ՍԵԼՖԻ Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Լարա-թվային աշխարհի տարօրինակ դրսեւորումները (*) (Manifestations of a Wired Weird World) Մեր օրերում «սելֆի անելն» այնքան «մոդայիկ» է դարձել, որ նույնիսկ նախագահներն են դրանից օգտվում: Թրամփը ձեզ օրինակ: Որո՞նք են այն գլխավոր ուժերը, որոնք ձեւավորում են մարդու ինքնությունը: Ինչպե՞ս ենք մենք արձագանքում դրանց: Ի՞նչ ազդեցություն է թողնում միջավայրը, որի շրջապատում մեծանում է երեխան, պատանին կամ պարմանուհին: Որո՞նք են տեխնոլոգիական նորամուծությունների ազդեցությունները անհատի վրա: Այդ ազդեցությունները սոցիոլոգիակա՞ն են, կենսաբանակա՞ն, հոգեբանակա՞ն, թե՞ նեորոգիտական: Այս եւ հարակից այլ հարցերի է փորձում պատասխանել Աննա Քաթարինա Շաֆները «Թայմսի» գրական հավելվածի (TLS) (2017 թ. սեպտեմբերի 8-ի) համարում գրախոսելով միանգամից չորս հեղինակների գործերըՙ Ուիլ Սթորի «Սելֆի» (Will Storr: Selfie), Մայքլ Հարիսի «Մենակություն» (Michael Harris: Solitude), Մայքլ Ֆինկելի «Օտարականը անտառում» (Michael Finkel: The Stranger in the Woods) եւ Էնդրու Օ՛Հեյգանի «Գաղտնի կյանք» (Andrew O՛Hagan: The Secret Life) գրքերը : Շատերն են մտահոգված, որ նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումները, որոնք միտված են մարդկանց կյանքը դյուրացնելու, իրականում դարձել են մտավոր եւ ֆիզիկական առողջության սպառնալիքներ: Մայքլ Հարիսը միակը չէ, որ հարցնում է, թե արդյո՞ք սոցմեդիաները մեզ սոցիալապես ավելի շփվող են դարձրել: Ճիշտ է հարատեւ կապերի մեջ ենք, բայց երբեք ամբողջովին հագեցած այդ կապերից: Հեշտացել է «իրեն ցուցադրելու» արվեստը, բայց ի՞նչ որակով: Բյուրավոր փաստեր կան, որ նոր մեդիա հասանելիությունը մեզ շատ ավելի մենակյաց է դարձրել, շատ ավելի ինքնասիրահարված, շատ ավելի ընկճված, եւ շատ ավելի անհանգիստ, քան մեզ նախորդած սերունդները: Սեփական անձի, ինքնության խնդիրը առավել անհանգստացնող է դառնում, երբ մենք հաշվի ենք առնում մեր մշակույթներում ամրագրված որոշակի արժեքներ, որոնք բնական են համարվում: «Սելֆի. ինչպե՞ս ենք մենք դարձել այդքան ինքնասեւեռված եւ ի՞նչ ազդեցություն է դա թողնում մեզ վրա», գրքում Ուիլ Սթորը քննարկում է արեւմտյան անհատականության կազմավորման մեջ այնքան կարեւոր, անհատի մշտական կատարելագործման, կամ իրեն կատարելագործելու գաղափարի պատմությունը: Նա հետաքննում է դրա էվոլյուցիանՙ սկսած հին հունական փիլիսոփայությունից մինչեւ քրիստոնեականության առաջացումը, արդյունաբերական հեղափոխությունը եւ արդի հոգեբանությունը: Ըստ նրա, համարձակ, շփվող, եսակենտրոն, ինքնամեծարմամբ եւ ձեռնհասության խորամանկությամբ օժտված անհատը դարձել է ժամանակակից անձի մոդելը, ստվերում թողնելով բոլոր նրանց, ովքեր չեն կարողարնում իրենց դրսեւորել կյանքում վերոնշյալ հատկանիշների բացակայության պատճառով: Արդյունքում ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, որոնցում Սթորը ուսումնասիրություններ է կատարել, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ինքնավնասումը, անկանոն սնվելը, ընկճվածությունը, մտահոգվածությունն ու մարմնական խեղումները անհամեմատ մեծ աճ են արձանագրել ժամանակակից մարդկանց շրջանում: Սթորը համոզիչ կերպով պնդում է, որ անձի «գերազանցության» այս գաղափարը ընկած է Հին Հունաստանի «քաղաքացիություն» հասկացողության եւ հատկապես Արիստոտելի այն գաղափարի հիմքում, որ անհատը «քաղաքական կենդանի» է: Ի հակադրություն, Հեռավոր