ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Մեր ինչին է պետք զիմբաբվեական փորձը Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանիՙ «Ազգ» թերթում տպագրված հարցազրույցը առինքնում է երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ նրա անձնական-տեսական կոլորիտային պատկերացումներով: Ով էլ ասեսՙ կարող է դառնալ ԱԺ նախագահ, ասում է նա, հավանաբար չբացառելով նաեւ կիսագրագետ պատգամավոր օլիգարխներին: Նույնիսկ այն պարագայում, որ «Այս Ազգային ժողովում շատ քիչ քաղաքական գործիչներ կան»: Սակայն սրանք մանրուքներ են. Սահակյանի բոլոր խոսքերը պտտվում են մեկ գլխավոր գաղափարի շուրջՙ ո՞վ պիտի լինի, նրա անհատական կարծիքով, հայոց պետության առաջիկա ղեկավարը: Պարզվում է, որ նա պիտի լինի «մի մարդ, որը մասնակցել է Հայաստանի անկախությանը, մասնակցել է պատերազմին, ունի բավականին մեծ փորձառություն, դրսեւորել է քաղաքական բանիմացություն, համոզմունք երկրի համար քաղաքական տարբեր ճակատագրերում, ճանաչում է աշխարհը»: Սահակյանի խորին համոզմամբ, Հայաստանում «չկան մարդիկ, Սերժ Սարգսյանից բացի, որոնք իմ ասած պայմանների կրողն են»: Մե՜ղա քեզ, Տեր Աստված, ի՜նչ է ստացվում. այս անկախություն կոչեցյալը հայոց արգանդը չորացրեց ու դարձրեց չբեր այն աստիճան, որ նա անընդունակ դարձավ ծնելու ներկայիս նախագահին համարժեք գոնե մեկ այլ թեկնածու: Սահակյանը ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին հավասարարժեքության իմաստով չի էլ կանգնեցնում Սարգսյանի կողքը, քանզի նա չի համարվում անկախության մարտիկ, ղարաբաղյան պատերազմի հերոս... Հազիվ թե հայության մեջ գտնվի մեկը, որն արժանին չմատուցի ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցներին: Փառք ու պատիվ նրանց: Սակայն, մյուս կողմից, արժե՞ կույր ձեւանալ չտեսնելու համար, որ ծնունդ տալով հայոց մի նոր պետության, այդ նույն ազատամարտի սերունդը, իշխանության գլուխ գալով Հայաստանում, պետությունը իջեցրին ներկայիս ողորմելի վիճակին: Գալուստ Գրիգորեւիչ, դուք չգիտե՞ք, որ երկրի էկոնոմիկան տապալված է, բնակչության կեսն էլ փախել է իր ղեկավարությունիցՙ ինչպես խոլերայից: Եթե դուք տարրական հայրենասիրություն ունենայիք, ապա գործընկերներիդ կոչ կանեիք քվեարկել Կարեն Կարապետյանի օգտին, թեկուզեւ հենց նրա համար, որ նա նոր սերնդի մարդ է, էկոնոմիկայի մասնագետ, վերջիվերջո մարդկանց մեջ հույս է արթնացնում: Ժամանակն է, պարոն Սահակյան, եթե ուշ չէ, որ Հայաստանը ղեկավարեն նոր սերնդի մարդիկ: Եվ առհասարակ, երկրորդական հարցերի շուրջ երկար-բարակ փիլիսոփայելու փոխարեն բավարար կլիներ կատարել իրատեսական սոսկ մեկ քայլՙ դուրս եկեք փողոց, կանգնեցրեք պատահական մեկ տասնյակ մարդու ու հարցրեք, թե գո՞հ են նրանք Հայաստանի ներկա ղեկավարությունից, նրանցից ո՜ր մեկի գլխում չկա արտագաղթի գաղափարը: Կամ, Գալուստ Գրիգորեւիչ, մի տխուր օր մեկնեք ռուսաստանյան Մագադան