RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 12919, Տպվել է` 1563, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ Է 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Մենք չենք կարող վերցնել այս բյուջեի քաղաքական պատասխանատվությունը եւ դեմ ենք այս փաստաթղթին», ասաց «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի` 2018 թվականի բյուջեի խորհրդարանկան քննարկման ժամանակ: Իսկ եթե եկող տարի, ասենք ու հանկարծ, նրա խմբակցությունը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ապա այս բյուջեի պատասխանատվությունը «Ծառուկյան դաշինքը» ստանձնելո՞ւ է, թե նոր բյուջեի նախագիծ է առաջարկելու: Կամ, առհասարակ, ո՞վ է 2018 թվականի Հայաստանի բյուջեի պատասխանատուն, եթե փոխվի վարչապետը, չէ՞ որ այս բյուջեն ներկայացնում են Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը: Թե հետո էլի ասվելու է , որ նախկին կառավարությունը ճիշտ չէր կառուցել բյուջեն, ու կորսված ժամանակը էլի նախկինների վրա է դուրս գրվելու, ինչպես որ միշտ է եղել, ու հերթական անգամ Հայաստանը կորցնելու է ոտքի կանգնելու ժամանակը:

Եկող տարվա բյուջեով 1 տրիլիոն 307 միլիարդ դրամի եկամուտ, ու դրանից 157 միլիարդ դրամով ավել ծախս է նախատեսած, ավելացել են պաշտպանության եւ անվտանգության հատկացումները, կրճատվել` առողջապահության, գիտության ու կրթության ծախսերը: Սոցիալական հատկացումները չեն ավելանալու` թոշակ ու միջին աշխատավարձ չի բարձրանում` մոտ երեսուն տոկոս աղքատության պարագայում, չնայած պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են: Նախատեսված է նաեւ օպտիմալացում`5560 աշխատողի կրճատմամբ:

Պետական պարտքը մեծանալու է եւ եկող տարվա վերջում մոտենալու է յոթ միլիարդ դոլարի սահմանագծին, սակայն նրա կառուցվածքն է բարելավվել, ըստ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ` որոշ բաղադրիչների` ներքին պարտքով փոխարինվելու միջոցով: Պարտքի սպասարկման գումարները եւս աճելու են եկող տարվա բյուջեում: Այս պահին յուրաքանչյուր անձին բաժին հասնող ՀՆԱ-ն տարեկան կազմում է 3700 դոլարին համարժեք դրամ, մոտավորապես այս թիվն է լինելու եկող տարի, որ շատ անբարենպաստ ցուցանիշ է:

Պարզ բառերով` եկող տարի կունենանք մի կերպ ապրելու բյուջե` մեր զգացողությամբ, իսկ ըստ պաշտոնական բացատրությունների` հետագայում տնտեսական կայուն աճ ապահովելու բյուջե, որը հետագա տարիների կտրվածքով հենման կետ է լինելու տնտեսության զարգացման համար: Սպասելու եւ հուսալու բյուջե` ինչպես ձեւակերպեց պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը : Հնարավորի արվեստի, աշխատելու բյուջե (Հերմինե Նաղդալյան): Այսքանով բյուջեի բնորոշումները չէին սպառվում, դրանք այս անգամ խիստ բազմազան էին:

Մեկը կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի, մյուսը արդյունաբերության զարգացման միտում չէր տեսել նոր բյուջեում, երրորդը` քաղաքական մոտեցման բացակայությունն էր մատնանշում եւ հաշվապահական հաշվետվություն էր ձեւակերպում բյուջեն, մի ուրիշն իրականությունից կտրված էր համարում նախագիծը:

«Պետական պարտքը կառավարելի է» հանգստացնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «Նյարդային դարձածների գնահատականները մի կողմ` լավատեսություն, ոչ թե վատատեսություն պետք է փոխանցել ԱԺ դահլիճից», կոալիցիոն գործընկերոջ բյուջեին էր սատար կանգնում դաշնակցական Աղվան Վարդանյանը :

