RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 8612, Տպվել է` 923, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆԸ` ԳՐԻ ՏԵՍՔՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը` 21-րդ դարի մարտահրավերների առջեւ» խորագրով, մի քանի օր ընթանում էր Ծաղկաձորում ու Երեւանում: Նրա ամփոփիչ ակորդներից է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Սփյուռքահայ հայագիր եւ օտարագիր գրողների համաժողովի մասնակիցների ընդունումը, ինչպես նաեւ հոկտեմբերի 14-ին Օշականում Թարգմանչաց տոնի նշումն ու Սուրբ ջմիածնի աջակցությամբ թարգմանական գրական «Կանթեղ» մրցանակաբաշխության ամփոփումը, որի մրցանակներից մեկը բաժին է ընկել համաժողովի մասնակից,իրանահայ գրող եւ թարգմանիչ Վարանդին: Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով համաժողովի մասնակիցներին, սփյուռքահայ գրողների հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել զորակցելու հայագիր եւ օտարագիր հայ գրողներին, ինչպես նաեւ Մայր աթոռի հնարավորությունները ծառայեցնել ազգօգուտ նման ձեռնարկների կազմակերպման համար:

Համաժողովն, իհարկե, հնարավոր եղավ իր մեկենասների եւ աջակիցների շնորհիվ` Սփյուռքի եւ Մշակույթի նախարարություններ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչություն: Իսկ համաժողովի գլխավոր հովանավոր, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի` համաժողովին արված ուղերձում իսկ առկա էր այն գիտակցումը, որը նաեւ բոլոր մյուսների աջակցության շարժառիթն էր. Ա. Աբրահամյանը, կարծես բացատրելով Հայաստանի գրողների միության ձեռնարկներին իր մշտական աջակցությունը, նշել էր (այն ներկայացնում էր ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ), թե ներկա նոր մարտահրավերներին կարելի է դիմակայել համազգային միասնությամբ, իսկ Գրողների միությունը համազգային միասնության դրոշ բարձրացնողների մեջ է .«Գրականությունը հզոր միջոց է` աշխարհին ասելու ճշմարտությունը մեր ժողովրդի, նրա անցյալի, այսօրվա ու ապագայի մասին», համաժողովի հովանավորի ուղերձի խոսքերը փոխանցեց Վլադիմիր Աղայանը: Մյուս աջակիցները նույնպես օգտագործեցին առիթը համաժողովի մասնակիցների հետ շփվելու, ուղերձներ հղելու :

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համաժողովի աշխատանքի ծաղկաձորյան օրվա ընթացքում հասցրեց իր ողջույնի խոսքում եւ սփյուռքահայ գրականության խնդիրներից խոսել, եւ այդ խնդիրները լուծելու ջանքերի մասին նշել (սփյուռքահայ գրողները տպագրվում են Հայաստանում, հատկապես անթոլոգիաներում, արեւմտահայ դասական գրականությունն է լայնորեն տպագրվում), եւ ուրվագծել անելիքը.«Բարձր մշակույթն ու գրականությունն էլ, ոչ պակաս դիվանագիտությունից , ի զորու են այս դժվար աշխարհում հարթել ոչ միայն հայության կնճիռները, այլեւ մարդկության, թող ամպագոռգոռ չհնչի, փրկության տապանն այս անգամ կառուցեն գրի տեսքով եւ ի ցույց դնեն Արարատի գագաթին», հայ գրողներիս ու գրականության խնդիրն առհասարակ պատկերավորեց Հայաստանի գրողների միության նախագահը: Հայ գրականության արժեքավոր բաղկացուցիչ սփյուռքահայ գրականության խնդիրները, առանձնացնելով, իսկ երբեմն էլ չառանձնացնելով հայ միասնական գրականությունից, իրենց զեկուցումներում մանրամասնեցին Պետրոս Դեմիրճյանը, Սուրեն Դանիելյանը, Նորայր Ադալյանը,Վարդան Դեւրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը` խոսելով հատկապես հայ միասնական գրականության հրամայականի, անցյալի ավանդույթներին նոր շարունակություն հաղորդելու, մեծերին արժանի սերունդ ունենալու անհրաժեշտության, համահայկական միասնական գրական մթնոլորտ ստեղծելու օրակարգային հարցերի մասին :

