ԲԱՆԱՆԻ ՍԵՐՄԵՐՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Բանանն ամբողջ աշխարհում պահանջված ու «հարգված» միրգ է, դրա ծառերը աշխարհի որեւէ անկյունում էկզոտիկ հաճույք ստանալու տրամադրություն են ստեղծում: Սակայն աշխարհի շատ երկրներում, օրինակ Հայաստանում, բանան չի աճում, որքան էլ տնկես: Ինչպես, օրինակ Կանադայում ծիրանենի չի աճի, կամ Էստոնիայում: Այսինքն, եթե նույնիսկ վարչապետ Փաշինյանը հանձնարարի գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի Հայաստանում լայն թափով զարգացնեն բանանագործությունը, որպեսզի մենք ուտենք միայն մեր բանանը, իսկ մնացածն էլ արտահանենք ԵԱՏՄ շուկաներ, մի-նույն է, չի ստացվի: Հետեւաբար ես չգիտեմ, թե ինչի՞ վրա է հույս դրել Արսինե Խանջյանը , երբ խոսում է «Նոր Հայաստանում» ԼԳԲՏ համայնքի իրավունքների ընդլայնման մասին: Ընդ որում, տիկինը ոչ միայն խոսում է, այլեւ կոչ է անում նոր կառավարությանը, որպեսզի ընդունվեն այնպիսի օրենքներ, որ սեռական փոքրամասնությունների իրավունքները մեր երկրում լիարժեք պաշտպանվեն. «Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն, որ մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի», ասել է տիկին Խանջյանը: Կառավարությունից պաշտոնապես չեն արձագանքել տիկնոջ կոչին, ինչից կարելի է ենթադրել, որ առնվազն մտածում են, թե ինչպես արտահայտվեն, որպեսզի համ ժողովրդականությունը չկորցնեն, համ էլ իրենց հետ մի քանի մետր քայլած Արսինե Խանջյանին չհիասթափեցնեն. բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ եթե անգամ ՀՀ կառավարությունը որոշի ԼԳԲՏ-ին վերաբերող օրենքները փոխել ու մարդկանց այս հարցի հետ կապված դաստիարակել, ապա մի-նույն է...Հայաստանում բանանի արմավենի չի աճի: Հիմա, ո՞րն է տգիտությունը. օրինակ Արարատում բանանի ծառեր տնկե՞լը, թե՞ նույն Արարատում աճող ծիրանին տեր կանգնելը: Արսինե Խանջյանն, օրինակ, կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում ու պախարակելովՙ տառապանք են պատճառում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, տգետ են ու անդաստիարակ: Չէ, այլ հարց է, որ ոչ թե կամ ոչ միայն ԼԳԲՏ համայնքի անդամին, այլեւ ցանկացած մարդու պախարակելըՙ տառապանք պատճառելով, տգիտություն ու անդաստիարակություն է, բայց ես իրավունք չունե՞մ ինչ-որ բան կամ մեկին ընդունելու կամ չընդունելու, ընդ որումՙ ավելի շատ բան, քան մեկին, քան որ ԼԳԲՏ-ն, որքան էլ համայնք էՙ հոծ թվով, բայց ավելի շատ եր-ույթ է, քան մարդիկ: Եթե իրավունք չունեմ չընդունելու նրանց, ապա որտեղի՞ց իրավունք ունի Արսինե Խանջյանը ինձ չընդունելու, իսկ որեւէ մեկին տգետ անվանելը նշանակում է չընդունել նրան: Եւ հակառակը, եթե Արսինե Խանջյանը պախարակում է ինձՙ տգետ անվանելով, ինչը տառապանք է պատճառում, ապա ինչո՞ւ ես չեմ կարող պախարակել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչինՙ տառապանք պատճառելով նրան: Ի դեպ, տառապանքի մասին: Տղերք, ավելի ճիշտՙ աղջիկներ, ավելի ճիշտՙ տղերք ու աղջիկներ, մի խոսքովՙ չգիտեմ տղե՞րք, թե աղջիկներ, դուք իսկապե՞ս տառապում եք Հայաստանում, թե՞ պարզապես ուզում եք, որ շատերը ձեզ նման լավ ապրեն: Եթե իսկապես տառապում եք, ապա ասեմ, որ Հայաստանում շատերս ենք տառապում, նկատի ունեմՙ ե՛ւ «հնում», ե՛ւ «նորում», անկախ նրանից տղա ենք ու աղջիկ ենք սիրո՞ւմ, թե՞ տղա ենք ու տղա ենք սիրում: Իսկ եթե ուզում եք, որ բոլորս ձեզ պես լավ ապրենք, ապա այդպես էլ ասեք, թե չէ մարդիկ մտածում են, որ դուք իրականում տառապում եք ու տգետ կոչերով դիմում կառավարությանը: Ամեն դեպքում, եթե տղամարդը հայտարարում է, որ ինքը տղամարդ է սիրում, դա չի նշանակում, որ ինքը տառապում էՙ պախարակվելու վտանգից, դա նշանակում է, որ նա այնքան ազատ է, որ այդ մասին բարձրաձայնում է: Ուրեմն խնդիրը ոչ թե տառապանքն է, այլ բազմացումը: Իսկ մարդիկ բազմանալու մի ձեւ ունեն, մնացածը բանանագործություն է: |