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան: Անսահման սիրում է ճամփորդել, իր համար նոր աշխարհներ հայտնագործել, ամենատարբեր իմացություններ ձեռք բերել, կատարելագործել եւ հարստացնել գիտելիքները: Չի սիրում ակումբներ հաճախելը, ակումբային միապաղաղ կյանքն ու լճացածությունը: Կողմնակից է առողջ ապրելակերպին, որը ժառանգել է ընտանիքից եւ հատկապես հորից, սիրած մարզաձեւը բոքսն է, որով ակտիվ զբաղվում է...

Այս ամենից հետո, կարծում եմ, այլեւս հնարավոր չէ «թաքցնել» իրականությունը եւ չբացել փակագծերը, ինչը, համոզված եմ, ավելի կընդգծի ու կառանձնացնի Եղիայի վառ կերպարը` մեկ անգամ եւս փաստելով մեր այս հին մոլորակում հազարավոր տարիներով հաստատված իմաստությունը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում... Իսկ ԾԱՌԸ, տվյալ դեպքում` հայրը, չափազանց հարգված, ճանաչված եւ մեծ անուն ու համբավ վայելող անձնավորություն է` իր աշխատասիրությամբ, գործարարությամբ եւ բարեգործական ձեռնարկումներով չափազանց բծախնդիր իտալացիների ամենալայն շրջանակների հարգանքին եւ համակրանքին արժանացած Արթուր Ասատրյանը, կամ ինչպես լրատվամիջոցներն են սիրում օգտագործել նրա պատվանունը` Դոն Պիպոն:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին հրավիրված էին նաեւ հայրը եւ որդին, ովքեր հովանավորել էին միջոցառման պատվիրակներին եւ հյուրերին մեծ բավականություն պատճառած մշակութային աննախադեպ միջոցառումներից մեկը: Արթուր Ասատրյանը հիանում է որդու շնորհներով, Եղիան հպարտանում է հոր աշխատասիրությամբ եւ նպատակասլացությամբ: Եվ այլ կերպ էլ հնարավոր չէ: Նաեւ այսպիսի զավակներով է Հայրենիքը հզոր...

Հարկ է նշել, որ ներկայումս Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանի հիմնական բիզնեսը կենտրոնացված է Ռուսաստանում եւ արտասահմանյան այլ երկրներում: Ընկերության կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է: Կարեւորագույն խնդիրն է առաջնային դիրք գրավել շինարարական շուկայում, հասարակական սպասարման ոլորտում եւ ներդրումների գործում: Կազմակերպության ցանցը բազմազան է. ներառում է շինարարություն, արտադրություն, հասարակական սննդի սպասարկում, առեւտրի եւ ժամանցի կենտրոնների հիմնում: Ընկերությանն է պատկանում նաեւ հասարակական սննդի ամենախոշոր ցանցերից մեկը, որն ունի փոքրիկ կրպակների ցանց Մոսկվայի ամբողջ տարածքում: Ընկերությունը նաեւ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բարեկարգման ու շինարարական ծրագրերի խոշոր ներդնողներից է: Ընկերության գործունեությունը բավականին մեծ ճանաչման է արժանացել եւ մշտապես խրախուսվել Մոսկվայի իշխանությունների կողմից: Ահա, Եղիա Ասատրյանն այսօր Ռուսաստանում ղեկավարում է հորը պատկանող խոշոր ընկերության մեջ մտնող բիզնեսների որոշակի մասը եւ միաժամանակ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

Բարեգործական հիմնադրամը գործում է 2012 թվականից, եւ ստեղծման օրվանից ի վեր հանդես է եկել մարդասիրական բազմաթիվ համարձակ ձեռնարկումներով: Այդ ցանկում իր նշանակալից տեղն է գրավում անչափ երիտասարդ, բայց արդեն իր հայրենիքի պատմության մեջ մեծ ու անգնահատելի հետք թողած անվանի մարդկանց հարգն ու դերը իմացող եւ գնահատող Եղիա Ասատրյանի առաջարկություն-խոստումը, որը կյանքի կոչվեց մեկ տարի առաջ, Ռուսաստանի Օրյոլ քաղաքում: Օրյոլի Տանկիստների հրապարակում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե արձանը, որը երեք մետր բարձրություն ունի եւ արժեցել է 10 միլիոն ռուբլի:

- Ես լավ ուսումնասիրել եմ հայազգի փառապանծ զորավար Հովհաննես Բաղրամյանի կյանքն ու գործը, Էջմիածին քաղաքում մենք ապրել ենք հենց Մարշալի անունը կրող փողոցում,- ասում է Եղիան: - Եվ ահա գործուղման մեկնելով Օրյոլ եւ լավ իմանալով քաղաքի պատմությունը, շատ զարմացա, երբ տեսա, որ քաղաքն ազատագրած զորահրամանատարի անունով ոչ փողոց կա, ոչ հուշաքար, ոչ հուշատախտակ եւ ոչ այլ հիշարժան վայր...

Ահա, այդպես է հղացվել Մարշալ Բաղրամյանի հուշարձանը տեղադրելու գաղափարը, եւ Օրյոլի այս զբոսայգում հիմա զինվորներն են, հրամանատարն ու իրենց լեգենդար տանկը...

Հուշարձանի ճարտարապետը Օրյոլի նահանգի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանն է: Արձանի բացման արարողությունից հետո նա լրագրողներին ասել է.

- Ինձ համար այս ամենում ամենահուզիչն ու գնահատելին մեր փառապանծ զորավարի հիշատակը հավերժացնող արձանի ստեղծման պատմությունն է եւ մանավանդՙ անչափ երիտասարդ, տղամարդու խոսքը գործի վերածած Եղիա Ասատրյանի կերպարը: Նա ամիսներ առաջ եկավ, տեսավ, խոստումներ տվեց եւ գնաց: Բայց երբեք չհեռացավ իր խոստումներից եւ ահա տեսեք, թե ինչպես է վերադարձել...

Եղիա Ասատրյան. ճառագող աստղ եւ արդեն իսկ սիրելի անուն, ում նմանների կարիքը Հայրենիքը շատ է զգում: Վերադարձեք եւ շենացրեք այս երկիրը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