ՎՈՒԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԸՙ «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ» Հ. Ծ. Հայ-գերմանական ընկերությունը (Deutsch-Armenische-Gesellschaft, DAG) հաճույքով հայտարարել է, որ «պատվավոր անդամի» կոչում է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ուսումնասիրության գործում նշանակալի ավանդ ներդրած Վուլֆգանգ Գուստին, տեղեկացնում է Բեռլինից Մուրիել Միրաք-Վայսբախը : Այդ առթիվ հրապարակված հայտարարության մեջ դոկտ. Րաֆֆի Քանտյանը նշել է, որ մեծ պատիվ է նրա նման մի անձնավորությանն ունենալ ընկերության պատվավոր անդամների շարքերում: «Նրա մեծագույն ավանդն այն է, որ գերմանական արտգործնախարարության արխիվներից դուրս է բերել բազմաթիվ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ուսումնասիրել, խմբագրել եւ մեկնաբանել նախքան դրանց հասանելի դարձնելը համացանցում: Նրա եւ կնոջըՙ Սիգրիդի ստեղծած կայքը (www.armenocide.net) իսկական գանձարան է այդ հարցով զբաղվողների համար եւ հանդիպման վայրըՙ ուսումնասիրողների, որոնցում մեծ թիվ են կազմում նաեւ թուրքերը», գրել է նա: Գուստի, որն այժմ 82 տարեկան է, հավաքած փաստաթղթերի մի հսկայական մաս տպագիր գրքի ձեւով գերմաներեն լույս է տեսել 2005-ին, իսկ 2014-ին «Զորյան ինստիտուտը» անգլերենով հրատարակել է դրա թարգմանությունը Նյու Յորքում «Հայոց ցեղասպանությունը: Փաստեր գերմանական արտգործնախարարության արխիվներից, 1915-1916» խորագրով: Ավելացնենք, որ հայ-գերմանական ընկերությունը, որն իր հիմնադրման հարյուրամյակը տոնել էր երեք տարի առաջՙ Բեռլինում, ստեղծվել է գերմանացի հոգեւորական, հասարակական գործիչ, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսի կողմից: Նկար 1. Վուլֆգանգ Գուստը տիկնոջ հետ |