ԵՐԵԽԱ-ԹԻՐԱԽ ՆԱԻՐ ՅԱՆ Այս շաբաթ հայկական ու արտասահմանյան տարբեր ամբիոններից հայտարարվեցՙ նշում ենք երեխաների համաշխարհային օրը: Երեխաների նկատմամբ մեր սերը հասնում է պաշտամունքի. հայերս երեխայապաշտ ենք (մեծ հաշվով): Չափազանցություն չէ, երբ ասում ենքՙ ինչ անում ենք, երեխաների համար ենք անում, ապրում ենք, աշխատում, ինչ-որ բան ստեղծում` մեր երեխաների համար: Նորածին որդուն դեռ ծննդատնից տուն չբերածՙ հայրն ու պապը մտածում ենՙ բանակի հարցը ո՞նց են լուծելու, տղային ծրագրավորո՞ղ դարձնեն, թե՞ բանկում տեղավորեն աշխատանքի: Աղջիկ երեխաների ծնողների մտահոգություններն էլ մոտավարապես նույնն ենՙ բանակի հարցը խմբագրած: Համաձայնեքՙ մեր ժամանակներում ու մեր երկրում տասնապատիկ դժվար է պահել-մեծացնելը թե՛ տղա, թե՛ աղջիկ երեխային, որովհետեւ այդ դժվարությունների մեծ մասն արհեստածին է, այսինքնՙ դրանք կարող էին ուղղակի չլինել: Ու երեխա պահել-մեծացնելու առաքելության դժվարանցանելի քառուղիներում ծնողները ջանում են կյանքին դիմակայելու պատրաստ մարդ կռել-կոփել, դեռ փոքրուց սովորեցնել պաշտպանել սեփական իրավունքները, ունենալ անձնական տեսակետ ու կարծիք, ստիպել հաշվի նստել իրենց հետ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաներ ու պարտավորություններ, հռչակագրեր ու հուշագրեր. մեր երկիրը դրանք առաջիններից մեկն է ջանասիրաբար ստորագրել ու ամեն առիթով վկայակոչում, օրինակ է բերում այդ փաստաթղթերը: Երեխայապաշտ լինելով հանդերձՙ հայ ծնողները չեն կարողանում պաշտպանել իրենց երեխաների իրավունքները: Սեփական անձը հետին պլան մղածՙ ամբողջ կյանքը նվիրում են երեխաներին, բայց ամեն քայլափոխի բախվում են իրավունքների ոտնահարման բազմապիսի օրինակների: Մանկապարտեզ Ի դեպ, հայրենի կառավարությունը որոշել է մարզերի մանկապարտեզների 50 տոկոսը փակել. գյուղերում երեխաները քիչ են, մանկապարտեզ պահելու ծախսըՙ շատ: Միակ լուծումըՙ փակել ու գլխացավանքից պրծնել. վերջ: Իսկ քաղաքային բնակավայրերում այս կրթադաստիարակչական օջախում երեխային մի քանի ժամով պահ տալու եւ աշխատանքը չկորցնելու համար ծնողներն ստիպված են հերթագրվել: Եթե ձեռքդ չոր քարի տակ չէ, հնարավոր է հերթն առաջ գցել, ու երեխադ կդառնա հազիվ տոտիկ-տոտիկ անող ու դեռ տակը թրջող 30-40 երեխաներից մեկը. այդքան երեխա կա հայրենի մանկապարտեզների յուրաքանչյուր խմբում: Խախտվեցի՞ն երեխայի իրավունքները. իհարկե, 2-3 տարեկան 40 երեխայի մեկ սենյակում պահելը պատկերացնո՞ւմ եք: Կա այլընտրանքՙ աշխատեք ու ամբողջ աշխատավարձը մի կոպեկի պես տվեք մասնավոր մանկապարտեզին, որտեղ խմբերում երեխաների թիվը 10-15 է: Իսկ այդ դեպքո՞ւմ ում իրավունքներն են խախտվում: Հավսար-զգաստ, նստել-կանգնել, ուտել, քնել, հագնվել, խաղալ. սրանք դեռ ոչինչ, կարող ենք մեզ հույս տալ, թե երեխաներին կարգ ու կանոն են սովորեցնում: Իրավունքների անբեկանելի խախտումն սկսվում է այսպես կոչվածՙ հանդեսների ժամանակ, որոնք տեղի են ունենում տարեկան առնվազն 4-5 անգամՙ ներբողՙ ոսկե աշնանը, Ամանորին, գարնան զարթոնքին, մայրիկներին, Սուրբ Զատկին, իսկ տարեվերջինՙ ցտեսություն, մեր սիրելի