ՄՈՒՀԱՐՐԵՄ ԻՆՉԵՆՙ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին երեկվանից կարող են մասնակցել արտերկրում բնակվող Թուրքիայիՙ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները: Նրանց թիվը Գերմանիայում 1,4 միլիոն է: ԳԴՀ-ում լավ չինտեգրված թուրքերի համար Էրդողանը պետական մեծ գործիչ է, որ կարողանում է Արեւմուտքին իր կամքը թելադրել: Թուրքիայի ընտրությունները լուսաբանողները հավանական են համարում, որ նրանք Էրդողանին են տալու իրենց քվեն: Գերմանացի մեկնաբանները նշում են սակայն, որ Թուրքիայում ընտրությունները հնարավոր է առաջին փուլով չավարտվենՙ դյուրին չէ պայքարն Էրդողանի համար, երբ նրա դեմ կուսակցություններն ալիանս են կազմել, իսկ հռետորական ձիրք ունեցող ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինչեն իրական մրցակից է համարվում: |