ՀԱՅԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հարյուրամյա վաղեմության երկու գլխավոր իրադարձություններ լռության են մատնվել, չնայած իրենց ունեցած ազդեցությանը համայն աշխարհի վրա: Դրանցից մեկը 1917 թվի նոյեմբերի 8-ի հոկտեմբերյան հեղափոխությունն է, իսկ մյուսըՙ նույն թվի նոյեմբերի 2-ի «Բալֆուրի դեկլարացիան»: Չնայած արտաքնապես թվում է, թե դրանք կապ չունեն հայերիս հետ, իրականում երկուսն էլ խորապես ազդել են Հայաստանի եւ հայերի պատմության վրա: Հոկտեմբերյան հեղափոխությունը նպատակ էր հետապնդում Ռուսաստանում գոյություն ունեցող ֆեոդալական կարգերի փոխարեն երկրում հաստատել արդար տնտեսական կարգեր: Այն հիմնված էր Կարլ Մարքսի հեղափոխական սոցիալիզմի տեսության վրա եւ գործադրվեց Վլադիմիր Լենինի ձեռամբ: Մարքսի տեսությունը պաշտպանում էր պրոլետարիատին, որ ազատագրվի հասարակությունում կազմավորվող կապիտալիստական կառույցների լծից եւ հաստատի դասակարգային տարբերություններից զուրկ մի նոր հասարակություն: Տեսությունը պարզաբանված էր հասարակությանը մատչելի դարձնելու համար, «յուրաքանչյուրից ըստ իր կարողությունների, դեպի յուրաքանչյուրն ըստ իր պահանջների» նշանաբանի ներքո: Նման փիլիսոփայությունը պետք է պարտադրվեր հասարակությանըՙ կառավարության, իրականում պրոլետարիատի կառավարության կամ դիկտատուրայի կողմից: Արդյունաբերական հեղափոխությունը արդիականացրել էր ապրանքների արտադրությունը եւ ծառայությունների մատուցումը Եվրոպայումՙ առաջացնելով ավելի մեծ անհավասարություն եկամուտների բաշխման ոլորտում: Մարքսի տեսությունը հիմնված էր գլխավորապես Եվրոպայում տնտեսական կյանքի նախադրյալների եւ ոչ թե Ռուսաստանում գործող ֆեոդալ կարգերի հիման վրա: Հակառակ 1848-ին եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին, դրանցից ոչ մեկը Մարքսի սոցիալիզմը չընդունեց որպես կենսաձեւ: Փոխարենը այն արմատներ գցեց Ռուսաստանում, հետամնաց ագրարային մի հասարակությունում, որտեղ ոչ արտադրության միջոցներն էին հավասարվում եվրոպականին, ոչ էլ ապրանքների արտադրողականությունը կամ ծառայությունների մատուցումը: Այնպես որ այդ տեսության իրականացումը սկզբից եւեթ դատապարտված էր ձախողման: Բայց դրա կիրառումը պարտադրվեց ռուս ժողովրդին եւ սկիզբ դրվեց «սոցիալական լաբորատորիայի» փորձարկումներինՙ իր սարսափելի հետեւանքները թողնելով ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա: Յոթանասուն տարիների փորձարկումներից հետո տեսությունը կորցրեց իր մղիչ ուժն ու ստեղծված կառույցըՙ Խորհրդային Միությունը ինքնաբերաբար խորտակվեց, առանց թշնամու կողմից արձակված կրակոցների: Հայաստանը մաս կազմելով նախկին ցարական կայսրության, ինքն էլ առնչվեց այդ սոցիալական փորձարկումների հետ, եւ 1918-ին դժվարությամբ ձեռք բերված անկախությունը 1920-ին փոխարինվեց խորհրդային զորքերի երկիր մուտք գործելով: Յոթանասուն տարի Խորհրդային Հայաստանի ժողովուրդն ապրեց կառավարման այդ համակարգի ներքո, կրելով Ստալինի իշխանության սարսափներն ու զոհաբերելով անհամեմատ մեծ թվովՙ 300 հազար հայորդիներիՙ ի պաշտպանություն «անծայրածիր հայրենիքի»ՙ համաշխարհային Երկրորդ պատերազմի օրերին: Բայց մյուս կողմից Հայաստանն օգտվեց Խորհրդային Միության տնտեսության