մանկապարտեզ: Դաստիարակները կաշվից դուրս են գալիս, վեր ու վար վազվզում, սցենար գրում-փոխում. վեր-ներից մարդիկ են գալու տեսնենՙ ո՞ր մանկապարտեզի ու ո՞ր դաստիարակչուհու հանդեսն էր ամենալավը: Թաղապետերի վրա պետք է դրական տպավորություն թողնել, ինչը նշանակում է, որ տվյալ մանկապարտեզի վարիչը գովեստի է արժանանալու. մրցակցություն է, ավելի ճիշտՙ մարաթոնյան մրցավազք, պատվոգրեր, պարգեւներ, հավաքույթներին հատուկ կենացներ: Իսկ այդ ամենն ո՞ւմ հաշվին... երեխաների: Համաձայնեք, որ սա չհայտարարագրված թրաֆիքինգ է: Հոգեկան ու ֆիզիկական կտտանքներ են այդ հանդես կոչվածները. երեխաներին բառացիորեն փակում են դահլիճներում ու օրերով փորձեր անումՙ ձեռքերը վերեւ, ոտքերըՙ մեկ-երկու-երեք, ծա՜փ... հիմա երգ, հետոՙ ոտանավորներ... կանգնեք ուղիղ գծով, ժպտում ենք, սուտ զարմանում, ձեռքերը տարածածՙ գոչումՙ իմ սուրբ հայրենիք, սիրասո՜ւն մայրիկ, իմ հարազատ օջախՙ մանկապարտե՜զ: Միայն հետխորհրդային որոշ երկրներում է պահպանվել մանկապարտեզային ցուցադրական հանդեսների ավանդույթը: 2-3 տարեկան երեխաները մայրիկ-հայրիկներին դահլիճում տեսնելովՙ բեմից լաց լինելով վազում, գրկախառնվում են, մոռանում են իրենց դերերն ու ոտանավորները, վարիչը աչքերը ոլորում է «պարտված» ու հուսահատ դաստիարակչուհու վրա, որն արդեն իր հաշիվը վերցնում էՙ մանկխորի նիստի ժամանակ նկատողություն ու կարգավիճակի անկում: Դպրոց-հերթափոխ Վերջին տարիներին մի քանի հերթափոխը հանրակրթական դպրոցներում սովորական է դարձել: Երկրորդ դասարանից սկսածՙ երեխաները երկրորդ, երրորդ ու անգամ չորրորդ հերթով են դպրոց գնում. դա էլ 2000-ականներին դպրոցների օպտիմալացման, դպրոցների շենքերը վաճառելու հետեւանքն է: Հասկանալի է, որ երկրաշարժից, արցախյան պատերազմից, արտագաղթի մեծ թափից հետո ժողովրդագրական ցուցանիշները նվազելու միտում ունեին, բայց անգամ կոպիտ հաշվարկների դեպքում վերարտադրության պարզագույն օրենքի համաձայնՙ այս երկրում երեխաներ պիտի ծնվեին ու դպրոց գնային, չէ՞: Օպտիմալացված դպրոցների կուժն ու կուլան ջարդվեց ամենաանմեղների գլխին. 8-11 տարեկան երեխաները դպրոց են գնում լավագույն դեպքում կեսօրին, անգամ 14:30-ին. դասերն ավարտվում են երեկոյան 17:00-19:30-ին: Բնական էՙ երեխան բառացիորեն մի քանի տարի անիմաստ վատնում է, չի օգտագործում իր ամբողջ պոտենցիալը: Նորություն չէ. ուղեղի ընկալունակությունը դրսեւորվում է հատկապես վաղ առավոտյան, իսկ կեսօրից հետո դասերը նոր-նոր սկսող երեխայից շատ բան սպասելն անիմաստ է: Բացի այդՙ երեխան չի հասցնում հաճախել այլ խմբակների ու պարապմունքների: Այն տարիքում, երբ երեխան պետք է ուսման հիմքերը դնի, բացահայտի իր ունակություններն ու հակումները, ճնշվում են նրա իրավունքները, ընդ որումՙ պետականորեն, բարձր մակարդակով, կառավարության որոշումներով, թուղթութանաքով մակագրված օրենքներով: Երեկոյան հերթափոխի պատճառով երեխաներն ունենում են առողջական, նյարդային խնդիրներ, ընկնում է նրանց աշխատունակությունը: Ու այս կերպ վարվում ենք մի ամբողջ սերնդիՙ տասնյակ հազարավոր երեխաների հետ: Դպրոց- վերաբերմունք