ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՀԿ-ն կորցրեց մեծամասնությունը Եղավ այն, ինչ սպասվում էր. ՀՀԿ-ն լքեցին մի շարք պատգամավորներ, այդ թվում` գործարար հայտնի անուններ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը, եւ ՀՀԿ-ն զրկվեց մեծամասնությունից: Երեկվա դրությամբ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, ՀՀԿ խմբակցության 58 պատգամավորից մնացել էին 52-ը: Սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնության համար անհրաժեշտ 53 մանդատները ոչ մի քաղաքական ուժ չունի: Սրա հետեւանքը կարող է այն լինել, որ ԱԺ ղեկավարութունը, ներառյալ հանձնաժողովների նախագահների տեղերի քվոտային բաշխումները, Սահմանադրության համապատասխան շուտով պետք է հանձնվեն իշխանությանը` ՀՀԿ-ն արդեն իսկ դարձել է քաղաքական փոքրամասնություն: Դրա համար կոալիցիոն համագործակցության մի թուղթ պիտի ստորագրվի ընդամենը: Չգիտենք` ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը, որոնք օգտվում էին իշխանություն լինելու բոլոր հարմարություններից, առանց այդ հարմարությունների կկարողանա՞ն սոսկ ընդդիմադիր պատգամավոր լինել: Սակայն երեկ, կառավարության ծրագրի քննարկմանը, նրանցից շատերը հագել էին պաթոսով խոսող ընդդիմադրի շապիկը, անգամ այնպես էին գերազանցել իրենց այդ շապիկի մեջ, որ ինչ- որ պահի, երբ նրանք ընդդիմադիր էյֆորիայի մեջ ընկան, թվաց շապիկը կպատռվի: Նրանք, հասկանալով հանդերձ, որ այս կառավարությունն անցումային է, եւ նրա գլխավոր խնդիրը մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, դրա համար օրենսդրական ու համակարգային փոփոխությունների նախապատրաստմամբ, զուգահեռ` օրիականության հաստատումն ու կոռուպցիայի այն աստիճանի վերացումը, որ դա այլեւս չխոչընդոտի բյուջեի հավաքագրմանն ու Հայաստանի քաղաքացու անարդար հետապնդմանը, այնուամենայնիվ, մի այնպիսի ուղղափառ քննադատություն էին կապել այդ ծրագրին, որ անցյալի ընդդիմադիրները կնախանձեին նրանց: Կառավարության նոր ծրագրից նրանք հերթով թվեր, առաջնահերթություններ, մանրամասնումներ եւ քաղաքական պատասխանտվության հասցեատեր էին պահանջում, մեջբերում անում փիլիսոփաներից, գեղանկարչության իմացություն ցուցադրում, խոսում սահմանամերձ գյուղերի կարիքներից ու ժողովրդի սոցիալական վիճակից, մեծահոգաբար հույս հայտնում, որ այս կառավարությունը չի ձախողվի: ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագիրը կենացների, երազանքների ու ցանկությունների ժողովածու էր անվանում, Հերմինե Նաղդալյանը ` պոպուլիստական, որով Հայաստանը հեռու չի գնա: Երկրիս ինստիտուցիոնալ ընդդիմությունը` ՀՀԿ-ն, Արմեն Աշոտյանի բնորոշմամբ` թշնամի չէ, մրցակից է փաշինյանական իշխանությանը, ու իրավունք էլ ունի անփորձ նախարարներին խելք սովորեցնել, որոնք թաքնվել են Փաշինյանի թիկունքում: Թիվ չկա, ուղղություն չկա, առաջնահերթություն չկա, ծրագիր չկա` չկա, չկա ու չկա, եղածը հեղափոխական ելույթ է ընդամենը, որով աշխատել ու արդյունք գրանցել չի լինի: Մի հարցնող լինի մեր խելացի ինստիտուցիոնալներին` հասկանո՞ւմ եք գոնե, որ այլեւս դուք պահանջարկված չեք, կուզեք երկնքից աստղեր իջեցրեք, դուք ձեր պահանջարկված լինելու հնարավորությունը կորցրել եք վերջին հեղափոխությամբ: Բացի այդ դուք հո լավ գիտեք` այս տարվա հաստատված ծրագիր ու բյուջե կա, վարչապետ Փաշինյանն էլ իր ելույթում ասաց, չէ՞` իրենք չեն ջնջում նախորդ կառավարության ծրագիրը, այլ այնտեղ ներմուծում են միայն հեղափոխական օրակարգը; Հո կես տարվա ծրագիր չէին բերելո՞ւ, որ կպել էիք, թե