Արեւելքում անձի գերակշռող մոդելը համարվում էր «խմբակային ներդաշնակության» համապատասխանողը: Սթորը այնուհետեւ, կոնֆուցիականությանն ու ֆրեյդիզմին անդրադառնալուց հետո, կենտրոնանում է Կարլ Ռոջերսի, Ֆրից Պերլսի եւ Ուիլ Շուտցի գաղափարախոսության վրա, որ մարդու «անսահման կարողությունների» մասին է խոսում: Նշում մարդու ինքնագնահատման, ինքնարժեւորման դրսեւորումների մասին, որոնք ինքնասիրահարվածության, մի ամբողջ «սելֆի սերունդի» ծնունդի (Generation selfie) պատճառ դարձան: Գիտնականներն այժմ ուսումնասիրում են ծնողների կողմից իրենց երեխաների չափից ավելի գովաբանման հարցերը: «Եսի» գերագնահատումը սերտորեն կապված է թվային եւ լարային կախվածության հետ, որը տարօրինակ ձեւով անջատվածության եւ մենակության է առաջնորդում: «Մենակություն» գրքում Հարիսը տարանջատում է «իրական» (կամ դրական) մենակությունը, առանձնացվածությունը եւ «ձախողված» (կամ բացասական) մենակությունը, որին բնորոշ է տխրությունըՙ միայնակ լինելու հետեւանքում: Անգլերեն «solitude» եւ «loneliness» բառերն առավել ճշգրիտ կարող են գուցե արտահայտել տարբերությունը: Հարիսի կարծիքով առաջինը մտածողության թերագնահատված աղբյուր է: Առանձնացվածությունը կարող է բերրի հող նախապատրաստել նոր գաղափարների ծնունդի, ավելի առողջ ապրելակերպի (կենտրոնացվածություն), եւ ինքն իրեն եւ ուրիշներին ավելի ճիշտ ճանաչելուն: Մինչդեռ երկրորդը վհատության, հոռետեսության կարող է առաջնորդել: Արտաքնապես անվնաս թվացող նոր տեխնոլոգիաները, Հարիսի համոզմամբ, աննկատելիորեն ազդելու են մեր ապրելակերպի վրա, պատճառելով կախվածություն եւ նիհիլիզմ: Թվային խաղերով տարված մենք կորցնում ենք կենտրոնացված առանձնացվածության հնարավոր օգուտները: Իրականությանը մեջքով շուռ գալու փոխարեն Հարիսը առաջարկում է սավառնել անուրջների աշխարհում, վերահաստատել կապը բնության հետ եւ անջատվել սարքերից ու նրանց առաջարկած անհեթեթ խաղերից: Մենակյաց ապրելակերպի յուրահատուկ դրսեւորման մասին է Մայքլ Ֆինկելի «Օտարականը անտառում» հատորը, որ պատմում է մեր օրերի մի ճգնավորի մասին: Քսանյոթ տարի շարունակ Քրիստոֆեր Նայթը ապրել է Մենի (Maine- Նոր Անգլիա, ԱՄՆ) շրջակա անտառներից մեկում, եւ 47 տարեկանում հայտնաբերվել եւ ձերբակալվելՙ ոստիկանության աշխատողների կողմից: Հանկարծական ներքին մղումի ազդեցության տակ է թողել տունն ու աշխատանքը (թե ինչից է փախչել կամ խուսափելՙ պարզ չէ, բայց ինտերնետն ու apps-ը դեռ տարածված կամ հայտնաբերված չէին այդ ժամանակ) եւ իր համար ստեղծել աչքից հեռու մի «բնակարան»: Գոյատեւել է հարեւանությամբ գտնվող տնակներից գողանալով ուտելիք եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Բայց սահմանափակ քանակով, չխախտելով էթիկայի կանոնները: Գողացված մարտկոցներով լսել է ռադիո, դիտել հեռոստացույց, երբեմն խմել, կարդացել այն գրքերը, որոնք կարողացել է ձեռք բերել: Եղել է մաքուր եւ կոկիկ հագնված: Ձերբակալվելուց չի կարողացել հիշել ընտանեկան մի խնդիր, որի պատճառով հեռացած լիներ տնից: Մասնագետների կարծիքով, այնուամենայնիվ, նա որոշակի խանգարումներ ունեցող անձ է եղել, բայց ամեն ինչից հրաժարվելով մենակյաց ապրելը դեռեւս մնում է չլուծված ու հարցական, մանավանդ որ անհրաժեշտ պարագաներ գողանալու հետեւանքով նա հոգեկան եւ այլ վնասներ է պատճառել հարեւանությամբ ապրող մարդկանց: Նայթի (knight) պարագան նման չէ, անշուշտ, ժամանակին հիացմունքի առարկա դարձած հասարակությունից կամ քաղաքակրթությունից կամավոր հրաժարված մարդկանց կյանքին, որոնց մասին հիշատակությունները հասնում են մինչեւ մ.