Փորձեք անկեղծացնել դպրոցահասակներին. նրանք կպատմեն, թե ինչպես են իրենց հետ վերաբերվում ուսուցիչներն ու տնօրենները: «Ո՞վ եք դուք. ընդամենը աշակերտ». այս արտահայտությունը աշակերտների համար սովորական է դարձել, նրանք արդեն չեն էլ վիրավորվում այդ խոսքերից: Ու սա ամենասարսափելին է: Երեխային թվում է, որ աշակերտ լինելը նշանակում է ինչ-ինչ իրավունքներից ու կարգավիճակից հասկանալի եւ ընդունելի պատճառներով ձեռք քաշել, խոսելու, կարծիք հայտնելու, սեփական իրավունքները պաշտպանելու անկարողություն, ուսուցչին ու տնօրենին ստորադասվելու պարտավորություն: Նկատե՞լ եք, թե դպրոցն ավարտած նախկին աշակերտն ինչ անբռնազբոս կեցվածքով, տիրական հայացքով է կանգնում իր դպրոցի բակումՙ ի տես ուսուցիչների ու հատկապես տնօրենի: Հոգեբանական բարդույթ է. նրան ժամանակին նսեմացրել ենՙ դու ձայնազուրկ ես, անգամ շարժվելու իրավունքներդ են սահմանափակված, դու ընդամենը աշակերտ ես, տեղդ վեր ընկիր: Հիմա նա կանգնել է դպրոցի բակումՙ վերջապես ձերբազատված երբեմնի աշակերտի ստորացուցիչ կապանքներից, այսինքնՙ ես ձեզնից մեկն եմ արդեն, էլ չեք կարող իմ ցածր կարգավիճակը շրխկացնել երեսիս, ես աշակերտ չեմ այլեւս: Չափազանցություն չէ, հավատացեք, միջին հաշվով այ այսքան ու այսչափ իրավազուրկ է հայրենի աշակերտը: Սրան ավելացնենք կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների, գնահատման համակարգի ստորին շեմը: Մեծերս երեխաներին հրամցնում ենք արդեն կանոնակարգված, դոգմա դարձած, որոշակի ձեւաչափ ու բովանդակություն ընդունած երեւույթներ, պատմություններ ու ստիպում նրանց այդ ամենն ընդունել: Չենք էլ նկատում, որ անգամ եթե դա ժպիտով ու սիրալիր ենք անում, միեւնույն էՙ ստիպում ենք: Երեխան մեր ներկայացրածի հիման վրա տեղեկություն է ստանում, իմացություններ ձեռք բերում: Ստացվում էՙ նա շարժվում էՙ ըստ մեծերի նախասիրությունների ու ճաշակի: Ֆիննական ուսուցման մեթոդները նման մոտեցումը չեն ընդունում: Անգամ համաշխարհային պատմության, քաղաքականության, տնտեսությանՙ հազար անգամ վերլուծված ու պարզաբանված թեմաները երեխաներին ներկայացնելիս ֆինները նրանց հնարավորություն են տալիս մտածել ու կարծիք հայտնել: Օրինակՙ Նապոլեոնը գրավեց Մոսկվան. ռուսները հրդեհեցին քաղաքը: «Ձեր կարծիքովՙ ռուսները Մոսկվան ֆրանսիացիներին հանձնելուց հետո ինչո՞ւ հրդեհեցին այն»,-հարցնում է ֆինն ուսուցիչը աշակերտներին: Եթե անգամ որեւէ իրադարձության հանգամանքներն ու պատճառները լիարժեք հայտնի են պատմությանն ու փաստարկված են, միեւնույն է, ֆինն աշակերտը մտածելու եւ սեփական կարծիքը, վարվելակերպը դրսեւորելու հնարավորություն է ստանում: Մենք դեռ փոքր տարիքից երեխաների ականջները վարժեցնում ենքՙ Հովհաննես Թումանյանը մեր ամենայն հայոց բանաստեղծն է, նրա հեքիաթները պետք է իմանալ. ամոթ է, եթե չիմանաք, թե ովքեր են Կոմիտասը, Սայաթ-Նովան, Արամ Խաչատրյանը, Չարենցը, Սարյանը: Բայց այս անուններն անգիր անելուց բացի, ոչ մենք ենք ավելին իմանում նրանց մասին, ոչ էլ մեր երեխաները: Մի քանի կցկտուր, շարքային-շաբլոն մտքեր ու վերջ: Եւ ամենկարեւորըՙ պաթոսով, դեմքի