մանրակրկիտ թվեր ու սխեմաներ բերեք մեզ: Կլինեն արտահերթ ընտրություններ, կկազմվի նոր կառավարություն, նա էլ կբերի ե՛ւ թվային ծրագիր, ե՛ւ առաջնահերթություններ կմանրամասնի, ե՛ւ մնացած ամեն ինչը տեղը տեղին կլինի: Թե չէ` կրքերի կծիկը քանդել էիք այնպես, կարծես դա վերջին անգամ էիք անում, էլ հնարավորություն չեք ունենալու` էլ դողացող ձայնով շուտասելուկ, էլ հեգնանք, էլ սարկազմ, էլ տրիբյունություն: ՀՀԿ-ականներն, իրոք, առաջին անգամ նայվում էին, բայց միայն մի պահ` մինչեւ միմյանց վիրավորելուն հասելը: Ուրիշ բան, որ նրանց ընդդիմադիր էնտուզիազմը լսելու եւ տեսնելու մեծ ցանկություն ունեցողներ հազիվ թե գտնվեին մեր հանրության գերակշիռ հատվածի մեջ: Տողերիս հեղինակը տարիներով գրել է փոփոխությունների հրամայականի մասին, լավ, բա անեիք, բանը չգար- հասներ այս վիճակին: Կառավարության ծրագիրը, որ Ազգային ժողովում 62 կողմ 39 դեմ քվե ստացավ եւ հաստատվեց, փաշինյանական կառավարության հեղափոխական օրակարգի պատճենն ուներ վրան: Առաջնահերթությունը մեկ տարվա ընթացքում ընտրությունների կազմակերպումն է` փոխելով օրենսգիրքը, ընտրական կառուցվածքները, վերահսողության առավել թափանցիկ մեխանիզմների հաստատումը, որ ոչ ոք չկարողանա ազդել ընտրողի կամքի դրսեւորման վրա: Ըստ Փաշինյանի` անհապաղ ընտրությունների անցկացումը իր եւ իր աջակիցների շահերից է բխում, սակայն այդպիսով ընտրությունների բովանդակությունը չի փոխվի: Առանց համապատասխան փոփոխությունների, հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ , քաղաքական ուժերի ցայտնոտային վիճակում ընտրությունների գնալը հեռանկար չի կարող լինել գիտակցված ընտրության, հետեւաբար` պետության համար: Ծրագրի այլ առաջնահերթությունը վերեւից ներքեւ օրինականության հաստատումն է, արտոնյալների բացառումը, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կասեցումը, կոռուպցիոն մեխանիզմների իսպառ արմատախիլ անելը.«Ես ինքս ոչ մի կոռուպցիոն սխեմայի մեջ չեմ լինելու, նույնը պահանջում եմ բոլոր պաշտոնյաներից, նալոգ դնել, փայ մտնել չի լինելու, այդպիսի փորձ անող պաշտոնյաները իմ անձնական թշնամիներն են լինելու, բոլոր կոռուպցիոներներին գտնելու ու հանելու ենք բոլոր ծակերից», ասաց նա: Ներդրումային մթնոլորտի երաշխավորն ինքն ու իր կառավարությունն են, հարկային դաշտում աշխատող գործարար մարդկանց վարկը պետք է ամենաբարձրը լինի, հավասար պատգամավորի վարկին, բիզնեսն ու իշխանությունը պետք է տարանջատվեն: Արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, Հայաստանի քաղաքականությունը պետք է լինի պետական շահի համատեքստում: Նա կրկնեց ավելի վաղ ասած եւ որոշ շրջանակների կողմից քննադատության արժանացած տեսակետը` առանց Արցախի մասնակցության լիարժեք բանակցություններ չեն կարող լինել, որն ամրագրված է հենց Բուդապեշտի համաձայնագրով եւ նորություն չէ. միգուցե որպես Արցախից եկած ու Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած մարդիկ` նախկին երկու նախագահները բարոյական իրավունք են ունեցել Արցախի անունից բանակցելու, Փաշինյանն այդ իրավունքն իրեն չի վերապահում: Եթե մեր ռազմատենչ հարեւանը պատերազմի է պատրաստվում`Հայաստանը պատրաստ է հակահարվածի, իսկ եթե կառուցողական վերաբերմունք դրսեւորի` Հայաստանն էլ այդպիսի վերաբերմունք ցույց կտա, ըստ վարչապետի: Մարտի մեկի սպանությունները պետք է բացահայտվեն, այդ ժամանակի տխուր փորձառությունը միգուցե ներկա իշխանությանը զերծ պահեց նույն փորձը վերջին հեղափոխության ժամանակ կիրառելուց: Վհուկների որս չի լինելու, քանի որ այդ դեպքում կզրոյացվեն հեղափոխության արդյունքները, եւ լարվածության օջախներ կստեղծվեն Հայաստանում, ինչը հակասում է հեղափոխականների հայտարարած սիրո եւ համերաշխության մթնոլորտին: Ուղղակի բոլորը պետք է իմանան` այսու գործելու են օրենքի դաշտում, դատավորները նույնպես չեն հրահանգավորվելու, նրանք, որոնք կարող են եւ ունակ են ինքնուրույն վճիռներ կայացնել` կաշխատեն, մյուսները թող հրաժարական տան: Փաշինյանը հատուկ ընդգծեց` Հայաստանում երկիշխանություն չկա դեռ հունիսի 8-ից, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է երկրի ղեկին, իսկ ովքեր այդպիսի` ռեւանշի հույս են փայփայում, նրանք պիտի իմանան` «մեզ ոչ ոք եւ ոչ մի ուժ չի կանգնեցնի»: Թոշակների բարձրացման, կյանքի բարելավման ցուցիչը կոռուպցիան վերացնելը, գործարարներին հարկային դաշտ բերելն ու ստվերը կրճատելն է: Փաշինյանը վստահ է` կախարդական փայտիկ կա, գործում է եւ արդեն կոնկրետ ադյունքներ է գրանցում, այդ փայտիկը հնարավորի հետ նաեւ անհնարն է անելու: Կառավարության ծրագրի պատասխնատուն թավշյա հեղափոխություն անող ուժն է, որը հեղափոխության օրակարգն է բերել ծրագիր, իսկ «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՅԴ-ի ծրագրերը ապագայում քննարկվելու են: Այս հարցը, ի դեպ, անընդհատ շուռումուռ տրվեց` ով է կառավարության ծրագրի պատասխանատուն: Երբ շատ քննադատվեց կառավարության ծրագիրը` կոնկրետություն չպարունակելու համար, կառավարության աջակից ուժերի պատասխաններից ու մի շարք լեզվակռիվներից հետո դրանց պատասխանեց ինքը` վարչապետը: Նա նշեց մի շարք զրոներ` կոռուպցիայի, արտոնյալների առկայության, մենաշնորհների ոլորտներում, միթե այդ զրոն թիվ չէ՞, նկատեց նա: Վարչապետը հաստատեց` այո, իր ծրագիրը երազանքների ծրագիր է, քանի որ «պրն Շարմազանով, ձեր կառավարությունը թվերի տակ տրորել էր Հայաստանի քաղաքացու երազանքները»: Նա նշեց, որ քվեարկելով` ոչ ոք իրենց լավություն չի անում (ՀՀԿ-ականները քննադատում էին, բայց նշում, որ չեն խանգարի ծրագրի հաստատմանը), նոր կառավարությունն ունի ժողովրդի քվեն: Իսկ թե ինչ է փոխվելու մանր ու խոշոր եղջերավոր անասունների կյանքում, որ սարկազմով հարցնում էին ՀՀԿ-ական պատգամավորները, նույն սարկազմը Փաշինյանը վերադարձրեց. «Մանր ու խոշոր եղջերավոր անասունները իրավունք են ստացել հավասար արտահանվելու` առանց վարչապետի եղբոր դաբրոյի», ասաց նա: Հետաքրքական կլինի տալ այն ՀՀԿ-ականների անունները, որոնք կողմ են քվեարկել կառավարության ծրագրին` Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Միհրան Պողոսյան, Հակոբ Բեգլարյան, Արայիկ Գրիգորյան, Աշոտ Արսենյան, Նահապետ Գեւորգյան, Արկադի Համբարձումյան, Հակոբ Հակոբյան, Տաճատ Վարդապետյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով: Լրագրողներին ավելի ուշ վարչապետը բացահայտեց, թե նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26, իսկ հիմա նրանք ազատված են կոռուպցիոն գործարքներից: Հ.Գ.- Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս ասել էր, թե Հայաստանում իշխանության թեւերը պետք է հավասարաչափ բաշխված լիազորություններ ունենան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, մի փոքր այլ կերպ է դիտարկել խնդիրը: Ըստ նրա` սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. «Իշխանությունը հավասար բաշխելը նշանակում է անիշխանություն, որովհետեւ Գերմանիայում, որտեղ խորհրդարանական համակարգ է, ամենեւին էլ իշխանությունը հավասար բաշխված չէ: Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն»: |