ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայից պահանջում են սուլթանին պատկանած 7.756 գույքը: Այժմ Ստամբուլի հանրապետական դատարանը ստիպված կլինի առանձին-առանձին ուսումնասիրել Աբդուլ Համիդի ունեցվածքի հանդեպ հավակնություններ հայտնած 100 հայցվորներիՙ սուլթանի հետ ունեցած արյունակցական կապն ու ըստ դրաՙ ունեցվածքի բաշխման ժամանակ նրանց ստանալիք տոկոսները: Հետաքրքրական է, որ չնայած Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայի հանրապետությունից պահանջում են երկրի տարածքում գտնվող 7.756 գույք, Թուրքիայում որպես Աբդուլ Համիդի սեփականություն առկա է գրանցված ընդամենը 2.369 գույք: Աբդուլ Համիդին պատկանած հողատարածքները Թուրքիայում հաշվվում են 1 մլն 256 հազ. 947 հեկտար, որից 391 հազ. 573-ը պետականացված է: Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդուլ Համիդի թոռները ցանկանում են Թուրքիա վերադարձնել սուլթանիՙ օտարերկրյա բանկերում մնացած խոշոր դրամական միջոցները: Աբդուլ Համիդը հայտնի է նաեւ «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդերը կազմակերպելու համար: Հետաքրքրական է այդ ջարդերի ժամանակ սպանված հայերի ժառանգները ե՞ւս կարող են հիշել եւ պահանջել: |