ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԿՏԱՎԸ ԼԵՈՆԱՐԴՈՅԻ՞ ՎՐՁՆԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Christie՛s աճուրդի տունը նոյեմբերի 15- ին Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ 450,3 միլիոն դոլարով վաճառեց Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» կտավը, այն դարձնելով աշխարհում ամենաթանկարժեք արվեստի գործը: 20 րոպե տեւած աճուրդում անհայտ գնորդը տեր դարձավ Հիսուս Քրիստոսին պատկերող հիշյալ կտավինՙ առավել շիկացնելով մասնագետների, լրագրողներիՙ երեկվանից ծայր առած բանավեճը: Գերմանական ԶԼՄ-ները նախ կասկածում են, թե կտավը մեծ իտալացու վրձնի արգասիքն է, մինչ վերականգնումը այն բավականաչափ քայքայված է եղել, ինչը պատճառ է դարձել նաեւ, որ Բեռլինի պատկերասրահը դրա հանդեպ հետաքրքրություն չունենա: Ո՞ւմ է ձեռնտու, որ արվեստի գործն այսպիսի գնով վաճառվի, հարցնում են մեր գործընկերներն ու պատասխանումՙ ինքնահավան օլիգարխներին ու նրանց, որոնց դրամապանակը լցվում է, բայց ոչ Վերածննդի մեծ վարպետին ու առավել եւս նրա արվեստի ուղերձով առաջնորդվող արվեստասերներիս: |