«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ» Պ.Ք. Հրեական պետությունը Իրանին մեղադրում է Սիրիայի պատերազմից եւ ուժերի նոր դասավորությունից օգուտ քաղելու մեջ: Իսրայելը պնդում է, թե Իրանը մտադիր է իր եւ «Հզբոլլահի» զորքերը տեղաբաշխել Սիրիայի հարավում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը: Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը անհանգստությամբ դիտում է, թե ինչպես է ահագնանում Իրանի հետ կապված խնդիրը: «Իսլամական պետության» պարտությունից եւ Բաշար Ասադի հաղթանակից հետո հորիզոնում ուրվագծվող խաղաղությունը չի մեղմացնում իսրայելցիների մտահոգությունը: Իսրայելական «Մոսսադ» հետախուզության նախկին աշխատակցուհի Սիմա Շայնը հայտարարում է, որ իր երկիրը խիստ մտահոգ է Սիրիայում իրանական բանակի ներկայությունից: Այնտեղ «Հզբոլլահը» գործում է բացահայտորեն: Իսրայելցիները վախենում են, որ Սիրիայի պատերազմին մասնակցած շիա աշխարհազորը կարող է ընդգրկվել սիրիական բանակի կազմում: Արեւելյան Միջերկրածովքում Իրանի ազդեցության ուժեղացումը դիտվում է որպես ուժերի դասավորության փոփոխություն: Հարցը հատկապես հրատապ է դարձել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո, որը հավանաբար տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի հրահրմամբ եւ շիա մահմեդական Իրանին եւ «Հզբոլլահին» հակազդելու նպատակով: Իսրայելցիներն արդեն վարժվել են Լիբանանում «Հզբոլլահի» արմատավորման մտքին: Այնտեղ շիա բնակչության աջակցությունը որոշակի օրինականություն է հաղորդում «Հզբոլլահին»: Սակայն իսրայելցիները չեն հանդուրժի օտար ուժերի ռազմական ներկայությունը Գոլանի բարձունքների մոտակայքում, քանի որ այդ դեպքում երկրի հյուսիսը կհայտնվի հարձակման վտանգի տակ, պարզաբանում է աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը : Նրա խոսքերով, իրանցիներն ակնհայտորեն որոշել են հիմնավորվել Սիրիայում, որտեղ սպաները եւ շիա աշխարհազորայինները երկարաժամկետ ռազմակայաններ են ստեղծում Դամասկոսի շրջանումՙ Իսրայելի սահմանից 30 կմ հեռավորության վրա: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել Սիրիայի հարավին, որպեսզի ստիպի հարգել Իսրայելի շահերը: «Մենք չենք հանդուրժի առաջնագծի գործողություններին օժանդակելու համար Սիրիայում շիա առանցքի գոյություն», նախազգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը : Իսրայելը պահանջում է 50 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծում, ուր չեն կարողանա մտնել Իրանի եւ նրա դաշնակիցների զորքերը: Իրանի ազդեցության ուժեղացումը իսրայելցի ղեկավարների միակ մտահոգությունը չէ: Մյուս պատճառը ռուս-իրանական առանցքի ամրապնդումն է: Դա արդեն ոչ միայն հաշվարկով ամուսնություն է, այլեւ ռազմավարական գործընկերություն, գրում է Le Figaro թերթը: Ռուսաստանի հետ Իրանն ունի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական հարաբերություններ: Տարածաշրջանային փոփոխված պայմաններում Իսրայելը փորձում է գտնել նոր դաշնակիցներ: Իսրայելցի դիվանագետներից մեկը պարզորոշ հայտարարել է. «Մենք չենք պատրաստվում կեղտոտ աշխատանք կատարել ամենքի փոխարեն, բայց Իրանի վրա գործադրվող ամեն մի ճնշում խրախուսվում է»: Խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների մասին է: Նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում Իրանը դարձրել է իր գլխավոր թշնամին եւ սպառնում է խզել միջուկային բազմակողմ գործարքը: Եվրոմիությունում իրանցիների հետ բանակցությունների վերսկսման միակ կողմնակիցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է: Ֆրանսիան իր պատմական եւ մշակությային ավանդույթներով կապեր ունի տարածաշրջանի երկրների հետ եւ ջանքեր է գործադրում Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաեւ կարող է որպես միջնորդ հանդես գալ Լիբանանի ճգնաժամի հարցում: Սակայն Թեհրանի վրա ճնշում գործադրելու նրա հնարավորությունները սահմանափակ են: «Մակրոնը մտադիր չէ սին երազանքների հետեւից ընկնելով կորցնել իրական ձեռքբերումները, բայց գործում է հմտորենՙ ջանալով զբաղեցնել ամերիկացիների թափուր թողած տեղը»: Ըստ Ֆրեդերիկ Անսելի, ներկայումս ժամանակն է, որ Ֆրանսիան դառնա այնպիսի տերություն, որին հնարավոր կլիներ իբրեւ իրավարարի դիմել այն սառը պատերազմում, որտեղ բախվում են շիա եւ սուննի առանցքները: |