թ.ա. III հազարամյակում ստեղծված «Գիլգամեշ» դյուցազնավեպը: Ֆինկելը նրանց երեք դասի է բաժանել. բողոքարկողների, ուխտագնացների եւ հետապնդվողների: Լաո-Ցզուն, Սիդհարթա Գաութաման, Հիսուսը, Մոհամեդը եւ այլք, բոլորն էլ երկար ժամանակ մենակության մեջ են ապրել նախքան հոգեւոր քարոզչությամբ զբաղվելը: 18-րդ դարում անգլիացի արիստոկրատական խավերում խիստ մոդայիկ էր կալվածներում ճգնավորներ ունենալը, որոնք «բարիություն եւ դատողություն էին ճառագայթում»: Նրանց լավ էին վճարում եւ պայմանագրերը նրանց հետ երբեմն մինչեւ յոթ տարի էին ձգվում: Անգլիացիներից բացի այլ ազգերի մոտ էլ ճգնավորները հարգված մարդիկ են եղել: Նրանց իմաստուն մարգարեի, գուշակի եւ գիտնականի որակավորում են տվել: Չորրորդ, Օնդրու Օ՛Հեյգանի «Գաղտնի կյանք: Երեք իրական պատմություններ» գիրքը քննության է առնում մարդու ինքնությունը, եսըՙ թվային դարաշրջանում: Նրա շնորհալիորեն գրված էսսեները ժանրերի եւ ոճերի հիանալի միաձուլումներ են, որոնք ե՛ւ փաստագրական են, ե՛ւ խոհական: Առաջինը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին է ներկայացնում, երկրորդըՙ կիբերտարածությունում ստեղծված մի հնարավոր ինքնության, իսկ երրորդը Քրեյգ Սթիվն Ռայթին (Craig Steven Wright), ով կարող է լինել (կամ չլինել) Բիթքոյն (Bitcoin) դրամական կրիպտոսիստեմի լեգենդար հիմնադիր Սաթոշի Նաքամոթոն: Հեղինակը «Բյուլետեններ ժամանակակից ինքնության եզրերից» անվան տակ ներկայացնում է «եզակի, կառնավալային հրավառությամբ հագեցած մի քանի անձնավորությունների, որոնք արտասովոր են իրենց անցյալով, փառասիրություններով եւ պատրանքներով»: Նա թափանցում է հաքերների, կիբեր հանցագործությունների, առցանց անվտանգության եւ ինքնության գողության ոլորտները, չմոռանալով անդրադառնալ մարդկային ինքնության խանգարումների, ինչպես նաեւ ազատության, թափանցիկության եւ շուկայական ուժերին առնչվող հարցերին: Ասանժի եւ Ռայթի համար ինքնության գիտակցությունը (ինքնագնահատումը նաեւ) թելադրված է այդ միեւնույն թվային աշխարհով, որի պարամետրերը հենց իրենք էլ մշակել են: Նրանք ե՛ւ վարպետ հորինողներն են, ե՛ւ տուժող ենթակաները իրենց ստեղծագործությունների: Ժամանակակից ինքնությունը կարող է լինել նարցիստական (ինքնասիրահարվածության հետեւանք), գերկապակցված, արմատապես միայնակ եւ կոտրված կամ էլ այս բոլորը միաժամանակ: Այս չորս գրքերը հավաստիացնում են, որ շրջապատող աշխարհի եւ մարդու ինքնության հարաբերությունները հիմնականում մնում են դիալեկտիկական հարթության վրա: Ինչպես Սթորն ու Հարիսն են փորձում հիմնավորել, մարդու անձնական վարքագիծը, ձգտումներն ու դավանած արժեքները ձեւավորվում են ինչպես ծնողների, դասատուների եւ շրջակա միջավայրի, այնպես էլ տեխնոլոգիաների եւ տնտեսական մոդելների հիման վրա, որոնք երբեմն մեր վերահսկողությունից վեր են: Խմբ. կողմից.- Իսկ մեզ մոտՙ Հայաստանո՞ւմ: Չենք ասում գիրք, բայց ինչո՞ւ մի լուրջ հոդված, ուսումնասիրություն չեն հրատարակում մեր հոգեբանները, սոցիոլոգներն ու մտավորականությունը: Թե՞ նորագույն տեխնոլոգիաները մեզ մոտ խնդիրներ չեն առաջացնում ընդհանրապես: (*) Ի դեպ «www» հապավումը շատ անգամ նաեւ առնչվում է «wired weird world-ի» հետ, որը նշանակում է «լարերով համակված տարօրինակ աշխարհ», ակնարկելով երիտասարդների մոտ նշմարվող երաժշտություն կամ խոսակցություն լսելու լարային հարմարանքներին: |