հպարտ արտահայտությամբ: Եթե Թումանյանՙ ուրեմն ընդամենը մի քանի հեքիաթ, եթե Չարենց, ուրեմն ամենաշատը «Ես իմ անուշ Հայաստանին», եթե Կոմիտաս, ուրեմն «Կռունկ» ու վերջ, եթե Արամ Խաչատրյան, ուրեմնՙ ուղղակի Արամ Խաչատրյան, դե Սարյանն էլ Սարյան էլի, ավել ի՞նչ ասես: Մեր երեխաներն էլ, թե մնան մեր ու դպրոցի հույսին, այս անուն-ազգանունների միջակայքում էլ կմնան, ու մնում են, ցավոք: Պաթոսախեղդ մի քանի նախադասության տիրույթներն այնքան անհրապույր են, կյանքից, իրականությունից կտրված, որ երեխային առաջին իսկ պահից վանում են: Մինչեւ նա իր լեզվով, իր մտքին համահունչ տեղեկություն չստանա, չի ցանկանա այդ տեղեկությանը նոր շերտեր, գիտելիքին նոր բովանդակություն ավելացնել: Թույլ տվեք երեխան ինքը որոշիՙ Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ է, թե՞ ոչ, նրա հեքիաթները հրաշալի են, թե՞ ոչ, Չարենցը հանճարեղ բանաստեղծ է, թե՞ ոչ, Սարյանի գույներն աննման են, թե՞ ոչ: Այդպես Թումանյանն էլ, Սարյանն էլ, Չարենցն էլ ավելի երկար կյանք, ավելի մեծ կշիռ կունենան, քան եթե նրանց մասին քարացած դոգմաները պարտադրենք երեխաներին: Երեխային պետք է ընկերացնել մեր մեծերի հետ, նրանց դնել հավասար հարթության վրա: Ճանաչելով է երեխան գնահատելու մեր արժեքները: Համացանց-շահագործում Հերիք է մի երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնության որեւէ դեպք լինի, ու համացանցն ուղղակի պայթի երեխայի լուսանկարներից: Մի կարծեք, թե հրապարակողները սրտի ցավից կամ ընդվզման դրսեւորումներից ելնելով են ցուցադրում բռնության հետքերով լուսանկարները. ցավոք, նպատակը լուսանկարի ակտիվ դիտում ապահովելն է միայն: Իսկ ի՞նչ է լինում այդ երեխայի հետ վաղը: Բռնության զոհ լինելուց բացիՙ նա հայտնվում է հասարակական ուշադրության ու քննարկումների թիրախում: Պատկերացնո՞ւմ եքՙ հաջորդ օրերին ու ամիսներին նա ինչ հոգեվիճակ է ունենում, երբ իր տարեկիցները, անգամ անծանոթներն ակնապիշ նայում են իրեն ու միմյանց ականջի փսփսում: Դուք ստացաք երանելի like-երի անհարաժեշտ քանակը, տասը րոպեում մի քանի հազար դիտում ունեցած, իսկ այդ երեխա՞ն: Եթե նույնիսկ նա կամ նրա ընտանիքը դեմ չեն եղել, որ լուսանկարեք ու նկարը հրապարակեք, որովհետեւ լավ չեն պատկերացրել դրա հետեւանքները, ինչպե՞ս է երեխան ապրելու այդ խարանով: Սա երեխայի իրավունքների կոպտագույն խախտում է: Բռնության մասին բարձրաձայնել, բողոքել պետք է, բայց առանց զոհի լուսանկարի, առանց երեխային թիրախավորելու: Համացանցի բացասական հետեւանքներով զբաղվող մասնագետները բազմիցս են հորդորում. մի՛ հրապարակեք ձեր երեխայի լուսանկարները, եթե անգամ հիացած եք նրանով: Մանավանդ ցույց մի տվեք, թե նա որ մանկապարտեզում կամ որ դպրոցում է: Շատ հնարավոր է, որ դուք ինչ-որ մոլագարի համար թիրախ դարձնեք ձեր իսկ երեխային: Բոլոր կոնվենցիաներից, հուշագրերից զատ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը մենք ենք ստեղծել, որտեղ սեփական ցանկությամբ ոտնահարում ենք սեփական երեխաների իրավունքներն ու շահերը: Թեկուզ եւ չկանխամտածված ու ոչ միտումնավոր: Բայց ոտնահարում ենք: |