Ճիշտ չի լինի, եթե չներկայացնենք խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման քաղաքական ֆոնը: Այդ նույն օրը, երբ սկսեց բյուջեի քննարկումը, Մոսկվայում տեղի էր ունենում Սարգսյան-Պուտին հանդիպումը, Սարգսյանն ու Պուտինը խոսում էին դաշնակցային հարաբերությունների` բոլոր ուղղություններով առաջընթացից, Հայաստանում ժամանակին գողացված Վրուբելի նկարը Հայաստանին վերադարձնելուց եւ այլ ականջահաճո բաներից: Թե ինչ են խոսել կուլիսներում` չենք իմանա, եկող տարի երկու նախագահներն էլ ժամկետի լրանալու խնդիրներից անպայման կարող էին խոսել, ու, այցի հրապարակային դիվիդենդներին զուգահեռ` միմյանց աջակցելու չնշմարվող քայլերի մասին եւս կարող էին պայմանավորվել: Հաջորդելու է Հայաստանի նախագահի այցը Բրյուսել, հերթականությունը հետաքրքրական է` հավանաբար ԵՄ-Հայաստան համաձայնագրի դրույթերը նույնպես մի լավ սանրվել են Սարգսյան-Պուտին հանդիպման կուլիսային հատվածում, ինչու չէ` Հայաստանը ԵՄ-ում որոշ առումով Ռուսաստանի համար պատուհան էլ կարող է դառնալ, ու երեւում է, որ համաձայնագիրը ռուսական կողմից չի խոչընդոտվելու: Իսկ Սարգսյան-Պուտին հանդիպումը կայանում էր Պուտին-Էրդողան հանդիպումից հետո` Թուրքիայի հետ ռուսներն օր-օրի ընդլայնում են հարաբերություննները, չնայած Արցախի հարցում ռուսերը դեռեւս որեւէ սեւ պայմանավորվածության թուրքերի հետ չեն գնում, թուրքերի ուժն այս պահին չի՛ պատում ռուսներին թելադրել, սակայն մեր ուշադրությունը դրանից չպետք է բթանա, մանավանդ` մոտակա օրերին անսպասելի Երեւան ու Բաքու է այցելելու Սերգեյ Լավրովը:

Սարգսյան-Պուտին հանդիպումն, այդպիսով (մշակութային համատեքստում լինելով հանդերձ), ենթադրվում է, որ այս երկու գործիչների ապագային է հղված, հատկապես մեր դեպքում, ու ավելի շուտ արարողակարգային է, քան առավել առարկայական: Միեւնույն ժամանակ չի կարելի այդ հանդիպումն անկարեւոր համարել` հենց մեր ասած միմյանց աջակցելու հարթության վրա թեկուզ, եթե նկատի ունենանք նաեւ, որ Մոսկվա մեկնելուց առաջ հենց Սարգսյանն ու ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը միասին հայտարարեցին մեկ միլիարդ դոլարի ներդրման մասին Հայաստանի էներգետիկ ոլորտում` հայտը ապագա Հայաստանի ղեկավարի հավակնության ուղերձն ունի իր մեջ:

Վարչապետն էլ մի տեսակ համակերպվածի նման էր եւ անգամ բյուջետային ուղերձով հանդես չեկավ ԱԺ-ում, բյուջեն քննարկվում էր մեծամասնականների բացակայությամբ համարյա ` ՀՀԿ-ից մի քանի մարդ , ՀՅԴ-ից երկու-երեքն էին ներկա լինում դահլիճում: Ընդհանուր պատկերը, մեղմ ասած, այնքան էլ մխիթարական չէր այս կառավարության համար, եթե չասենք ավելին` Կարեն Կարապետյանի անհավես պատասխանները ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսում էին եկող տարի բոլորվին նոր կառուցվածքի ու բովանդակության կառավարման համակարգ ունենալու մասին, անկախ սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների կարգավորումներից: Ասել է, թե անկախ նրանից, ով է հիմա ինչ պաշտոնի` իրական կառավարումն այլ տեղ է նաեւ այսօր:

Անցած շաբաթ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասում էր, որ ԱԺ նախագահի պաշտոնի գործառույթներն այս խորհրդարանում այնքան չեն, ինչպես նախորդում` շատ բան որոշում է ԱԺ խորհուրդը: Սակայն եթե Ազգային ժողովի միջանցքներում կամ բուֆետում տեսնեք միասին երեւացող Արա Սաղաթելյանին, Արման Սաղաթելյանին, Սամվել Ֆարմանյանին, Հրայր Թովմասյանին, կհասանաք, որ ԱԺ-ն, անկախ ԱԺ խորհրդից, նույնպես ավելի խորքային կառավարում ունի, ու նախագահականի դեսանտն այստեղ ոչ միայն իր պաշտոնեական գործառույթները լավագույնն իրականացնող պաշտոնյաների տեսքով է, այլեւ արտալիազորություններով: Այնպես որ` ԱԺ-ն, իր նոր դերով ու լիազորություններով ապահով ձեռքերում է, իսկ քվեարկությունները, որոնցով այստեղ հարցեր պիտի վճռվեին, ամենավերջին գործիքն են: Սա էլ ընդհանուր համատեքստում ենք դիտարկում:

Իսկ խորքային կառավարման մասին, որ շատ երկրներում է տեղ գտել ու աստիճանաբար հաստատվեց նաեւ Հայաստանի բոլոր առանցքային նշանակության օղակներում եւ ԶԼՄ-ներում, անգամ ԶԼՄ-ների հայտնատես կենտրոնացում է կատարվում այս պահին հոլդինգներում` խորքային-ստվերային կառավարմանը զուգահեռ, տարբեր մոտեցումներ կան: Դա վատ չէր լինի որոշ դեպքերում, մանավանդ պատերազմական վիճակում, քանի որ ռեսուրսի (այդ թվում տեղեկատվական) կառավարման կենտրոնացումը արդյունավետ է, սակայն ոչ հիմա եւ ոչ մեր երկրի դեպքում, որտեղ հենց խորհրդարանում հրապարակվեց` յոթ անձ իրացնում է ութսուն տոկոս շրջանառությունը: Ուրեմն նախ էդ մոնոպոլացմանն է ծառայում ու ծառայելու կենտրոնացումը, ու ամեն ինչ է այդ մոնոպոլացմանն է ստորադաս: Այսինքն` Հայաստանը կզարգանա այնքան, որքան ուզեն կամ թույլ կտան այդ յոթ մարդը, ու տարօրինակ չի լինի այլեւս, որ մի «Առինջ մոլի» կամ այլ մոլերի խնդիրը կդառնա խորհրդարանական խնդիր, ավելի ակտուալ, քան ասենք գիտության ապագայի խնդիրը: Դրա համար էլ երբ նայում ու տեսնում ես` իրականությունն այլ է, քան բյուջեի մասին սիրուն-պաշտոնեական ելույթներն են, իրոք խնդիր կա պարզաբանել այդ մասին հանրությանը, դա վստահեցնում ենք, որեւէ խմբի շահերով առաջնորդվելով չենք անում, այլ, իրոք, երկրի ապագայով մտահոգված: Ուզում ենք պարզ լինի` եթե մեկ միլիարդ դոլար է ներդրվում էներգետիկ ոլորտում, իսկ այդ ոլորտի առանցքային ձեռնարկությունը ներդրողինն է, ապա սա մի՞թե սովորական բիզնես -պարտավորություն չէ, եւ ոչ թե` ներդրում, ու այս գործելակերպով Հայաստանն ավելի չի՞ հեռանալու տնտեսության իրական ու երկրին հարկավոր ոլորտների զարգացումից, Ալիսան էլ էլի ծուռ հայելիների աշխարհում վերստին չի՞ հայտնվի:

Մենք ոչինչն չունենք այդ յոթ մոնոպոլիստի դեմ, ուղղակի շատ որոշակի ըմբռնում ենք, որ Հայաստանը կամացուկ կմարի` հասկացեք, ուղեղ ու արժանապատվություն ունեցող մարդկանց սերունդը կխամրի` կամաց-կամաց դուրս հոսելով մի քանի մոնոպոլիստի ենթակա երկրից եւ սնելով այլ պետությունների ուղեղային ռեսուրսը, գոնե այդ սերնդին կրթելու վրա դրած համազգային ջանքն ու ֆինանսն ափսոսացեք:

Եթե այս վիճակն է լինելու 2018-ի ապրիլից հետո, Հայաստանը սմքելու է էլի, է, ով որ հավակնում է այս վիճակը շարունակելի ու խորացող դարձնել` կա՛մ պետք է հրաժարվի իր հավակնությունից, կա՛մ իսկապես կարողանա փոխել վիճակը` օդ չկա շնչելու յոթ օլիգարխանոց երկրում: Կամ-կամ է` երրորդ տարբերակ չկա:

Առայժմ բավարավենք ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հավաստիացմամբ` բյուջեի նախագծի վերաբերյալ, թե նախագծում ներդրվածը ճիշտ ուղղություն է եւ տանում է մեր տնտեսության կայունացման: Իսկ չորս օր հետո (խորհրդարանում նախագծի քննարկման ավարտից հետո նախատեսված չորսօրյա դադար է) հասկանալի կլինի, թե ով էր խոսում` միայն խոսելու համար, ով ուզածը ստացավ, եւ ով` ինչպես է քվեարկելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