RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-14 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018



ԲԵԼԳԻԱՀԱՅ ՆԱՄԱԿԱՆԻ

Տեղադրվել է` 2018-07-20 00:03:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5527, Տպվել է` 518, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՎԻԲՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՇՈԿԻՑ , ԻՍԿ ԲԵԼԳԻԱՀԱՅԵՐԸՙ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Նախորդ շաբաթ բելգիական հասարակությունը դարձյալ ենթարկվեց արդեն սովորույթ դարձած խրոնիկական տատանումների: Այս անգամ Եվրոպայի ահաբեկչական ֆանատներն ավելի ձեռնպահի դիրքերում էին եւ մեծահոգաբար էստաֆետը զիջել էին ֆուտբոլային ֆանատներին. Բելգիական մթնոլորտը համեմված էր մարզական տրամադրությամբ: Հատկապես Բելգիա-Ֆրանսիա խաղի մեկնարկային շաբաթը լեցուն էր այնքան բուռն հուզականությամբ ու ոգեւորությամբ, ուր, չնայած, երկու ազգերի միասնական հոգեբանությանն ու լեզվական ընդհանրությանը, այնուամենայնիվ գերադասելին ազգային հպարտության սկզբունքն էր: Բելգիայում բավականին կշռելի տոկոս են կազմում բելգո-ֆրանսիական ընտանիքները, եւ հատկապես այս հանգամանքն էլ ավելի հետաքրքրքկան ու վառ տրամադրություն էր փոխանցում նույնիսկ ոչ ֆուտբոլասերներին: Բելգիան կարծես վերածվել էր մի անասելի ֆուտբոլային հրապարակի, ուր մթնոլորտը շնչում էր ֆուտբոլ եւ արտաշնչում հաղթանակ: Սակայն Ֆուտբոլի աշխարհի գավաթին տիրելու բաղձանքով արբած բելգիացիներն այնքան մոտ թվացող հաղթանակի եզրագծին սայթաքեցինՙ ՙվերջնախաղը զիջելով հարեւան Ֆրանսիային: Պարտությունն արժանապատիվ ընդունող բելգիացիները, հյուսված ֆրանսիական հոգեբանությամբ եւ լեզվական միասնությամբ, առաջինը ողջունեցին խաղում հակառակորդի հաղթանակը: Տարածքային մասշտաբով Հայաստանի կրկնօրինակ փոքրիկ Բելգիան աշխարհին մատուցեց գեղեցիկ խաղային հաճելի պահեր ՙպատվով զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Ֆուտբոլային շոկից դեռ չսթափված բելգիացիների հաջորդ փորձությունը քաղաքական շոկն էր: Բրյուսելում մեկնարկվեց ՆԱՏՕ- ի գագաթաժողովը, ինչը նշանակում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական այցելություն Բրյուսել: Եվրոպայի մայրաքաղաքը դարձյալ հայտնվեց երկաթյա փշալարերի կենտրոնում: Փակվեցին քաղաքի կենտրոնական ճանապարհներն ու թունելները, խցանվեցին մինչեւ օդանավակայան ձգվող մայրուղիները: Բելգիայի երկնակամարը խճողվեց անօդաչու թռչող-նկարահանող սարքերով ,ինչն ասես սեւ բզեզների արշավ հիշեցնող հարձակում լիներ: Եվս մեկ անգամ հասարակ քաղաքացիները դարձան աշխարհի մեծերի ընդունելության լռակյաց տուժողը: Աշխատանքի շտապող մարդիկ ժամերով պետք է հանդուրժեին խցանումներն ու հարմարվեին այդ օրվա իրենց աշխատանքից ուշացման համար սպասվելիք նկատողությանը:

Բրյուսելն աշխարհի հյուրընկալ մայրաքաղաքներից է, այստեղ են տեղակայված միջազգային կարեւոր շատ ատյաններ: Այստեղ աշխատանքային այցով հաճախ են լինում աշխարհի մեծերը, սակայն, անվերապահորեն , միայն ԱՄՆ-նախագահների ժամանման ընթացքում, քաղաքը հիմնովի վիբրացիայի է ենթարկվում: Բայց ի զարմանս բոլորի, բնակիչները եվրոպացուն բնորոշ համբերությամբ ու խոնարհ ժպիտով, կարծես թե պատրաստ են դարձյալ կրելու փորձության հաջորդ էստաֆետը:

