ԹՐԱՄՓԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆԸ Պ.Ք. Մաքսատուրքերի իրական նպատակները Եվրոմիության երկրներից ներմուծվող պողպատի եւ ալյումինի վրա 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսատուրք հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հերթական հարվածն է անդրատլանտյան համերաշխությանը: Եվրոպացիների համար հունիս 1-ից ուժի մեջ մտած այդ որոշումն անակնկալ չէր: Եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ-ի առաջին բախումը տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ Թրամփը հայտարարեց մոլորակի կլիմային նվիրված Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին: Այդ քայլն ամենից շատ հիասթափեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին: Նա հայտարարեց, որ իր երկիրը եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերները կշարունակեն համաձայնագրի պայմանները կատարել առանց ԱՄՆ-ի մասնակցության: ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կարծիքները հերթական անգամ հակադրվեցին մի քանի ամիս անց, երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ որոշեց դեսպանատունը տեղափոխել այնտեղ: Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ Երուսաղեմը վիճելի տարածք է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: Եվրոմիությունը դատապարտեց Թրամփի որոշումը եւ հրաժարվեց մասնակցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը: Հետո եկավ Իրանի հերթը: Այդ երկրի միջուկային բազմակողմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը եւս մեկ հարված էր դաշինքին: Ինչպես վերոնշյալ դեպքերում, այս անգամ եւս Եվրոմիությունը փորձեց Թրամփին համոզել դուրս չգալու համաձայնագրից: Եվրոմիությունը հակված է շարունակելու Իրանի միջուկային համաձայնագրի գործունեությունը, նույնիսկՙ առանց ԱՄՆ-ի մասնակցության: Արտաքին քաղաքականության եւ առեւտրի ոլորտներում ԱՄՆ-ի ու Եվրոմիության բոլոր տարաձայնությունները վկայում են, որ չնայած արտաքին քաղաքականության եւ հակաահաբեկչական պայքարի գործում դաշնակիցների ընդհանրություններին, ԱՄՆ-ը եւ Եվրոպան ունեն հակադիր մոտեցումներ. մինչ ամերիկացիները խոսում են «առաջին հերթին ԱՄՆ»-ի մասին, Եվրոպացիները կարեւորում են «բազմակողմ» հարաբերությունները: Մեքսիկայից, Կանադայից ու Եվրոմիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա բարձր մաքսատուրքեր հաստատելու որոշումը Թրամփը փորձում է արդարացնել նրանով, որ այդ ներմուծումները վնասում են ԱՄՆ-ի արդյունաբերությանը: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը , մայիսի 3-ին խոսելով Թրամփի որոշման մասին, նրա մաքսատուրքերն անվանեց ներհովանավորչության արտահայտություն եւ խոստացավ, որ վեճը հարթելու նպատակով Եվրոմիությունը հայցով կդիմի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: «Միանգամայն անթույլատրելի է, որ համաշխարհային առեւտրի հարցերի կարգավորմման նպատակով որեւէ երկիր ձեռնարկի միակողմանի սահմանափակիչ միջոցներ»: Յունկերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Եվրոպային ուրիշ ելք չի թողնում, բացի պատասխան քայլերի ձեռնարկումից եւ ամերիկյան որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումից: «Մենք ԵՄ շահերը կպաշտպանենք համաշխարհային առեւտրի պայմաններին լիովին համապատասխան»: ԵՄ առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը իր հերթին հայտարարեց, որ եվրոպացիները երկու ամիս շարունակ փորձել էին տարհամոզել Թրամփին: Բայց ԱՄՆ-ը մաքսատուրքերը որպես լծակ օգտագործեց Եվրոմիության վրա ճնշում գործադրելու եւ զիջումներ կորզելու նպատակով: «Մենք գործերն այդ ձեւով չենք վարում, մանավանդՙ վաղեմի դաշնակիցների եւ գործընկերների հետ», ընդգծեց Մալմստրյոմը: Եվրոհանձնաժողովը նախապես պատրաստել է 6,4 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա կհաստատվեն մաքսատուրքեր: Ըստ որում, արդեն հունիսի 20-ից Եվրոպան կարող է մաքսատուրքեր սահմանել տարեկան կտրվածքով 2,8 մլրդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա: Դրանց թվում են Harley-Davidson մոտոցիկլետները, ջինսերը, սիգարետները, առագաստավոր զբոսանավերը: Այժմ խնդիրն այն է, թե որքան երկարաժամկետ կլինեն Եվրոմիության մաքսատուրքերը եւ արդյոք չե՞ն դառնա անդրատլանտյան առեւտրական պատերազմի պատճառ: Ավելի վաղ, եվրոպացիները սպառնացել էին պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի դիմաց իրենք եւս որոշ մաքսատուրքեր հաստատել: Ի պատասխան, ամերիկացիները սպառնացել էին բարձր մաքսատուրքեր հաստատել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա, ինչը կարող է լուրջ հարված հասցնել առաջին հերթին Գերմանիայի ավտոմոբիլաշինությանը: Մեքսիկան իր հերթին պատրաստել է պատասխան ցուցակ: Երկրի կառավարությունը խոստացել է մաքսատուրքեր հաստատել