Որեւէ համաժողովից, հատկապես, եթե այդ համաժողովն ի մի է բերել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողներին, լրագրողներս սպասում ենք առարկայական արդյունքներ, չենք սիրում համաժողովից համաժողով քոչող նույնաբնույթ զեկուցումները, կամ համաժողովներին առավել հատուկ զեղուն աշխատաոճի հայկական սովորույթը: Դե` մեր բնույթն է այդպիսին, միգուցե առավել պրագմատիկ ու չոր ենք, օրինակ` գրողների հետ համեմատած: Սակայն վերջին օրերին Ծաղկաձորում եւ Երեւանում անցացվող Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովի մասնակից բարեկամ գրողներից մի քանիսը խորհուրդ տվեցին նույն մոտեցումը չունենալ համազգային միասնական գրական մթնոլորտի ձեւավորման ուղիներ որոնող այս կարգի հավաքներից, քանի որ ստեղծագործական ներշնչանքներ սնող այսպիսի համաժողովների ներքին տրամաբանությունը տարբերվում է Հայաստան-Սփյուռք համաժողովի խիստ գործնական նպատակադրումային ուղղվածությունից. գրողական հավաքներն ստեղծագործողին ավելի հայրենիքին եւ հայկական միասական թեմատիկային կապող ձեռնարկներ են, ու այդ իմաստով արդարացված` իրենց բոլոր ձեւաչափերի մեջ:

Այդ նույն կերպ էլ մեր զարմանքին, թե համաժողովի նպատակն ավելի շատ սփյուռքահայ գրողների խնդիրները հենց իրենցից լսելը պետք է լիներ, այլ ոչ թե, ինչպես որ համաժողովի առաջին օրը Ծաղկաձորում էր, Հայաստանի գրաքննադատների կողմից խնդիրները տեսական մակարդակով զեկուցումների տեսքով վեր հանելը, Հայաստանի՛ց Սփյուռքի գրողներին Սփյուռքի գրականության խնդիրների մատնանշման մշտական մղումը` նույն սփյուռքահայ գրողները խիստ տարբեր մոտեցումներ հակադրեցին: Օրինակ` աշխարհին Արշիլ Գորկու մասին հիանալի վեպով հայտնի Սարգիս Վահագնին գոհացրել էին զեկուցումները, նա հատկապես իրեն հուզող հարցերի վերաբերյալ իրազեկումներ էր ստացել Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի եւ փոխախագահ Պետրոս Դեմիրճյանի զեկուցումներից: Առաջինը պատմեց իր ղեկավարած կազմակերպության` Սփյուռքի գրողներին եւ գրականությանն ուղղված ջանքերի մասին, որոնք ի վերջո ջանքեր են նույն անատոմիան ունեցող երկու տարբեր մարմինների` արեւելահայ եւ սփյուռքահայ գրականությունների սինքրոնացված ու միասնական գործունեության ուղղությամբ: Իսկ երկրորդը գրաքննադատության հայացքով դիտարկեց սփյուռքահայ գրականության խնդիրները` լեզվական անջրպետից սկսած` մինչեւ նոր գրականությանը ներկայացած 21-րդ դարի մարտահրավերներ: Ի դեպ` Սփյուռքի գրականության երկվության, արմտահայերենի եւ արեւելահայերենի` որպես գրականությունն ակամա բաժանող պարագայի, կարոտի ու նահանջի գրականության թեմատիկան նոր, հատկապես Ցեղասպանության թեմատիկայի նորովի իմաստավորմամբ փոխարինելու անհրաժեշտության մասին խոսեց նաեւ գրականագետ Սուրեն Դանիելյանը: Իսկ գրող Նորայր Ադալյանը առավել քան պատկերավոր գիտեր ներսի ու դրսի պրոբլեմները, որոնցով հանդերձ ոչ թե երկու հայ գրականության մասին պետք խոսք գնա առհասարակ` այլ մեկ, միասնական հայ գրականության:

Լիբանանահայ «Կամար» գրական պարբերականի խմբագիր Ժիրայր Դանիելյանը մասամբ համաձայն էր, որ զեկուցողները հենց սփյուռքահայ գրողները պետք լինեին, որոնք առավել առարկայորեն կխոսեին իրենց խնդիրներից, իսկ դրա հնարավորությունը նրանք միայն կարճատեւ ելույթների միջոցով ունեցան:

Արցախցի երիտասարդ գրող Վան Նովիկովի համար, ընդհակառակը, ամեն ինչն էր հետաքրքրական` նա նոր էր սկսել ծանոթանալ մեր սփյուռքհայ համայնքների գրական կյանքին, եւ նրա համար ամեն ինչի մեջ տեղեկատվական նորություն կար` անկախ ձեւից:

Սակայն խոստովանենք` հետեւելով համաժողովի աշխատանքին, եւ սփյուռքահայ գրողներից շատերի արտահայտած տեսակետներին` նկատեցինք, որ ընդհանուր առմամբ համաժողովը ուրախություն էր մոտ հինգ տասնյակ այն գրողների համար, ովքեր սփյուռքյան տարբեր համայնքներից գալով իրարու քով` հնարավորություն ունեցան շփվելու, միմյանց խնդիրներին ու ձեռքբերումներին տեղյակ լինելու, խոչընդոտները հաղթահարելու ճանապարհները քննելու: Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ հայրենիքում է հնարավոր այդ բոլորի մասին զրուցել, փոխադարձ համագործակցության դաշտ ձեւավորել, աջակցություն ստանալ, որը խոստացվում էր ե՛ւ Գրողների միության ղեկավարության, ե՛ւ հայաստանյան գրական մամուլի խմբագիրների կողմից: Սփյուռքի գրողները ե՛ւ միմյանց, ե՛ւ հայրենիքում ստեղծագործող գրողների հետ շփվելու, միմյանց ստեղծագործությանը ծանոթ լինելու խնդիր ունեն ու այս անգամ խնդիրը լուծեցին համաժողովի ձեւաչափում, որն ի դեպ, մինչեւ այժմ կազմակերպվածներից ամենամասշտաբայինն էր:

Այնպես որ ես եւս իմ պրագմատիզմը մի կողմ դրի` միգուցե ինձ համար արդյունավետության առումով ոչ այնքան նպատակային թվացող համաժողովին պահաջներ ներկայացնելու առումով, որոշելով, որ անտեղի քննադատությամբ գործին վնաս տալու փոխարեն` համարեմ, որ ճիշտ են իրե՛նք, գրողները, որոնց այս համաժողովը մի պարգեւ էր թվում, բոլոր խնդիրները ափի մեջ ի մի տեսնելու հնարավորություն: Իսկ սփյուռքահայ գրականության խնդիրները բազմաշերտ են, սկսած այն հարցի պարզաբանումից, թե արդյոք հայ գրող կարելի է անվանել օտար լեզվով գրող թեկուզ հռչակավոր գրողին, վերջացրած նրանով, թե ինչպես չեզոքացնել արեւելահայերենի եւ արեւմտահայերենի արհեստական բաժանարարը միասնական հայ գրականություն ունենալու ճանապարհին, կամ ինչպես ընթերցողի սակավության, նոր գրական սերնդի նվազման պարագայում պատվով ստանձնել այն գրականության շարունակականությունն ու կենսունակությունը, որ ստացել ենք Շահնուրից, Զոհրապից, Վարուժանից, Մնձուրուց եւ այլ գրական հսկաներից, այն էլ քսանմեկերորդ դարի` գրականությանն ու գրքին սպառնացող նոր, նաեւ զանազան տեխնիկական մարտահրավերների պարագայում:

Կամ հոգսը` ինչպես թույլ չտալ լեզվական նոր, գրականությանը խորթ իրողությունների մուտքը գրականություն, օտար բառերի, ինչպես նաեւ փողոցային ժարգոնի ներմուծումը, այն դեպքում, երբ հարուստ հայերենը հաճախ ստվերվում է այդ կարգի «նորարարություններով», ինչով որ մտահոգված էր գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը :

Իհարկե, այս հսկայածավալ պրոբլեմները մեկ համաժողովում քննարկել եւ եզրահանգման հասնելը ուտոպիստի երազանք կլիներ, մանավանդ շատ հարցեր այդպես էլ միանշանակ պատասխան չունեն` ասենք լեզվի երկվության խնդիր, կամ այն հարցը, թե արդյո՞ք հայ գրող է օտարագիր, բայց հայկական ծագմամբ գրողը: Որպեսզի հարցն ավելի պատկերացնելի դարձնենք` առարկայացնենք ավել, ասենք` հայ գրողնե՞ր են արդյոք այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը կամ Վահե Քաչան: Կամ ասենք այժմ աշխարհում բեսթսթելեր դարձած «Ով կհանգցնի լույսերը» վեպի` հայկական ծագմամբ իրանցի հեղինակ Զոյա Փիրզադը , որի այդ վեպում հենց հայկական կենցաղն է նկարագրված: Սփյուռքահայ գրողների, ինչպես նաեւ մեր գրողների ու գրականագետների մի զգալի մասը համոզված է` ով հայերեն չի գրում, հայ գրող չէ: Բայց հայկական թեմաները աշխարհին ճանաչելի դարձնելու առումով երբեք չի կարելի վստահ լինել, թե ով է ավելի հայ գրող` Վիլյամ Սարոյանը, թե՞, ասենք, Նաիրի Զարյանը: Ինձ համար, օրինակ, Վիլյամ Սարոյանը հայ գրող է:

Խնդիրները ներկայացնելու լավագույն ճանապարհն, իհարկե, Սփյուռքի մեր գրողներին լսելն է, ինչին կոչված էր համաժողովը, եւ որը պարբերաբար անում են նաեւ «Ազգ» թերթի խմբագրատունը եւ նրա` Սփյուռքի իրականությանը տեղյակ խմբագիրը, նաեւ թերթի էջերը հաճախ տրամադրելով սփյուռքահայ գրողներին:

«Ազգը» ամերիկահայ գրող Սարգիս Վահագնի եւ լիբանանահայ գրող եւ խմբագիր Ժիրայր Դանիելյանի հետ ճեպազրույցների միջոցով որոշ խնդիրներ քննարկեց, մանավանդ` նրանց ելույթները համաժողովում նույնպես անդրադարձ էին այդ խնդիրներին:

«Օտար հողի վրա կարելի չէ տոհմիկ գրականություն արմատավորել», ասում էր ամերիկահայ գրականության սիրելի անուններից մեկը` Ս. Վահագնը, կարոտի գրականության անցյալի ձեռքբերումների ու անունների մասին խոսելուց հետո մտահոգված սփյուռքյան գրական դասական օջախների աստիճանական մարումով: Մերձավոր Արեւելքն աննպաստ ու անապահով է դարձել գրականության ստեղծման համար, հայության կենտրոնացումն այժմ Հյուսիսային Ամերիկայի`«անդիմագիծ եւ իրարմե գրեթե անջատ խառնարանում» հայերին ավելի շատ իրենց կեցությամբ, բիզնեսով, վայելքներով զբաղվելուն է տանում, որոնք հաճախ անհաղորդ են հայ գրականությանն ու հայերեն ստեղծվող գրին: Չնայած ընթերցողի զգալի չգոյության` պոեզիան դեռ կտպվի մեկենասների օժանդակությամբ, ըստ Ս. Վահագնի, «ավելի սեղմ է արձակագիրներու պարագան»:

Հիշելով Հակոբ Կարապենցի եւ Նուբար Աշիկյանի` ամերիկյան կյանքի տագապներն առաջին անգամ հայ գրականության մեջ պատկերող արձակի մասին` Ս.Վարանդն ասում է. «Բացարձակօրէն նորեր ամերիկածին եւ հայագիր գրողներ չեկան հետզհետէ նօսրացող մեր ութսունամեայ յամեցողներուս շարքերը խտացնելու»: Նրա այս մտահոգությունը վերաբերում է ամերիկահայ վարժարաններում արմատական փոփոխությունների հրամայականին, որոնք հարկ է որ առաջվա պես վերածվեն հայերեն լեզվի ու մշակույթի դարբնոցների, որտեղից միշտ գրական սերունդ էր դուրս գալիս, իսկ այսօր այդ գործընթացը խամրել է ե՛ւ ամերիկահայ գաղթօջախներում, ե՛ւ ողջ Սփյուռքում:

Գրական մամուլի անունից հանդես եկող լիբանանյան «Կամար» գրական ամսագրի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գնահատելով համաժողովը նշեց, որ աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող այսքան գրողաշատ համաժողովը «կուգա հաստատելու, որ մեր ընթացքը շարունակելի եւ անընդմեջ պիտի ըլլա»: ՀԳՄ-ն իր գիրկն ընդունեց սփյուռքահայ բազմաթիվ գրողների, մասնավորապես` լիբանանահայ 15 գրող դարձել են Հայաստանի գրողների միության լիիրավ անդամ, դա չի կարող չնպաստել սփյուռքահայ գրականության խնդիրների լուծմանը, այդ թվում` մեկ ուղղագրությամբ գրելու խնդրի քննարկմանը:

Ժիրայր Դանիելյանը պատմեց Սփյուռքի գրական պարբերականների, մասնավորաբար «Բագինի» ու «Շիրակի», վերջինիս իրավահաջորդ «Կամարի» (որի խմբագիր էլ հենց նա է) մասին, որոնք տասնյակ տարիներով նպաստել են Սփյուռքի գրականության հանրաճանաչմանը, սփյուռքահայ գրողների հանդիպման վայր եղել: «Շիրակը» Թեքեյան մշակութային միության հրատարակությունն էր, «Կամարն» անկախ հրատարակություն է: «Կամարը» եւ «Բագինը» ծնունդ են Բեյրութի: Ի դեպ` չորս տասնյակ տարի «Բագինի» խմբագիր եղած եւ անցած տարի կյանքից հեռացած Պողոս Սնապյանին գնահատանքի խոսքեր ասվեցին համաժողովի տարբեր ելույթ ունեցողների կողմից:

«Ազգի» հետ զրույցում Ժիրայր Դանիելյանը սփյուռքահայ գրականության գլխավոր խնդիրը համարեց այն, որ կյանքից հեռացող անվանի գրողներին համարժեք փոխարինողներ չկան այժմ.«Ընթերցող կարելի է գտնել տակավին, գրող չկա, մեկնածների փոխարեն մենք փոխարինողներ չունինք: Այն դպրոցը, որ ժամանակին դարբնոցն էր հայ գրողներ ստեղծելու, այսօր ինքը լուրջ խնդիրներու առջեւ կանգնած է: Իսկ գիրք հրատարակել մինչեւ այսօր կարողանում ենք»:

Ժ. Դանիելյանը նաեւ Կիլիկիո կաթողիկոսարանի գրահատարակչական պատասխանատուն է, նրա գլխավոր աշխատանքը Կիլիկիո եւ Հայաստանի` տասնամյակներ առաջ հրատակված գանձերը վերստին հրատարակելն է` ավելի հարստացնելով այդ հրատարակությունները ծանոթագրություններով եւ հավելվածներով:

«Ես հոռետես եմ, որ բան կփոխվի», ասում էր նա մեզ հետ զրույցում` իր ողջ գործունեությամբ ու արած գործերով, սակայն, հակառակն ապացուցելով:

Համաժողովի ընթացքում Սարգիս Վահագնի հետ ունեցած «Ազգի» ճեպազրույցը փոխանցենք ամբողջությամբ, այդպիսով միգուցե փոխանցենք նաեւ գրողական մի ողջ աշխարհից փոքրիկ պատառիկ:

Հարցազրույցՙ Սարգիս Վահագնի հետ

- Այսպիսի համաժողովներից ի՞նչ պետք է սպասել:

- Այս հավաքները նախ ծանոթացման եւ հաղորդակցման շատ կարեւոր ազդակներ են: Օրինակի համար հիմա հոգեկան մեծ ապրումներ եւ ներշնչումներ ստացա` տեսնելով գրողները այսպես կազմակերպված:

- Արդի խնդիրների քննարկման դաշտ չեկան Սփյուռքի գրողները մասամբ, Ձեր ելույթն, իհարկե, բացառություններից է:

- Վերապահություններ ունեմ Ձեր ըսածին, ընդհանրապես` հմուտ մարդիկ են ասպարեզի, եւ մանավանդ Գրողների միության նախագահի եւ Պետրոս Դեմիրճյանի ելույթները շատ հավնեցա, համապարպակ էին: Բայց դեռ ընթացքում են քննարկումները, հետո կերեւա (հարցազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի, իսկ համաժողովը դեռ պիտի շարունակվեր):

- Սփյուռքի գրականության գլխավոր խնդիրը անձամբ Դուք ո՞րն եք համարում:

- Գլխավոր խնդիրը` ընթերցող չունինք: Մեծ զանգվածը ապրուստի, վայելքի եւ հաճույքի ետեւե գացող զանգված մըն է, որ գիրք չի կարդար: Այս տարի, օրինակ, երկու հատոր հրատարակեցի` բաժնելու համար: Լավ է` ունինք մեկ-երկու սրտցավ մարդիկ, որոնք ծախսերը կհոգան, եթե ոչ` հրատարակելն անիմաստ է:

- Հայրենիքում ճանաչելի լինելը նույնպես մեծ պրոբլեմ չեք համարո՞ւմ սփյուռքահայ գրողներից շատերի համար:

- Ես այն բախտավորներեն եմ, որոնք այդ պրոբլեմը չունին: Դեռ 1960 թվականեն սկսյալ միշտ այցելած եմ Հայաստան, եւ կյանքիս մեծագույն երջանկությունը եղած է իմ «Արմատներ» հատորիս` Հայաստան լույս տեսնելը, 10 հազար տիրաժով: Երազային բան մըն էր դա, 500 օրինակ կտպենք հիմա: Ամիս մը հետո եկա, որ 100 օրինակ վերցնեմ-Սփյուռք տանիմ, ոչ մեկ գրատան մեջ գտա, սպառվեր էր: Դիմեցի Վարդգես Պետրոսյանին` 50 օրինակ գտավ ու գաղտնի հանգամանք բացահայտեց, թե` «մեր գրաշարները, երբ կշարեն ու կտպեն` 10 հազարը պաշտոնականն է, հազար մըն ալ իրենց համար կտպեն գաղտնի», ադ տիրաժեն գաղտնի վերցուցեր էր: Ադիկա մեծ ուրախություն էր ինձի համար` գիրքը սեւ շուկայի ապրանք եղած է այդ ժամանակ Հայաստան: Հիմա դժբախտաբար, Սփյուռքում հատկապես հայ գրողը պետք ունի մեկենասներու, տպաքանակն ալ չորս-հինգ հարյուր օրինակ է, կտեսնեք` ինչ ողբալի վիճակ է: Երբեմն կմխիթարվինք` մտածելով, որ համաշխարհային է գրքի տագնապը, մարդիկ սկսած են հեռուստացույցով կամ այլ ուրիշ հաճելի միջոցներով ժամանակ անցնել, քան թե գիրք կարդալով, բայց մեր մոտ ծայրահեղ է վիճակը հատկապես...

- Այնուամենայնիվ` հայ ընթերցողը վատ գիտե Սփյուռքի ներկա գրողներին, ու անգամ Դուք երբեմն ներկայացվելու կարիք ունեք:

- Պատմվածքներս բոլոր իրապաշտ` Բեյրութի ու Սփյուռքի համատարած կյանքի մասին են, շատ ճամփորդած եմ աշխատանքի բերումով, եւ Սփյուռքը պատկերած եմ իրապաշտական: Հետո` գրած եմ պատմական դրամա` «Աշոտ Ողորմածը»: «Արշիլ Գորկին»` կյանքիս ամենամեծ ուրախությունը եղավ, որ հաջողվեցավ գրել. ոչ միայն Արշիլ Գորկիի մեծության համար, նաեւ տված եմ հոն քսանական-երեսունական-քառասունական թվականներու ամերիկյան նկարչական արվեստի խմորումները, որուն առաջնորդը եղած է մեր Արշիլ Գորկին:

Գիրքս մեծ ընդունելություն գտավ, բայց դժբախտաբար, չգիտեմ ինչու Հայաստանում չտպագրվեցավ. արդեն գիտեք, թե երկու մրցանակներու արժանացավ` Հայաստանի Թեքեյան մշակութային միության եւ «Հայկաշեն Ուզունյան», հիմա ես երկու օրինակ ունիմ միայն, ամբողջը սպառված է: Պիտի ուզեի, որ որոշ ձեռնարկներ ըլլային`«Արշիլ Գորկի» վեպը Հայաստանում տպելու: Հայաստանի ուղղագրությամբ ըլլա ալ` ադոր ալ հոժար եմ, բայց Հայաստանի ընթորցողին էլ հասնի:

Հիմա պատմվածքներս միացուցի մեկ հատորի մեջ եւ Մեծ եղեռնին տուրքս տալով գրեցի «Հաճընը սիրուն» վեպս` նվիրված Հաճըն հերոսական քաղաքի ինն ամսվա դյուցազանկան դիմադրության երեսուն հազար բանակի դեմ` վեցհազար քաջարի հայորդիներով:

Նկար 2. Ժիրայր Դանիելյան

Նկար 3. Սարգիս Վահագնը տիկնոջ հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