Նույն օրերին բելգիահայ համայնքին էլ սպասվում էր անսպասելին: «Ժողովրդի ծոցից» դուրս եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն այնպիսի խառնաշփոթ էր առաջացրել համայնքում, որ բոլորի խոսակցության թիվ մեկ բաղձանքը Նիկոլին տեսնելն էր: Բրյուսելի հայկական եկեղեցի վարչապետի ժամանելու լուրն այնպիսի կայծակնային ուժգնությամբ տարածվեց, որ ցնծության ալիքը Բրյուսել բերեց ոչ միայն Բելգիայի հեռավոր քաղաքներում ապրող մեր հայրենակիցներին, այլ նաեւ Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի ու Ֆրանսիայի հայերից շատերին: Նախատեսված հանդիպումից դեռ ժամեր առաջ եկեղեցին բազմամարդ էր: Վերջին քսան տարիներին, գուցէ եւ նախկինում էլ եկեղեցի այցելած ոչ մի նախագահի կամ պետական գործչի չէր հաջողվել վայելել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների այդչափ տոնական տրամադրությունն ու սիրառատ ժպիտները: Եկեղեցին սովորաբար մարդաշատ է լինում ապրիլի 24- ին, Զատիկի արարողությանը, կամ պսակադրության օրերին, բայց այն ինչ կատարվեց այդ օրըՙ գերազանցեց բոլոր ակնկալությունները; Նիկոլ Փաշինյանին տեսնելու էին եկել հաշմանդամության սայլակին գամված ձեռնափայտով մի կերպ տեղաշարժվող հիվանդներ անգամ, մանկահասակ երեխաներ, տատիկ-պապիկներ, տարիքային տարբեր խմբերի: Մարդիկ ցնծության մեջ էին, ժպիտներով, բարձր տրամադրությամբ: Սրտաբուխ ծիծաղներով լիքն էր եկեղեցին, դրսի հարակից տարածքը:

«Նիկոլ, ջիգարդ ուտեմ», գոռում էր գյումրեցի Աբոն, «ծնկներս թուլանում են, սիրտս խփումա ուրախությունից, որ պատկերացնում եմ Նիկոլին եմ տեսնելու», ասում էր մի ուրիշ կին: Իսկ երբ վարչապետի մեքենան կանգնեց, վայրկյաններ շուտ Նիկոլին տեսնելու մոլուցքով տարված բազմությունն ուղղակի ղժում էր: Մարդիկ իրար հրմշտելով ճիգեր էին գործադրում հասնել եւ գոնե մատի մեկ հպումով դիպչել Նիկոլին, կամ գոնե նրա բաճկոնին: Նիկոլի հետ անմահանալու բերկրանքով լցվածՙ շատեր հրմշտոցով փորձում էին հայտնվել նրա կողքինՙ մեկ «սելֆի» հաջողացնելու հույսով: Անհավատալի էր , բայցեւ իրական: Նիկոլի սիրով պարուրված յուրաքանչյուրի զգացմունքները մեկը մյուսին գերազանցում էր եւ յուրովի էին արտահայտվում: Ոմանք ճիչերով ու «Նիկոլ, Նիկոլ» կամ «Նիկոոոոլ, մեռնեմ կյանքիդ» վանկարկումներով , ոմանք Նիկոլից ստորագրություններ խնդրելով, ավելի համարձակներն ու անհամբեր -ինքնամոռացներըՙ Նիկոլի վրա թռնելով, նրան համբուրելով, իսկ մի քիչ համեստներըՙ պարզապես Նիկոլին հպվելով, նկարվելով, օրհնելով, իսկ ամենաաներեւակայելին այն էր, որ կային ավտոմեքենաներ, որ կրում էին «ԴՈՒԽՈՎ» պետհամարանիշ: Ասենք, որ Բելգիայում չափից շատ հայեր իրենց պետհամարանիշը նախընտրում են լինի հատուկ պատվերով, օրինակ «ԱՐՄԵՆԻԱ» կամ «ԵՐԵՎԱՆ» կամ էլ պարզապես իրենց անունով , իսկ Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, Բելգիայում ի հայտ են եկել նաեւ «ԴՈԻԽՈՎ» համարներ: Նման պետհամարանիշներն, իհարկե, թանկ են, երեքից-հինգ հազար եվրո: Դե, ինչպես ասում ենՙ հայրենասիրությունը զոհողություն է պահանջում:

Եկեղեցում հայկական ավանդույթի համաձայն վարչապետին դիմավորեցին աղուհացով եւ ջրով: «Հացըՙ կյանքը կիսելու խորհրդանիշն է, աղըՙ կյանքի համը, իսկ ջուրըՙ կյանքի աղբյուրը եւ մարդկության խորհրդանիշը», մեր հետ զրույցում ասաց Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Զատիկ վարդապետ Ավետիքյանը, հավելելով, որ բոլոր պաշտոնական հյուրերին եկեղեցին դիմավորում էՙ հայկական ավանդույթներին հավատարիմ:

Ժողովրդի ջերմությամբ, արեւային առատությամբ լեցուն հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանը հայրենադարձության կոչեր արեց, մասնավորապես շեշտելով, որ «Հեղափոխությունից առաջ շատերը դե յուրե Հայաստանի քաղաքացիներ էին, բայց իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, քանի որ Հայաստան ասելիս զգացողությունն ասոցացվում էր Հայաստանի կառավարության հետ, ինչը ցածրացնում էր ՀՀ անձնագրի եւ քաղաքացիության արժեքը: Հեղափոխությունից հետո հիմնական ձեռքբերումն այն է, որ յուրաքանչյուրն անկախ քաղաքացիությունից իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ եւ հաղթանակած քաղաքացի»: Վարչապետն իրեն հատուկ տոկունությամբ աշխարհի բոլոր անկյունների հայերին կոչեց ՀՀ հպարտ քաղաքացիներ եւ հեղափոխության իմաստը համարեց համայն հայությանն իրենցից խլված եւ խլվող հայրենիքը հետ վերադարձնելը: «Այժմ այն վերադարձվել է եւ ՀՀ բարձրագույն իշխանությունը ժողովուրդն է»: Վարչապետը հստակ արրտաբերեց, որ «քաղաքական եւ ընթացիկ իրավիճակի ամենակարեւոր նրբությունն այն է, որ մեր հայրենիքը ժողովրդինն է եւ այսուհետ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով պետք է տեր լինի եւ տեր կանգնի հայրենիքին: Բազմաթիվ հայեր իրենց համարում են քաղաքական գործընթացի ականատեսն ու վկան, բայց հայության շրջանում չկա ականատես եւ վկա, քանի որ բոլորն էլ հեղափոխության լիարժեք մասնակիցն են եղել եւ իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակում: Ժողովուրդն է հաղթանակի համահեղինակը , քանի որ առանց ժողովրդի ահռելի աջակցությանՙ հաղթելն անհնար էր»: Նիկոլ Փաշինյանը պարզ ազդակներով շեշտեց, որ հաղթանակի հիմքը միասնականությունն է եւ այն պետք է պահել հանուն հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախին շարունակական հաղթանակներ բերելու վճռականության: Եվ կոչ արեց լինել միասնական, ապրել Հայաստանում, կրել հայրենիքի հետագա հաղթանակների, բարեկեցության եւ երջանկացման բեռը: Նա բոլորին խորհուրդ տվեց ամեն օր ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, «թեկուզ վերադարձը լինի մեկ ամսից, մեկ տարուց, կամ հինգից տասնհինգ տարուց, բայց կարեւորը տանը երեխաները պետք է լսեն ու հասկանան , որ ծնողների նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելն ու հայրենիքը հզորացնելն ու ծաղկեցնելն է»:

Եկեղեցում բազմությունը մեծ ակնածանքով էր հետեւում վարչապետի ամեն մի խոսքին, շնչին: Միայն հրճվանքի ելեւէջներ էին լսվում: Իսկ հանդիպման ավարտին եկեղեցուց դուրս գալուց, ժողովուրդը Նիկոլին ձեռքերի վրա էր տանում վանկարկելով. «Ազգի հերոս, հալալա քեզի»:

Վարչապետի հեռանալուց հետո հավաքվածներից շատերն ուրախության փայլատակող աչքերով ասում էին. «Գալներս իզուր չէր, Նիկոլին թեկուզ հեռվից, բայց գոնե մի քանի վայրկյանով կարողացանք տեսնել»:

Բելգիահայ համայնքի պատմության մեջ նման նախադեպ անկասկած չի եղել: Այսքան շատ եւ սրտաբուխ վարչապետ սիրողներ Հայաստանը երբեւէ չի ունեցել: Բայց ինչպես ասում ենՙ սերը միայն խոսքերով չի լինում, այն նաեւ գործով է պետք ապացուցել: Սիրո համար արժե աշխարհի ծայրն էլ գնալ , բայց այս դեպքում, իհարկե, ոչ թե աշխարհի ծայրը, այլ սեփական հայրենիք վերադառնալն է: Թե հայության քանի տոկոսն իրավ կապացուցի վարչապետի հանդեպ իր անկեղծ սերն ու կվերադառնա հայրենիք, թողնենք ժամանակին: Մնում է նաեւ հուսալ, որ ժամերով արեւի տակ վարչապետին սպասողներից, «ԴՈՒԽՈՎ» համարներով երթեւեկողներց, վարչապետի «ջանին մեռնողներից» ու «ջիգյարը ուտողներից», «ցավը տանողներից»... ուշաթափվողներից, նրա հետ նկարվելու, թեկուզ մատով բաճկոնին դիպչելու բաղձանքով լեցուն մեր հայրենակիցներից քանիսը կապացուցի իր հայրենասիրությունն ու ռեալ քայլեր կանի հարգելու վարչապետի կոչը եւ Հայաստան վերադառնալու գործնական օրինակով կապացուցի իր սերը:

Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ- ի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրել, ի պատասխան «ԱԶԳ»-ի հարցմանն ասաց վարչապետին ուղեկցող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը : Նա նաեւ հավելեց, որ սա վարչապետի առաջին պաշտոնական այցն էր Բրյուսել եւ այն ավելի շատ կրում էր ճանաչողական բնույթ:

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաեւ համայնքի գործարարների հետ, որի շրջանակներում խոսվել է Հայաստանում նոր ներդրումների, նոր աշխատատեղերի բացման հնարավոր տարբերակների շուրջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 20-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