ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՀԱՅԿ ԱՂԱՍՅԱՆ, գիտաշխատող, 24 հոկտեմբեր, 2017 թ. Վերջերս «Արմենիա» հեռուստատեսության «Սուր անկյուն» հաղորդաշարից մի տեղեկություն ստացա, որն ինձ անչափ վրդովեցրեց: Բանը նրանումն է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները իրենց աշխատանքային գործունեության ընթացքում բավականին բարձր աշխատավարձ են ստանում, որին ես բնավ էլ դեմ չեմ: Ճիշտ է, նրանց մի մասը աշխատանքի է ներկայանում միայն քվեարկությունների ժամանակ կոճակ սեղմելու, այլ ոչ բովանդակային ելույթներ ունենալու համար: Հիմա դառնանք ամենագլխավոր հարցին: Բանից պարզվում է, որ անկախության տարիների ընտրությունների ժամանակ լոկ մեկ անգամ պատգամավոր ընտրված անձն իր պաշտոնը կորցնելուց հետո ամսական ցմահ ստանալու է պատգամավորի աշխատավարձի 80%-ի չափով գումար, որը կազմում է մոտ 500000 դրամ: Եվ սա մեր սուղ բյուջեի դեպքում, երբ շարքային աշխատավորներն աշխատանքից ազատվելիս ոչինչ չեն ստանում, մինչդեռ միջին թոշակառուն ընդամենը 30-50000 դրամի հույսին է մնում: Այնինչ պատգամավորներից շատերը տարիների ընթացքում տարբեր բիզնեսների «տեր են դառնում» եւ էլ ավելի հարստանում: Հարց է ծագում. գոնե թոշակի անցնելուց հետո ինչո՞ւ մեր ժողովուրդը մոտավորապես հավասար գումար չի ստանում: Եվ երկրորդ հարցը. արդյո՞ք շատ երկրներ կան, որոնք այսպիսի անհավասար քաղաքականություն են վարում իրենց ժողովուրդների նկատմամբ: Պատասխանատու անձանցից ակնկալում եմ խելամիտ պատասխան: |