ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՙ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ Կրկին անգամ կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթըՙ նվիրված հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին: Ծնվել է Լիբանանում 1936թ.: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան եւ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները: Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարեւորությունը եւ ուսանողական տարիներից ի վեր ազգանվեր գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի «Նոր Օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը: Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամՙ 2001թ.: Շարադրությունների մրցույթը, որը նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է Հակոբ Պողոսյանի այրինՙ ԱՄՆ-ում բնակվող տիկին Անի Պողոսյանը, նպատակ ունի նպաստելու աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսելու հայոց լեզվի իմացությունն ու ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալու պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները: Օրերս Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցումՙ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում կայացավ ամենամյա ձեռնարկի արդյունքների ամփոփումը (մրցույթը կայացել էր հոկտեմբերի 8-ին Թեքեյան կենտրոնում): Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էինՙ «Խաղաղ երկինք» եւ «Երազի թեւերով»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները. բոլորն էլ արժանացան խրախուսական մրցանակներիՙ Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակին: |