եւ այնտեղ ձեւավորված նորաթուխ հայ (հայաստանյան) համայնքի անդամների հարցրեք, թե ինչու են նրանք արեւավառ հայրենիքը փոխարինել սառցահամ, խստաշունչ ու օտար Սիբիրով: Նրանք ձեզ ուսանելի պատասխան կտան: Դուք էլ եք «ավանդաբար» անտեսում Հայաստանն ամայացնող այդ հրեշավոր երեւույթի քննարկումը: Ռուսական մամուլում էլ են գրում, որ Հայաստանի կառավարող կուսակցությունը մտադիր է Սերժ Սարգսյանին դարձնել պետության ցմահ ղեկավար: Բայց չէ՞ որ սա ուղիղ ճանապարհ է դեպի արեւելյան, նույնիսկ նորօրյա աֆրիկյան բռնապետություն (*): Իմաստ ունի՞ Հայաստանում կրկնել զիմբաբվեական փորձը: Ի վերջո Ռոբերտ Գաբրիել Մուգաբեն ոչ միայն Հարավային Ռոդեզիայում ակտիվորեն մասնակցել է ապարտեիդի ու ռասիզմի դեմ պայքարին, այլեւ 10 տարի բանտ է նստել դրա համար: Եվ դառնալով Զիմբաբվե վերանվանված երկրի առաջնորդ ու սեփականազրկելով զարգացած էկոնոմիկա ստեղծած սպիտակամորթներին (նրանք, իհարկե, կոմունիստ չէին), 93-ամյա գերհայրենասեր Մուգաբեն, դրոշ դարձնելով իր հերոսական անցյալը, 37-ամյա գրեթե «ցմահ» կառավարման ընթացքում Զիմբաբվեն դարձրեց աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկը, քայքայելով հնարավոր ամեն ինչ: Մտադիր էր եթե ոչ ինքը (դե, մոտենում էր մեկդարյա հոբելյանը), ապա իր կրակոտ կինը կշարունակի ամուսնու «պանծալի» գործը: Ինչու, պարոն Սահակյան, տեսական դատողությունների հետ մեկտեղ պայծառատեսական կանխատեսում չեք անում կոնկրետ մի հարցի շուրջՙ հնարավո՞ր է, որ անկախ Հայաստանում վերջապես կառավարման ղեկի մոտ հայտնվի մի անձ, որը ոչ թե իշխանավայելչական, այլ հայաստանասիրական նվիրյալ գործունեությամբ արժանանա հայ ժողովրդի հարգանքին, անձնական պատասխանատվություն կրի նրա հանդեպ: Ընդ որում, բնավ էլ ոչ «Ազգի հայր» դառնալու ակնկալիքներով: Հետաքրքրական է, ղեկավարների նկատմամբ ներկա համաժողովրդական խրոնիկ ալերգիան ե՞ւս անկախության ծնունդ է: Եվ հետո, մեկ անգամ չի ասվելՙ Հայաստանի բարձրագույն ղեկավարներից եւ ոչ մեկը ոչ մի առիթով պուտինյան ոճով երբեք անմիջական հրապարակավ հեռուստահանդիպում չի ունեցել սեփական ժողովրդի ներկայացուցիչների հետՙ բոլորի աչքի առաջ հաշվետվություն տալու իր արած-չարածի համար: Խորհուրդ կտայինք ձեզ, մեծարգո պարոն Սահակյան, որպես կառավարող կուսակցության առաջնորդի տեղակալ, վարչապետական ընտրությունների շեմին ինքներդ կազմակերպեք նման անկեղծ հարցուպատասխանական եզակի զրույց, դե, չասենք ժողովրդի մոտ 1200 պատվիրակների, ապա գոնե մեկ հարյուրի հասնող լրագրողների հետ: Համոզված եղեք, այս վերջինները ձեզ շատ են սիրում: *) Խմբագրությանս ունեցած տեղեկություններով, ռուսական մամուլում «ցմահ» ղեկավարելու մասին խոսք չկա: Համենայնդեպս, ռուսների համար բնավ զարմանալի պետք չէ թվա, առանց ընկնելու արեւելյան կամ աֆրիկյան բռնապետությունների... բաղերը, նման երեւույթը. վկա՛ Պուտին-Մեդվեդեւ փոխատեղությունները: Խմբ.: |