RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 14577, Տպվել է` 1668, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԱՁՈՐԻ ՔՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԽԱՇԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրական դատարանիՙ հասկանալու համար բավականին բարդ որոշումից հետո, Վանաձորի ավագանին գումարեց արտահերթ նիստ: Բայց նախքան նիստը, ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, համագործակցության համաձայնագիր կնքեց ավագանու ՀՎԿ, նույնն է թե ՕԵԿ խմբակցության հետ: Սա շատ կարեւոր է, քանի որ ՀՎԿ-ի աջակցությունը ստանալովՙ պարոն Ասլանյանը վերջապես կարողացավ ավագանու նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորում ապահովել, ինչը մինչեւ հիմա տեղի չէր ունենում, քանի որ Լուսավոր Հայաստան , ԲՀԿ եւ նույն ՀՎԿ խմբակցություններըՙ մեկը մյուսից ընդդիմադիր, բոյկոտում էին ավագանու նիստերըՙ համաձայն չլինելով քաղաքապետի ընտրության արդյունքի հետ: Ինչեւէ, պարոն Ասլանյանն ապացուցեց, որ կա՛մ ինքը վանաձորցի չէ, կա՛մ վանաձորցին լոռեցի չէ, կա՛մ էլ լոռեցիներն ամենեւին էլ միամիտ չեն, ի տարբերություն Մարուքյանների, որոնց ամբողջ հույսը ՍԴ-ն էր եւ կամ բոյկոտի հաղթական ավարտը: Ճիշտ է, հիմա էլ Լուսավոր Հայաստանը դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որը, կրկնեմ, անհասկանալի է, անվավեր ճանաչի Վանաձորի ավագանու նիստերը, հետեւաբար այդ ավագանու բոլոր քվեարկությունները, եւ քաղաքում անցկացնի նոր ընտրություններ կազմակերպելու որոշում: Բայց մենք հո հասկանում ենք, որ եթե ՍԴ-ն չկարողացավ օգնել Մարուքյաններին, լինելով անկախ կառույց, ապա ինչպե՞ս պետք է այդ օգնությունը ցուցաբերի կառավարությունը, որը կախված է, ավելինՙ կախված է այն նույն տեղից, որտեղից կախված է Մամիկոն Ասլանյանն ու նրա ամբողջ թիմը (չխառնել Վանաձորի Լոռի ֆուտբոլային թիմի հետ):

Այնպես որ Վանաձորի ավագանու ճգնաժամը կարծես թե հաղթահարվեց, ընդ որում ելքը ցույց տվեցին ոչ թե դրա տեղն իմացող Մարուքյանները, այլ Մամիկոն Ասլանյանը:

Բայց այս պատմության մեջ հետաքրքրական մեկ այլ բան կա: Ինչպես նշում են ՀՎԿ-ից, անձամբ տիկին Հեղինե Բիշարյանը , որը, ինչպես գիտենք, անբարոյական էր անվանել բոլոր նրանց, ովքեր Վանաձորի քաղաքապետի ընտրություններում խախտել էին ընդդիմադիր պայմանավորվածությունն ու քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին, հիմա հայտարարում է, որ ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության համաձայնագիրը ոչ թե ամբողջ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մասով է, գումարածՙ Կիլիկիան, Պոլիսն ու Սբ. Ղազարը, այլ բացառապես Վանաձորի: Համաձայնագրում կողմերն այդպես էլ շեշտել են, որ հանուն Վանաձորի եւ նրա քաղաքացիների իրենք ... Մի խոսքով: Այլ կերպ ասածՙ ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն գործակցելու են միայն ու միայն Վանաձորում: Օրինակ, եթե մի օր, ենթադրենք կիրակի, որոշեն քաղաքից (Վանաձորից) ավագանիով դուրս գալ, օրինակ խաշի, ապա սեղանի շուրջ ՀՀԿ-ականներն ու ՀՎԿ-ականները չեն համագործակցելու: Ասենք, եթե Մամիկոն Ասլանյանը խնդրի իր առաջին տեղակալ Արկադի Փելեշյանինՙ իրեն փոխանցել բողկը, վերջինս չի գործակցելու քաղաքապետի հետ, քանի որ իրադարձությունը տեղի է ունենում Վանաձորից դուրս: Այ եթե Վանաձորի ինչ-որ ռեստորանում նստած լինեին, բողկն էլ կփոխանցեր, հանքային ջուրն էլ, դեռ բաժակն էլ կլցներ, ջրով անշուշտ: Եւ ուրեմն ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն միասին ուտելու են, բայց միայն Վանաձորում: Իսկ ՀՎԿ-ին քննադատելը, թե անցավ իշխանության կողմ, տեղին չէ. մարդիկ միայն Վանաձորում են անցել ու բացառապես հանուն վանաձորցիների, որոնք առանց ավագանու նիստերի այլեւս չէին դիմանում սոցիալ-տնտեսական վիճակին, բայց այ հիմա, երբ արդեն ավագանին լիարժեք գործելու է, Վանաձորն անխախտ գնալու է դբա լավը:

Այս օրինակն իմիջիայլոց կարող է նախադեպ լինել: Օրինակ ԲՀԿ-ն, կամ ինչպես ԱԺ-ում են նրանց ասումՙ Ծառուկյանները կարող են միայն Գյումրիում գործակցել ՀՀԿ-ի հետ, մանավանդ որ արդեն ցուրտ է, խաշի սեզոնը բացվել է, իսկ Գյումրիում առանց խաշ ձմեռն անցկացնելը հնարավոր չէ, բացի այդ քաղաքում խաշի սրահները եթե ՀՀԿ-ականի չեն պատկանում, ապա հաստատ ԲՀԿ-ականի են պատկանում: Ինչեւէ, սա ապագայի հարց է, դատելով նրանից, թե ինչպես է Վանաձորը սկսել զարգանալ: Շատ մոտ ապագայի:

Մոռացա նշել, որ ՀՀԿ-ՀՎԿ վանաձորյան մեծ պայմանագրի ստորագրումից հետո Վանաձորի ավագանին իր առաջին նիստում փոխքաղաքապետ նշանակեց Արկադի Փելեշյանին : Վերջինս հայտնի է Ակա մականունով եւ շատ մոտիկից ճանաչում է Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին , որին անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ինչ-որ մեկը ծեծել էր: Պարոն Գրիգորյանն ասում էր, որ իրեն ծեծողը հենց պարոն Փելեշյանն է եղել, բայց դատարանը որոշեց, որ պարոն Փելեշյանը չի եղել: Մի խոսքով, Փելեշյանի առումով կարեւորն այն է, որ նա ՀՎԿ անդամ է: Ի դեպ նա հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններում ինքն անձամբ ընտրել է Քրիստ Մարուքյանին, բայց հիմա զղջացել է: Հիմա պարոն Փելեշյանը Մամիկոն Ասլանյանի առաջին տեղակալն է, նրա առաջին գործընկերը, բայց բացառապես Վանաձորի տարածքում: Քաղաքից դուրս ոչ մի գործընկերություն, ոչ մի բողկ եւ հանքային ջուր:

Մի բան էլ. Վանաձորում կտրում են ծառերի այն ճյուղերը, որոնք կախված են ճանապարհներին ու վտանգ են ներկայացնում մեքենաների եւ անցորդների համար: Ճյուղերը դառնում են վառելափայտ ու ջերմացնում այն տները, որոնք ո՛չ գազ ունեն, ո՛չ էլ տունը տաքացնելու հնարավորություն: Այնպես որ քաղաքն ազատվում է վտանգավորներից, ջերմանում է ու իսկապես գնում է դբա լավը, իհարկե եթե զբոսաշրջության (այդ թվում ձմեռային) կենտրոն հռչակված Վանաձորում լավ է, որ մարդիկ տաքանում են փայտ վառելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