ԳԵՆԵՐԱԼԻ ԱՇՈՒՆԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանին: Ընդ որում, գեներալ Բաղմանյանը պաշտոնից ազատվել է ոչ թե մեկ այլ պաշտոն զբաղեցնելու համար, այլ, քանի որ...զորացրվել է: Չնայած զինվորական ծառայությունից հրաժարականի զեկուցագիրը անձամբ Բաղմանյանն է գրել, բայց պարզվում է, որ գեներալն այդ զեկուցագիրը սեփական կամքով չի գրել: Ինչպես հայտնել է ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանըՙ գեներալ Բաղմանյանը հրաժարականի զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով : Ինչո՞ւ, քանի որ, ինչպես Վիգեն Սարգսյանն է ասել, գեներալը թերացել է ծառայողական պայմանավորվածությունների կատարման հարցում, ինչն էլ առաջացրել է անհամատեղելիությունՙ նրա հետագա ծառայության հետ: Թե կոնկրետ ո՞ր հարցերում է թերացել Բաղմանյանը, որին արդեն կարող ենք եւ գեներալ չկոչել, ՊՆ նախարարը չի մանրամասնել, գուցե ռազմական գաղտնիք է կամ պետական. այդքան կարեւոր: Այս հրաժարականը մի շատ ուշագրավ յուրահատկություն ունի: Խոսքն այն մասին չէ, որ մարդը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, բայց իր կամքով չի գրել. դա Հայաստանում ամենեւին էլ յուրահատկություն չէ, այլ այն մասին է, որ մարդն ազատվում է աշխատանքից ու թեկուզ չնչին, բայց տեղեկություն է տրամադրվում, թե ինչու: Մինչ այս եղած բոլոր հրաժարականները, որոնց մեծ մասն, ինչպես գիտենք, սեփական կամքով են եղելՙ առանց կողքից ու մանավանդ վերեւից եկած հորդորների, չեն բացատրվել: Լավ, օրինակ Հովիկ Աբրահամյանը տնտեսությունը վատ է՞ր առաջ տանում, թե՞ դրայվ չուներ, օրինակ Հովիկ Աբրահամյանը, օրինակ տնտեսությունը... Բաղմանյանը, փաստորեն, աշխատելով հայտնի չէ, թե ինչ փոխեց մեր զինված ուժերում, բայց հրաժարական տալովՙ մի շատ կարեւոր բան փոխեց երկրում: Իհարկե չեմ պնդի, որ այսուհետ ՊՆ-ում բոլոր գեներալները սկսելու են ավելի լրջորեն մոտենալ իրենց ծառայողական պայմանավորվածությունների կատարմանը, որպեսզի հանկարծ չթերանան ու նախարարից հորդոր չստանան, դա հարցիՙ գուցե ավելի կարեւոր, բայց այլ կողմն է: Բայց սրանից հետո ով որ Հայաստանում հրաժարական տվեց, պետք է ասվի, թե ինչու: Ի դեպ, ի՞նչ է պատրաստվում անել Բաղմանյանը, դե հիմա չէ, այս տարիների ընթացքում ձեռք բերած իր հարմարավետ տանը մի լավ հանգստանալուց հետո: Ես, օրինակ, ուրախ կլինեի, եթե նա հուշեր գրեր, հավատացնում եմՙ կկազմվեր բավականին հաստափոր գիրք ու այն անմիջապես կդառնար երեւանյան բեսթելեր, անշուշտ եթե լավ խմբագրված լինի: Բայց քանի որ վստահ եմՙ պարոն Բաղմանյանը գրելու հետ առանձնապես սեր չունի, նույնիսկ սեփական հրաժարականի դիմումն իր կամքով չի գրել, ապա նա ինչ-որ այլ գործով պետք է զբաղվի. իր պարագայումՙ պարտադիր չէ աշխատավարձ ստանալու համար, այլՙ հանուն պետության, բանակի, ազգի: Իսկ նման աշխատանք միայն քաղաքական դաշտում կա. ամեն դեպքում բոլորն այդ դաշտում աշխատում են հանուն այս երեք բաների: Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ, կարծում եմ պարզ է. եթե պարոն Բաղմանյանին հորդորել են հեռանալ, ընդ որում մինչ այդ նա թերացել է պայմանավորվածություններ կատարելու հարցում, ուրեմն համաձայն չի եղել այդ պայմանավորվածությունների հետ եւ կամ թքած է ունեցել դրանց վրա: Հնարավոր է, իհարկե, որ պայմանավորվածությունները Բաղմանյանը չի կատարել, քանի որ մոռացել է. դե հիմա, Գլխավոր շտաբում այնքան գործեր կան ու այնքան պայմանավորվածություններ, ո՞ր մեկը հիշես: Բոլոր պարագաներումՙ Բաղմանյանը չի կարող լինել նրանց կողքին, որոնց հետ պայմանավորվածությունները կատարելու հարցում թերացել է: Իմիջիայլոցՙ առաջին անգամ. մինչեւ հիմա, Բաղմանյանի ծառայության երկար ու ձիգ տարիների ընթացքում մարդը երբեք պայմանավորվածությունների խախտման հարցում չէր թերացել, օրինակ երբ ՊՆ ղեկավարը Սեյրան Օհանյանն էր... Ամեն դեպքում պարոն Բաղմանյանը լավ կանի հուշեր գրիՙ երկու պատճառով, առաջինն արդեն նշեցիՙ գիրքը կդառնա բեսթելեր, երկրորդն էլՙ քանի որ հրատարակչի հետ պայմանավորվածությունների կատարման հարցում թերանալիս որեւէ մեկը քեզ չի հորդորում հրաժարական տալ: Ավելին, առաջարկում եմ Բաղմանյանի հուշագրության վերնագիրՙ Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի մեդալիցՙ մինչեւ ծառայողական պայմանավորվածությունների խախտում , կարելի է եւ ավելի գեղարվեստական բան, օրինակՙ Պատերազմ եւ բենզալցակայաններ : Անբասիր ծառայություն ձեզ, պարոնայք սպաներ: |