ամերիկյան այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են պողպատը եւ խողովակները, խնձորի, հատապտուղների, խաղողի, սթեյքի եւ բազմազան պանրատեսակների վրա, որոնց ընդհանուր գինը համադրելի է ամերիկյան նոր սակագների հետ: ԱՄՆ-ի ներմուծական մաքսատուրքերի հաստատմանն արագորեն արձագանքեցին նաեւ Կանադայում: Օտտավայում հայտարարեցին պատասխան միջոցների մասին: Խոսքը 16,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին է: Վերջիններս կարող են ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ տարվա հուլիսի մեկին: Կանադայի կառավարության պատրաստած ցանկի մեջ մտնում են մասնավորապես ամերիկյան արտադրության վիսկին, թխկու օշարակը, մազերի լաքը, նարնջահյութը: Չնայած կողմերի արած հայտարարությունների որոշակի նմանություններին, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի եւ ԵՄ-ի առեւտրական փոխհարաբերություններն ունեն էական տարբերութուններ: ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա եռանկյունու դեպքում խաղասեղանին դրված է Հյուսիս-ամերիկյան ազատ առեւտրի գոտուՙ NAFTA-ի ճակատագիրը: Ներմուծման մաքսատուրքերը կոչված են ճնշում գործադրելու դաշնակիցների վրա եւ ԱՄՆ-ի համար առավել ձեռնտու պայմաններ ապահովելու առեւտրական նոր համաձայնագրերի կնքման դեպքում: Դեռ այս տարվա ապրիլին նախագահ Թրամփը սպառնացել էր Մեքսիկայի նկատմամբ խզել NAFTA համաձայնագիրը, եթե այդ երկիրը վերջ չդնի անօրինական ներգաղթին եւ թմրադեղերի անդրսահմանային առեւտրին: Բացի դրանից, ԱՄՆ վարչակազմը ավելի լուրջ պահանջներ է ներկայացնում համաձայնագրի մասնակիցներին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հղած ուղերձում նախագահ Թրամփը պահանջում է առեւտրական ազնիվ գործարքների կնքումՙ հակառակ դեպքում սպառնալով, որ դրանք առհասարակ չեն լինի: Թրամփի խոսքերով, տասնամյակներ շարունակ մյուս երկրները շահել են ԱՄՆ-ի հետ առեւտրից, իսկ այժմ հարկավոր է վերջ դնել դրան: Ավելի վաղ Թրամփը Մեքսիկային եւ Կանադային խոստացել էր պողպատի եւ ալյումինի մաքսատուրքեր չհաստատել, եթե կնքվի NAFTA-ի նոր համաձայնագիր, քանի որ գործող համաձայնագիրը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Ապրիլի կեսերին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Կանադան եւ Մեքսիկան պարտավոր են NAFTA-ի նոր համաձայնագիր կնքել մի քանի շաբաթվա ընթացքում: Ի դեպ, NAFTA-ի վերանայումը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր խոստումներից մեկն էր եղել: Հատկանշական է, որ չնայած առեւտրական փոխհատուցման մասին Օտտավայի արած հայտարարություններին, Կանադան պատրաստ է զիջումներ անել ԱՄՆ-ին: Հյուսիսամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունիսի 1-ից առաջ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարները փաստորեն արդեն համաձայնության էին եկել նոր NAFTA-ի անհրաժեշտության առնչությամբ: Մասնավորապես համաձայնեցվել էր ավտոմոբիլային մաքսատուրքերի հարցը: Սակայն վերջին պահին Դոնալդ Թրամփը քննադատել էր պատրաստված փաստաթուղթը եւ այն ուղարկել լրամշակման: Եթե հյուսիսամերիկյան երկրների միջեւ փոխհամաձայնության հնարավորությունները նշմարելի են, ապա ԱՄՆ-ի ու Եվրոմիության փոխհարաբերությունները վկայում են առեւտրական պատերազմի նախնական փուլի մասին, որտեղ քաղաքական հավակնություններն ակնհայտորեն գերակշռում են տնտեսականների նկատմամբ: ԱՄՆ վարչակազմը չի թաքցնոմ, որ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելով ինքը ձգտում է առավել գլոբալ նպատակների, ինչպիսիք են էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից Եվրոմիության հրաժարումը եւ Չինաստանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման որդեգրումը: Բացի դրանից, առեւտրի մաքսատուրքերը հաստատվում են Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիայիՙ ԵՄ-ից դորս գալու պայմաններում, ինչը էլ ավելի է խճճում իրավիճակը: Թրամփի գործողությունները մոտեցնում են առեւտրական պատերազմը վաղեմի դաշնակիցների հետ, նշում է Լոնդոնի The Financial Times թերթը: Իրենքՙ ամերիկացիները, պնդում են, թե իրենց գործողությունները տրամաբանական են: ԱՄՆ առեւտրի նախագահ Ուիլբուր Ռոսը հենց Մեքսիկայից, Կանադայից եւ ԵՄ-ից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը արդարացնում է նրանով, որ չինական պողպատի եւ ալյումինի նշանակալի մասը ԱՄՆ է հասնում երրորդ երկրների միջոցովՙ զերծ մնալով հակադեմպինգային տուրքերից: Հատկանշական է, որ սկզբում Թրամփը պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի հաստատումը բացատրում էր նրանով, որ Չինաստանը համաշխարհային շուկան հեղեղում է էժան մետաղներով, սակայն կոնկրետ մաքսատուրքեր հաստատվեցին ոչ թե Պեկինի նկատմամբ, որի հետ ԱՄՆ-ը շարունակում է անդրկուլիսյան բանակցություններ վարել, այլ եվրոպական երկրների նկատմամբ: |