աճի բացառիկ հնարավորություններից եւ գիտությունն ու արդյունաբերությունը, գրականությունն ու արվեստները արագ թափով զարգացան, երկիրը հասցնելով տիեզերական դարաշրջանի շեմին: Մի բացասական գործոն, ճանապարհորդելու սահմանափակումը, այնուամենայնիվ դրական ազդեցություն ունեցավ հայերիս համար: Մենք պատմականորեն եւ բնազդային առումներով հակված ենք եղել հեռանալ մեր պատմական վայրերից եւ բնակություն հաստատել այլ երկրներում, զարգացնելով դրանք: Ճանապարհորդելու սահմանափակման հետեւանքով Հայաստանի բնակչությունը ստիպված էր ապրել երկրի ներսում եւ գուցե առաջին անգամ պատմության ընթացքում բնակչության թիվը գրեթե հասավ 4 միլիոնի: Զարկ տրվեց մեկ ընդհանուր ազգային գիտակցության: Բարգավաճ հայրենիքի մասին քարոզչությունն այնքան գրավիչ դարձավ, որ մոտ 200 հազար հայեր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եւ հետո ներգաղթեցին սփյուռքից հայրենիք: Խորհրդային Միության փլուզումից հետո միգրացիայի դարպասները լայն բացվեցին եւ մինչ օրս ոչ մեկը գործնական քաղաքականություն չի մշակել կանգնեցնելու համար արտագաղթի հոսքը: Այնպես որ խորհրդային համակարգի չարաբաստիկ սահմանափակումներից մեկը օրհնանք դարձավ Հայաստանի համար, ամրագրելով նրա ապագան: Մյուս իրադարձությունը, որի հարյուրամյակը լրանում է այս տարի, առավել անուղղակի ազդեցություն է թողել հայերիս, ավելի ճիշտ սփյուռքահայերիս վրա: Դա 1917 թվի Բալֆուրի դեկլարացիան է: Եվրոպայում եւ Ռուսաստանում դարեր շարունակ հետապնդումների ենթարկվելուց հետո, հրեաները ձգտեցին իրենց հայրենիքն ունենալ: Թեոդոր Հերցլ անունով վիեննացի մի լրագրող սիոնիզմի գաղափարախոսությունը առաջ քաշեց հրահրելու համար աշխարոհվ մեկ սփռված հրեաների երեւակայությունը: Բրիտանացիները Աֆրիկայում, իսկ Ստալինը հետագա տարիներին Ռուսաստանում հողատարածքներ տրամադրեցին նրանց: Բայց սիոնիստների նպատակը Պաղեստինում իրենց պատմական հայրենիք վերադառնալն էր, եւ 1948-ին Հերցլի երազանքն իրականություն դարձավ: Բրիտանացի գիտնական Խայիմ Վայմանի եւ Մ. Նահանգների գերագույն դատարանի դատավոր Լուիս Բրանդիսի օժանդակությամբ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Արթուր Ջեյմս Բալֆուրը հնարավորություն ստացավ համապատասխան «Դեկլարացիա» հռչակել: Նա սիոնիստական ֆեդերացիայի առաջնորդ լորդ Ուոլտեր Ռոթսչայլդին տեղեկացրեց, որ «նորին գերազանցության կառավարությունը դրական է վերաբերվում Պաղեստինում հրեա ժողովրդի համար ազգային օջախ հիմնելու գաղափարին եւ ամեն ջանք գործադրելու է դյուրացնելու համար դրա իրականացումը, զգուշացնելով, որ Պաղեստինում ապրող ոչ հրեա համայնքների քաղաքացիական եւ կրոնական, ինչպես նաեւ այլ երկրներում ապրող հրեաների իրավունքներն ու քաղաքական կարգավիճակը չխաթարվեն կամ չոտնահարվեն»: Հետագայում «Դեկլարացիան» հանձնվեց Ազգերի Լիգայինՙ գործադրության դրվելու համար: 1930-ականներին, երբ դեռ Բրիտանիայի ձեռքերում էր Պաղեստինի մանդատը, Բրիտանիայի կառավարությունը փորձեց ձերբազատվել պարտավորություններից, բայց արդեն շատ ուշ էր: Հրեաներն արդեն սկսել էին աշխարհի տարբեր վայրերից վերադառնալ իրենց երկիրը եւ հիմնել «Քիբուցներ», գյուղատնտեսական համայնքներ, նման Կիլիկիայի (բայց ոչ Ղարաբաղի) հայերի: Արդեն սկսվել էին հրեաների զինված ապստամբություններն ընդդեմ բրիտանական օկուպացիայի եւ տեղացի արաբ բնակչության: Երուսաղեմի «Քինգ Դեյվիդ» հյուրանոցը, որը բրիտանացիների կենտրոնատեղին էր, ռմբահարվեց 1946-ին եւ սանձազերծվեց թշնամական արշավն ընդդեմ պաղեստինցիների: Դեր Յասինի եւ այլ վայրերի կոտորածները նպատակ ունեին ահաբեկելու տեղացի ժողովրդին: Լեհին, ազատամարտիկների խմբավորումը, ոչնչով չէր տարբերվում Համասից կամ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունից: Այդ կոտորածները կազմակերպողների թվում էին Դեյվիդ Բեն-Գուրիոնը, Յիցհակ Շամիրը եւ Մենահիմ Բեգինըՙ նրանք ահաբեկիչ առաջնորդներ էին, որոնք հետագայում դարձան հարգված պետական գործիչներ: Երբ Իսրայելը անկախություն հռչակեց, հայերը ըմբռնումով մոտեցան իրողությանը ներզգալով, որ հրեաները իրենց նման միեւնույն «պատմական տրավմայի» միջով էին անցել: Ինչ վերաբերում է «Բալֆուրի դեկլարացիայի» զգուշացմանը, որ պետք է պահպանվեն «ոչ-հրեական համայնքների քաղաքացիական եւ կրոնական իրավունքները», բավական է ասել, որ 700 հազար պաղեստինցիներ վտարվեցին իրենց բնակավայրերից եւ 25 հազարի հասնող հայկական համայնքից այսօր ընդամենը 1.500 հայեր են մնացել այնտեղ: Անկախության հռչակման ժամանակ հրեաների թիվը 600 հազար էր կազմում: Այսօր Իսրայելի բնակչությունը 8 միլիոն է: Այն ինչ ազատագրում բերեց հրեա ժողովրդին, դարձավ «նաբկա» (աղետ) պաղեստինցիների համար: Հակամարտությունն ու տարաձայնությունները շարունակվում են մինչեւ օրս եւ թափանցել են ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրները: Եգիպտոսը երեք մեծ պատերազմներ է մղել Իսրայելի դեմ մինչեւ նախագահ Անուար Սադաթը խաղաղության պայմանագիր կնքեց Իսրայելի իր գործընկերոջՙ Մենահիմ Բեգինի հետ 1979-ին: Այդ ժամանակ արդեն Եգիպտոսի բարգավաճ հայկական համայնքը 55 հազարից նվազել էր 4 հազարի: Մերձավոր Արեւելքը պատերազմական գոտի է դարձել 1948-ից սկսած: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սնկի նման աճել էՙ դառնալով գլոբալ խնդիր եւ Եվրոպայի ու հատկապես Մ. Նահանգների պաշտպանությունը Իսրայելին ամբողջ մահմեդական աշխարհին լարել է Արեւմուտքի դեմ, Իսրայելին վերագրելով կողմնակի դիտորդի կարգավիճակ: Արիել Շարոնի 1982-ին նախաձեռնած Լիբանան ներխուժումը զգալիորեն նվազեցրեց այնտեղ տեղակայված պաղեստինյան զորքերի թիվը, եւ այլ երկրներ ցրեց սփյուռքի ամենակայուն հայկական համայնքներից մեկի անդամներին: Դրան հաջորդած Իրաքի օկուպացիան քայքայեց տեղի հայկական համայնքը: Այնուհետեւ հերթը հասավ Սիրիային: Պատերազմներից անուղղակիորեն տուժել են հայերը, որոնք բարգավաճ Մերձավոր Արեւելյան երկրներից գաղթել են Հայաստան, եվրոպական երկրներ եւ Միացյալ Նահանգներ, նոր ավյունով հարստացնելով այդ երկրներն ու այնտեղ ապրող հայկական համայնքները: Սակայն վերջին հաշվով պատճառված վնասը շատ ավելի մեծ է քան օգուտը: Շատ քիչ մարդիկ են նշում այսօր այս զույգ հարյուրամյակները: «Կրակն իր խփած տեղն է վառում», ասում է հայկական առածը: Այնպես որ, երկու լռելյայն նշվող հարյուրամյակներին միավորում է մեզ բաժին ընկած ճակատագիրը: Հայո՛ւ ճակատագիրը: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator) |